Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՇՈՒ ՄԵՋ ԸՆԿԱԾ ԾԱՂԻԿԸ

Նոյեմբեր 10,1999 00:00
Ruben gevorgyan

Հոկտեմբերի 27-ի դեպքերը մի երկու պատգամավորի համար ինքնագովազդի եւ սեփական հերոսությունը ճռճռան արտահայտություններով ներկայացնելու առիթ են դարձել։

Շատ հեշտ կարող էինք քողազերծել այս ամենը, եթե մեր ունեցած ձայնագրությունների եւ ականատեսների պատմածի հիման վրա հրապարակեինք, թե այդ նույն պատգամավորներն իրենց ինչպես էին պահել այդ օրը դահլիճում։ Առաջին ժամվա ընթացքում, Նաիրի Հունանյանի հրահանգին հնազանդ՝ գլուխներն անգամ չէին համարձակվել բարձրացնել, իսկ ավելի ուշ՝ մարդասպաններին բոլորովին ոչ հերոսաբար հարցրել էին. «Որ քնեմ, հո վրաս չե՞ք կրակի»։

Սակայն առավել չենք որոշակիացնի, քանի որ ծայրահեղ իրավիճակում, երբ գործում է զուտ ինքնապահպանման բնազդը, մարդկանց դրսեւորած վարքագիծը երբեք նրանց նվաստացնելու առիթ չենք դարձնի։ Բայց ի՞նչ անուն տաս նրան, որ այդ պատգամավորներն այժմ չեն բավարարվում միայն սեփական սին ու փուչ հերոսության նկարագրությամբ, այլեւ ուրիշներին են փորձում նվաստացնել ու մեղադրել։

Այսպես, երեկ ԱԺ հայտարարությունների ժամի մշտական մասնակից Ծաղիկ Ռուբոն լրատվամիջոցներին արդեն մեղադրեց ոչ միայն արտագաղթի, այլեւ հոկտեմբերի 27-ի իրադարձությունների համար։ «Կատարվածի մեջ իր բաժին մեղքն ունի զանգվածային լրատվությունը,- Ծաղիկի պարզաբանումներից հետեւում էր, թե մամուլի մեղքը, մասնավորապես, իր համառ հորդորների առջեւ տեղի չտալն ու «չհոգեփոխվելն» է։- Խոսքս ուղղված է որոշ լրատվական կիլլերներին՝ սթափվեք եւ ձեր գրիչը շարժեք ի նպաստ ժողովրդի վերադաստիարակման»։

Կարելի էր, իհարկե, սկսել ժողովրդի մի հյուլեի՝ Ծաղիկ Ռուբոյի վերադաստիարակումից եւ նրան մասնավորապես հուշել, թե պետք չէ ասել «նախագայող» ու նրա այլ սխալներն էլ ուղղել։ Բայց անկեղծ ասած, շատ ենք ափսոսում սույն պարոնին լրագրային այսքան մակերես տրամադրելու համար էլ։

Կարող ենք նախապես ասվածին միայն հավելել Ծաղիկ Ռուբոյի կողմից «առաջին իսկ հարմար պահին դուրս ճողոպրելու» մեջ հանիրավի մեղադրված առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանի պատասխանը, որը շատ ճշգրիտ է փոխանցում այս հայտարարությունից հետո գործընկերներիս արձագանքը նաեւ. «Ես կարծում էի, որ բարոյական անկումը (հետո հավելել էր նաեւ ստորությունը եւ զազրախոսությունը- Ա. Ի.) սահման պիտի ունենա։ Պարզվում է՝ չունի։ Երբեք մտքովս չէր անցնի, որ նման զազրախոսություն կարող է հնչել, ու բնավ մտադրություն չունեմ վայրահաչոցներից պաշտպանվելու համար արդարանալ»։

Դառնանք իսկական երկրապահներին, որոնք միայն տեսախցիկի առջեւ հայտնվելու համար չէին ռազմաճակատ գնում։ Հոկտեմբերի 27-ին կատարվածի վերաբերյալ հայտարարություն արեց նաեւ Երկրապահ կամավորականների միության վարչության անդամ Մյասնիկ Մալխասյանը, որն առավել ամբողջական ենք մեջբերում. «Զազրելի այս ոճրագործությունը, որն ուղղված էր մեր պետականության եւ ողջ ժողովրդի դեմ, հնարավոր եղավ միայն երկրի պետական անվտանգությունն ապահովելու կոչված կառույցների հանցավոր անգործության հետեւանքով։ Մինչդեռ, այդ ընթացքում փորձ արվեց մեղադրել այն կառույցներին, որոնք ստեղծված իրավիճակում կարողացան ճիշտ գործել։ Ես ուզում եմ հարցնել՝ ե՞րբ է երկրում մտցվում արտակարգ իրավիճակ. երբ որ արդեն սպանված է երկրի վարչապետը, գլխատված է ԱԺ-ն, սպանված են պատգամավորներ եւ նախարարներ։ Այս իրավիճակում պետք էր եւ անհրաժեշտ էր մտցնել արտակարգ դրություն, որ խուսափեին հետագա ծանր հետեւանքներից։ Եվ փորձ արվեց մեղադրել այն կառույցներին, որոնք իրենց ուժերով փորձեցին կայունացնել եւ ապահովել հետագա անվտանգությունը։ (…)։ Մենք դատապարտում ենք նաեւ այն քաղաքական ուժերի դիրքորոշումը, որոնք տեղեկատվության տարբեր միջոցներով այս օրերին փորձ են անում մեղմել կատարված հանցագործությունը՝ դրանով իսկ մեղսակից դառնալով ոճրագործներին»։ Մյասնիկ Մալխասյանը չմանրամասնեց, թե խոսքը հատկապես որ քաղաքական ուժերի մասին է։

Վերջում տեղեկացնենք, որ երեկ խորհրդարան էր այցելել վարչապետ Արամ Սարգսյանը եւ հանդիպեց ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին։ Սակայն վերջինիս թիկնապահները լրագրողներին թույլ չտվեցին գտնվել անգամ այն հարկում, որտեղ անցնում էր հանդիպումը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930