Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԿԱՅԱՑԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Նոյեմբեր 09,1999 00:00

«Նրանք կարծես ինչ-որ մարդկանց էին սպասում»

ԱԺ նիստերի դահլիճում Նաիրի Հունանյանի թողած կոչերի, որոշումների եւ օրինագծերի թղթածրարի իսկությունը շատերի մոտ կասկածի տեղիք է տալիս։ Այդ փաթեթի վերաբերյալ «Առավոտի» հրապարակումից հետո բազմաթիվ նման մեկնաբանություններ լսեցինք, թե այդ փաստաթղթերի նպատակը կեղծ հետքերով տանելն է։

Մենք էլ փորձեցինք այդ օրը դահլիճում գտնվածներից մի քանիսի հետ զրույցների միջոցով պարզել, թե արդյոք Նաիրի Հունանյանի գործողությունները համահունչ են եղել պետական հեղաշրջում իրագործելու նախնական ծրագրի մասին վկայող այս թղթածրարի բովանդակությանը։ Զրուցակիցներ էինք ընտրում միայն նրանց, ովքեր հոկտեմբերի 27-ի ողջ գիշերն էին լուսացրել ԱԺ նիստերի դահլիճում։

Աֆղանական պատերազմի վետերանների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանն այդպիսիներից մեկն էր, որ նախ առաջիններից էր փորձել բանակցել մարդասպանների հետ եւ երկու անգամ դահլիճից դուրս գալուց՝ Քոթանյանի ու Դեմիրճյանի դիակները դուրս հանելուց հետո էլ վերադարձել էր։ Եվ այսպես, մեր հարցին, թե արդյոք Նաիրի Հունանյանն այդ ընթացքում փորձե՞լ էր ԱԺ նիստ կազմակերպել, քննարկել ժամանակավոր կառավարություն կազմավորելու, արտակարգ դրություն հայտարարելու եւ իր այլ օրինագծերը՝ Արմեն Մխիթարյանը պատասխանեց. «Ես օրինագծերը չեմ տեսել, բայց մի քանի անգամ շեշտվել է՝ «Ոչ ոք չբացակայի, ԱԺ արտահերթ նիստ է լինելու»։ Բայց թե օրակարգում ինչ հարցեր են լինելու՝ տեղյակ չեմ»։

ԱԺ հանձնաժողովներից մեկի նախագահը նույնպես հաստատեց, որ Նաիրի Հունանյանը խոսել է արտահերթ նիստ գումարելու մասին, սակայն նրա ոգեւորությունը սառեցրել են այն բացատրությամբ, թե նիստն իրավազոր չի լինի, քանի որ… քվորում չկա։

Պետական եկամուտների նախարար Սմբատ Այվազյանը հաստատեց արտահերթ նիստում Նաիրի Հունանյանի «օրինագծերը» քննարկելու առաջարկները. «Ասում էր, թե պիտի նիստ գումարեն, որին պիտի մասնակցի հանրապետության նախագահը։ Նիստում պիտի ընտրվի ԱԺ նոր նախագահ, չգիտեմ ինչ մեխանիզմներով պիտի կոալիցիոն կառավարություն նշանակվի եւ ինքը պատրաստ է վարչապետության այդ ծանր լուծն իր վրա վերցնել»։ Սակայն Սմբատ Այվազյանը վերապահում արեց։ «Ըստ իս, այս ամենը ձեւական բնույթ ուներ։ Կարծես սցենարի մեջ նախօրոք նախատեսված էին այդ քայլերը, բայց միայն ասվելու համար։ Բնականաբար, այդ պայմաններում բացառվում էր որեւէ նիստ անցկացնելը։ Եվ նրանք էլ էին հասկանում, որ դա անհնար է։ Ուղղակի ձեւի համար ասում էին»։

