ԱԺ պատգամավորները չկամությամբ էին բացահայտում, թե իրենց որ գործընկերներն էին հոկտեմբերի 27-ին, ժամը 18-ի սահմաններում հոժարակամ հանձնել զենքերը։ «Առավոտը» հաջողեց միայն պարզել, որ իր ատրճանակը հանձնել էր արդեն վիրավոր Էդմունդ Ծատուրյանը, հաստատապես նաեւ Գեւորգ Դավթյանը եւ, ըստ չճշտված վկայությունների՝ նաեւ Էդվարդ Մադաթյանը (Խուճուճ Էդոն)։ Գագիկ Կոստանդյանը, ճիշտ է, չէր հանձնել ատրճանակը, բայց ոչ ինքն էր գործադրել, ոչ էլ այն տրամադրել էր նրանց, ովքեր ուզում էին այն ուղղել մարդասպանների դեմ։
Կարդացեք էջ 3։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ԿՃՇՏԻ ԴԱՏԱԽԱ՞ԶԸ
Կարդացեք նաև
ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն «Առավոտի» հարցին ի պատասխան, թե արդյոք խորհրդարանի ղեկավարությանը դատախազությունը տեղեկացրե՞լ է, թե հատկապես ինչի մեջ է կասկածվում Մուշեղ Մովսիսյանը, միայն ասաց. «Նրան ձերբակալել են հոկտեմբերի 27-ի իրադարձությունների հետ կապված հանգամանքները բացահայտելու նպատակով»։
Մինչդեռ ԱԺ այլ պատգամավորներ լավատեղյակ էին, որ Նաիրի Հունանյանի խումբը Մուշեղ Սովսիսյանի տանն էր միասին նախապատրաստել այդ գործողությունը, որն, ի դեպ, ծրագրել էին ավելի վաղ ժամկետի՝ հոկտեմբերի 13-ի համար։
ՆԱԻՐԻՆ ՕԺԱՆԴԱԿԵԼ Է ՆԱԻՐԻԻՆ
«Լոգոս» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Նաիրի Բադալյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել հանցակցությանն օժանդակելու վերաբերյալ։ Զինվորական դատախազությունը չի որոշակիացրել, թե ինչպես է արտահայտվել այս օժանդակությունը։ Ի դեպ, այս հոդվածով սահմանված պատժաչափը նույնն է, ինչ Նաիրի Հունանյանի խմբին առաջադրված մեղադրանքների դեպքում՝ 10-15 տարի ազատազրկում կամ մահապատիժ՝ գույքի բռնագրավմամբ։ Նաիրի Բադալյանի փաստաբանն է Ալեքսանդր Մանուկյանը։
ՎՈԼՉԻՉՆ ԵԿԱՎ
Այս գիշեր Փարիզի չվերթով Երեւան է ժամանել Եվրոպայի խորհրդում Հայաստանի հարցով զեկուցող, Իտալիայի եւ Եվրախորհրդարանի պատգամավոր Դ. Վոլչիչը։ Նրան ուղեկցելու է ԵԽ ԽՎ քաղաքական հանձնաժողովի մասնագետ Պիտեր Սիչը։ Վոլչիչը հանդիպելու է խորհրդարանական խմբակցությունների եւ հանրապետության ղեկավարության հետ։