Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՈՐԻՑ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԱՎԵԼԻ ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ»

Նոյեմբեր 09,1999 00:00

Հանրահավաքի փոխարեն՝ հանդիսավոր նիստ

Ի տարբերություն նախորդ 10 տարիների, ՀԿԿ Վանաձորի քաղկոմն այս անգամ Հոկտեմբերյան հեղափոխության հերթական (82-րդ) տարեդարձը նշեց հանդիսավոր նիստի տեսքով, որ տեղի ունեցավ թիվ 6 դպրոցի դահլիճում։ Մինչ հանդիսությունն սկսելը մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին ԱԺ-ում զոհված պատգամավորների հիշատակը։ Այդ դեպքերի առնչությամբ քաղկոմի առաջին քարտուղար Արամ Խաչատրյանը նշեց, թե «դա հայ ժողովրդի թշնամիների ձեռքի գործն է», եւ զերծ մնաց այլ մեկնաբանություններից։ Բուն զեկուցմանն անցնելով, նա խնդրեց ներողամտորեն վերաբերվել այն փաստին, որ «ավանդաբար» (ընդգծումը մերն է) չի կարող խոսել սոցիալիստական նվաճումների մասին (բնականաբար, վերջին 10 տարիներին եթե անգամ որեւէ նվաճում եղել է, ապա, համենայնդեպս, ոչ սոցիալիստական)։

Զեկուցումը Հոկտեմբերյան հեղափոխության մասին հիշողությունները թարմ պահելու միտում ուներ։ Համոզված չենք կարող ասել, թե մասնակիցներն ուշադիր լսում էին, համենայնդեպս, դատելով նրանց հանգիստ ու անխռով պահվածքից, կարելի էր ենթադրել, թե հոկտեմբերյան դրոշի ներքո (բեմը զարդարող) նրանք իրենց ապահով էին զգում։ Զեկուցողին երբեմն խանգարում էին միայն դպրոցի միջանցքում անհարկի վազվզող երեխաներն՝ իրենց բարձրաձայն գոռում- գոչյուններով (այնպես, ինչպես վազվզում ու աղմկում էին նաեւ մինչերկրաշարժյան, կոմունիստական տարիներին)։ Զեկուցողը նշեց, որ «կուսակցության դերի բարձրացումը օրինաչափ պրոցես է», որից եզրակացրինք, որ կուսակցության դերը բարձրացել է։ «Ո՞րն է մեր կուսակցության դերը այսպիսի կորուստների պայմաններում»,- զեկուցողին Հոկտեմբերյան հեղավոխության հիշողություններից ետ քաշեց մի հնագույն կոմունիստ։

Ա. Խաչատրյանը նրան խորհուրդ տվեց ընթերցել «Հայաստանի կոմունիստը», եւ շեշտեց, որ «ընկեր Բադալյանը չափազանց լուրջ աշխատանք է տարել՝ պաշտպանության նախարարի հետ խորհրդակցելով, որպեսզի արյունահեղություն չլինի»։ «Էդ 5 ահաբեկիչներն ի՞նչ պետություն էին ուզում ստեղծել՝ նորից սոցիալիստակա՞ն, թե՞ ավելի բուրժուական»,- հարցրեց մեկ ուրիշը, եւ զեկուցողը խուսանավելով պատասխանեց, թե նրանք (ահաբեկիչները) պարզապես ցանկանում էին «գլխատել պետությունը եւ վտանգի տակ էին դնում պետականության հարցը»։ (Հարցը եզրափակելու նպատակով նա նշեց, թե քննությունը կպարզի)։

Եղան նաեւ այլ հարցեր՝ ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Ղարաբաղի հիմնահարցին առնչվող։ Մի տարեց կոմունիստ խիստ վրդովված էր այն հանգամանքից, թե ինչո՞ւ ԼՂՀ նախագահն Ալիեւի հետ բանակցություններին չմասնակցեց։ Չնայած հանդիսավոր նիստի մասին հայտարարություն էր արվել Վանաձորի ռադիոհեռուստալրատվամիջոցներով, սակայն ԶԼՄ-ների ներկայացուցիչներ չկային, բացի «Առավոտից»։ 100-ից ավելի մասնակիցների թվում էին 7 կանայք։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930