Եվ Արմեն Մխիթարյանը, եւ Սմբատ Այվազյանը վկայեցին, թե Նաիրի Հունանյանը նիստ հրավիրելու փորձեր արել էր սպանությունից շուրջ մեկ ժամ անց եւ դրանք շատ արագ դադարեցրել ու մասնավորապես ԱԱ փոխնախարար Գրիգոր Գրիգորյանի հետ բանակցություններ սկսելուց հետո այլեւս այդ մասին բառ անգամ չէր ասել։

Ի դեպ, ժամանակավոր կառավարություն ձեւավորելու առաջարկների մասին Արմեն Մխիթարյանն ավելի ուշ էր տեղեկացել՝ Նաիրի Հունանյանի հետ ավելի շատ շփվող այլ պատգամավորներից։ Մինչդեռ մինչեւ լույս նիստերի դահլիճում մնացած նախարարներից մեկը, որը հրաժարվեց հարցազրույցից, այնուամենայնիվ վկայեց, թե Նաիրի Հունանյանն ասում էր. «Հո այս հինգս չենք կառավարելու՝ ձեր մեջ էլ կան կարգին մարդիկ, որոնք կներգրավվեն կառավարության կազմում»։

Սմբատ Այվազյանն անմիջապես Նաիրի Հունանյանի հետ էր խոսել ժամանակավոր կառավարություն կազմելու հարցի մասին. «Նրան ասացի, որ դա միայն իր ցանկությունն է՝ որեւէ հիմք չկա դրա համար, եւ թող իր ավելի ռեալ ծրագրերը ներկայացնի՝ եթե ունի այդպիսիք»։

Մեր զրույցները չսահմանափակվեցին միայն այդ մանրամասներով։ Արմեն Մխիթարյանը նաեւ իր դիտարկումը փոխանցեց, թե շուրջ 1,5 ժամ անց Նաիրի Հունանյանի խմբի անդամների տրամադրություններում կտրուկ փոփոխություն էր եղել՝ «Երբ նրանց ինչ-որ ուժեր օգնության չեկան՝ սկսեցին կարծես վախենալ, փոխվել։ Կարծես ինչ-որ բան կոտրվեց նրանց մեջ։ Էլ չէին փորձում հերոս ներկայանալ, ավելի մեղմ ու փափուկ էին խոսում»։ Այսինքն, իր տպավորությամբ նրանք այս ժամուկեսի ընթացքում ինչ-որ մեկի՞ էին սպասում. «Այո։ Չգիտեմ, թե ում էին սպասում, բայց որ ինչ-որ մարդկանց սպասում էին՝ երեւում էր նաեւ նրանց հեռախոսային խոսակցություններից»։

Նույն տպավորությունն էր ստացել նաեւ Սմբատ Այվազյանը. «Նրանք ինչ-որ բանի էին սպասում, իմ կարծիքով»։

Որպես ապացույց, թե ժամուկես անց Նաիրի Հունանյանի խմբակիցները սկսել էին վախենալ, Արմեն Մխիթարյանը պատմեց. «Նրանցից մեկը՝ բժիշկը, մոտեցավ ինձ, Էդիկ Մադաթյանին, այլ պատգամավորների եւ նախարարների էլ՝ առանձին-առանձին։ Այնպես, որ իր գործընկերները չիմանան, ասում էր. «Ես մարդ չեմ խփել։ Խնդրում եմ, ինձ դատի ժամանակ պաշտպանեք»։ Խոսքը Էդվարդ Գրիգորյանի մասին է, որը նաեւ Հրանտ Ոսկանյանին էր մոտեցել (նա ամենատարեց պատգամավոր Պերճ Բոշնաղյանի հետ դահլիճից դուրս գալով վերադարձել ու մինչեւ լույս մնացել էր)։ Էդվարդ Գրիգորյանն ասել էր, թե կուզենար հանձնվել, բայց վախենում է, որ իրեն միանգամից կսպանեն։ Եվ երբ Հրանտ Ոսկանյանը նրան հանգստացրել էր եւ այն փաստարկը նշել, թե իշխանությունն ուզում է պարզել հանցագործության պատվիրատուներին՝ Էդվարդ Գրիգորյանը սկսել էր նրան կրքոտ վստահեցնել, որ իրենք ինքնուրույն են գործում։

