Կառավարության նոր կաբինետի ձեւավորման շուրջ լուրջ հակասություններ կան, մասնավորապես, ուժայինների նշանակումների հետ կապված։ Ըստ որոշ աղբյուրների՝ այս հարցերում ՀՀ նախագահն ու զինվորականները միակարծիք չեն։ Նույն աղբյուրի համաձայն, իր նախընտրած ուժայիններին եւ դատախազին չնշանակելու դեպքում նախագահ Ռոբերտ Քոչարյանը սպառնում է հրաժարականով։ Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանից։
Վերջինիս պատասխանը ներկայացնում ենք առանց մեկնաբանության. «Տեղյակ չեմ»։
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ
Կարդացեք նաև
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Լոքյանն «Առավոտին» փոխանցեց զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի երեկ հայտնած տեղեկությունը, որ ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը դեռ այս տարվա մարտ-ապրիլից կապ է ունեցել Նաիրի Հունանյանի հետ եւ համաձայնության են եկել Վազգեն Սարգսյանին վերացնելու վերաբերյալ։
Կարդացեք էջ 2։
ԻՄԱՆԱԼ՝ ՉԱՍԵԼ, ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀՆԱՐՔ
Ոչ պաշտոնական աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ Նաիրի Հունանյանը ցանկություն է հայտնել հանդիպել անձամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս ինֆորմացիան առաջին հերթին փորձեցինք պարզել նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանից։ Վերջինս, համբերատար լսելով մեր հարցը, շատ կարճ պատասխանեց. «Ես տեղյակ չեմ»։
Հարցն ուղղեցինք նաեւ Նաիրի Հունանյանի փաստաբան Արտաշես Պահլավունուն։ Վերջինիս ասելով «դրա մասին խոսք չի եղել, ես չեմ կարող ասել։ Այդ ինֆորմացիան չի կարելի հրապարակել»։
Հավանաբար, պետական գաղտնիք է, թե ինչո՞ւ է քաղաքական ահաբեկիչն այդպիսի զարմանալի ցանկություն հայտնել։
ՇԻՐԽԱՆՅԱՆԸ՝ ԿՌՎԱԽՆՁՈՐ
Ըստ որոշ տեղեկությունների, կառավարության կազմի վերաբերյալ նախագահի եւ վարչապետի միջեւ անհամաձայնությունների առանցքում հիմնական խնդիրն այնքան էլ ուժային նախարարությունները չեն։ Հիմնական պրոբլեմը մասնավորապես վերաբերում է արտադրական ենթակառուցվածքների նախարար Վահան Շիրխանյանին, որին, հակառակ վարչապետի կամքի, նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի ցանկանում տեսնել նշանակվելիք կառավարության կազմում։