Վերջերս Հայաստանում է գտնվում եւ նույնիսկ հեռուստաէկրաններին է երեւում ոմն Լեո Նիկոլյան։
Մինչդեռ «Առավոտին» հավաստի, սակայն չճշտված աղբյուրները հայտնեցին, որ վերոնշյալ անձնավորությունը Հայաստանում հետախուզման մեջ է գտնվում։ Համենայնդեպս, այդպես եղել է 1994 թվականին, երբ Լ. Նիկոլյանը Ֆրանսիայում դիմել է հայաստանցի պետական պաշտոնյաներից մեկին՝ որպես լրագրող Հայաստանի որոշ իրադարձություններ լուսաբանելու համար։ Հենց տեղում նա Հայաստանից իր մեկնելու մանրամասներն է պատմել։ Ըստ նրա պատմածների, այստեղ նա ինքնապաշտպանության նպատակով նռնակ է պայթեցրել, հետո շտապ կարգով լքել է Հայաստանը (ընդ որում՝ Ազնավուրի ուղարկած հումանիտար ինքնաթիռի բեռնամասով)։ «Շտապելուց» այստեղ է թողել իր անձնագիրը։ Նոր անձնագիր նա Ֆրանսիայում է ձեռք բերել։ Լ. Նիկոլյանն ակտիվ կերպով ձեռք է բերել ղարաբաղյան իրադարձությունների տեսանյութեր։ Հայաստան վերադառնալուց հետո այդ պետական պաշտոնյան իր գերատեսչության ղեկավարի միջոցով փորձել է պարզել Լ. Նիկոլյանին հավատարմագրելու նպատակահարմարությունը։ Ըստ մեր տվյալների, ազգային անվտանգության եւ արտաքին գործերի նախարարություններից հայտնել են, որ Նիկոլյանը Հայաստանում հետախուզման մեջ է գտնվում՝ երկու կնոջ նռնակով սպանելու համար։
Չճշտված տվյալներով, պրն Նիկոլյանը Հայաստանում հայտնվել սկսել է 1996 թվականից հետո եւ, որպես կանոն, նրա այցելությունները համընկել են որոշ կարեւոր իրադարձությունների հետ՝ ընտրություններ, քաղաքական սպանություններ։
Հիշեցնենք, որ վերջերս Լ. Նիկոլյանը «օպերատիվ կերպով» իր ցավակցություններն էր հայտնում Ազգային օպերայի միջանցքներից։ Նա իր անունը չի փոխել, առանձնապես փոփոխությունների չի ենթարկվել նաեւ նրա արտաքինը։ Իսկ կարգավիճակի փոփոխությունների մասին ոչ մի տեղեկություն չունենք։
Կարդացեք նաև
Սեփ. լր.