Ի դեպ, Արմեն Մխիթարյանը եւս մի հետաքրքրական մանրամասն պատմեց. «Դերենիկն իրենց տնեցիներին էր զանգել եւ վստահ ասում էր, թե ամենաուշը ժամը 1-ին տանը կլինի»։

Երբ նրան հարցրինք, թե ինչպես ստացվեց, որ այս ԱԺ-ում «կռված տղաների» զգալի քանակի առկայության պայմաններում որեւէ մեկն այդպես էլ չփորձեց չեզոքացնել մարդասպաններին, Արմեն Մխիթարյանը պատմեց, թե կռվածներից որեւէ մեկը այդ օրը խորհրդարան զենքով չէր եկել։ «Եվ հետո, հինգ ավտոմատավորի դեմ անհնար էր ինչ-որ բան ձեռնարկել՝ չէ որ սպանությունները մի քանի ակնթարթում կատարվեցին»։

Այնուամենայնիվ, ավելի ուշ ծրագրել էին. «Մենք ներսում մի օպերացիա էինք մշակել Սմբատ Այվազյանի եւ Շահեն Կարամանուկյանի հետ, որ այդ տղաներին վերցնենք։ Ժամը 1-ից հետո պատգամավորներն արդեն նրանց կողքին կանգնում էին եւ հնարավոր էր բռնել նրանց ձեռքերը։ Բայց նախ Գրիգոր Գրիգորյանը դա թույլ չտվեց։ Հետո ես ՆԳ 6-րդ վարչության պետի հետ բջջային հեռախոսով կապվեցի, ասացի, որ այդ տարբերակը հնարավոր է, նշեցի, թե ով որտեղ է կանգնած։ Նա ինձ պատասխանեց, թե նախագահը թույլ չի տալիս»։

Ի դեպ, Արմեն Մխիթարյանը հենց դրա համար էլ վերադարձել էր դահլիճ, քանի որ այս գործողությունն իրականացնելու պայմանավորվածություն կար։

Սմբատ Այվազյանը մշակված գործողությունը չիրականացնելու համար այլ դրդապատճառ էլ նշեց. «Պարզապես նրանք, ում մոտ զենք կար, այն չտրամադրեցին մեզ»։ Մեզ հաջողվեց պարզել, թե չեն հաջողել համոզել Գագիկ Կոստանդյանին, որ իր ատրճանակը տա։ Բայց այս լուրը վերջինիս հետ չկարողացանք ճշտել՝ չցանկացավ խոսել։

«Շատ են ասում, թե Դեմիրճյանը չի ցանկացել թիկնապահներ ունենալ։ Կարող է՝ վաղն էլ նախագա՞հը չցանկանա։ Կապ չունի՛, սա ազգային անվտանգության խնդիրն է՝ եթե բացահայտ չի արվում, պիտի անտես հետեւեին նրանց՝ ողջ աշխարհում է այդպես»,- պարզվեց, որ միայն Արմեն Մխիթարյանը չէ այսպես մտածում։

«Ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի» կարգախոսով հեռարձակված «Օրակարգի» վերջին թողարկումը վրդովվեցրել էր պատգամավորներին, եւ նրանցից մեկն անգամ շատ կոշտ որակումներ տվեց հնչած մեկնաբանություններին։

Իսկ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հանձնաժողովի նախագահը լրագրողներին պաշտոնապես հայտնեց խմբակցությունների ընդհանրական տեսակետը, թե «առնվազն անբարոյական» են համարում անվտանգություն չապահովելը Կարեն Դեմիրճյանի ցանկությամբ պայմանավորելը. «Հանկարծակի մեղավոր են դառնում այն մարդիկ, որոնք զոհվեցին ուրիշների անփութության պատճառով»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930