Շաբաթ օրը լուրեր տարածվեցին, որ ձերբակալվել է «Իրավունք եւ միաբանություն» խորհրդարանական խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը։ Վերջինս երեկ մեր զրույցի ընթացքում կտրուկ հերքեց, թե այդ օրը նման որեւէ բան է եղել. «Ինձ ոչ ոք չի անհանգստացրել, նման փորձ չի եղել, անգամ առիթ չկա այդպես մտածելու համար։ Թե որտեղի՞ց են այդ լուրերը՝ չեմ կարող ասել»։ Մեր հարցին, թե գուցե այդ օրն իրեն զինվորական դատախազությո՞ւն են կանչել եւ սա է պատճառ դարձել նման շշուկների տարածման համար, պրն Բաբուխանյանը պատասխանեց, թե այդ օրն ինքը չի էլ հարցաքննվել. «Ինձ հարցաքննության են կանչել անմիջապես հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը՝ ժամը 6-8-ը դատախազությունում ցուցմունքներ եմ տվել»։
Թերեւս այս լուրերի ակունքներից մեկն էլ այս է. չնայած ձերբակալված Մուշեղ Մովսիսյանին «Առավոտը» թյուրիմացաբար նշել էր որպես «Միասնություն» խմբակցության անդամ, բայց իրականում նա անկախ պատգամավոր է եւ առավել հարում է «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությանը։ «Երբեմն նաեւ մեր սենյակ էր մտնում՝ զրուցելու։ Մեկ-երկու անգամ իրար հետ սուրճ ենք խմել,- առնչություններն այսքանով սահմանափակեց պրն Բաբուխանյանը։- Չեմ կարող ասել, թե ավելի մոտ էր մեր խմբակցությանը, քան որեւէ մեկին, քանի որ չգիտեմ այլ խմբակցությունների հետ նրա փոխհարաբերությունների մասին»։ Անցած շաբաթավերջին եւս մի լուր տարածվեց, որը նախաքննության գաղտնիության պայմաններում անհնար է ճշտել, թե Նաիրի Հունանյանի խմբի ավտոմատներից մեկը նախկինում պատկանել է ԼՂՀ Շահումյանի շրջանի՝ Մեղրյան եղբայրների ջոկատին։ Չնայած ավելի վաղ տարածված լուրերի համաձայն, այդ զենքերը հայթայթել էր խմբի անդամ Դերենիկ Բեջանյանը՝ կիրովաբադցի փախստականը, որն, ինչպես հաղորդվել է, երկրապահ է։
Ի դեպ, որոշ տեղեկություններ կան այն մասին, թե այդ զենքերը նախապես են արդեն ԱԺ-ում թաքցված եղել:
Ա. Ի.