Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ՄԱՐՄԱՋԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Նոյեմբեր 06,1999 00:00
Paruyr Hayrikyan

Եթե երեկ ներկա չլինեինք ԱԻՄ-ի հոգեւոր առաջնորդ Պարույր Հայրիկյանի ասուլիսին, մեր ընթերցողները կզրկվեին մի շատ կարեւոր ինֆորմացիայից. «Եթե ԱԻՄ-ը 91-ին հաջողության չհասներ, ապա մենք թերեւս այսօր Հայաստանում կունենայինք ինչ-որ խունտայի իշխանություն։ Ես մեծ գոհունակությամբ հիմա ընդգծում եմ, որ 91-ին ԱԻՄ-ը կարողացավ կանխել 1999-ին հնարավոր քաղաքական ճգնաժամը»։

Պրն Հայրիկյանը չզլացավ մանրամասն պատմել, թե ինչպես է դա իրենց հաջողվել՝ հանրահավաքներ, բազմահազարանոց ցույցեր, պառլամենտականների վրա բարոյական ճնշումներ, առանձնազրույցներ էքս-նախագահ Տեր-Պետրոսյանի հետ։ Այն, որ Հայրիկյանը նորանշանակ վարչապետին չի ճանաչում, ըստ Հայրիկյանի՝ հօգուտ վարչապետի չի խոսում (թեեւ հանգիստ կարելի է հակառակն էլ պնդել). «Եթե ես ճանաչեի վարչապետին, իմ գործը հեշտ կլիներ։ Երբ խոսում ենք հասարակության կայացման մասին, ապա հասարակական պաշտոնները պետք է զբաղեցնեն միայն քաղաքական գործիչները։ Եվ հանկարծ պարզվում է, որ երկրի կառավարման բարձրագույն մասնագիտությամբ պիտի մասնագե՛տը չզբաղվի»։

Խոսքերին հավաստիություն եւ կշիռ տալու նպատակով Հայրիկյանն օրինակ բերեց ԱԻՄ-ից, թե ինչպես կուսակցության նախագահի թեկնածուները բարձր մասնագիտական որակներ ունեն։ Նրանք՝ մինչ այդ բարձր ու վսեմ կոչմանը հավակնելը՝ եղել են ԱԻՄ դիվանի խոսնակ, փոխխոսնակ եւ նման բարձր ինտելեկտ պահանջող այլ պաշտոններ են զբաղեցրել։ Հայրիկյանի եւս մեկ ուշագրավ դիտարկում. «Եթե նա (Արամ Սարգսյանը) իսկապես փորձառու մարդ է եղել, ինչո՞ւ նրան քաղաքական բարձր գործընթացների մեջ չեն հրավիրել, գոնե կառավարական համակարգում պետք է նախարար կամ փոխնախարար եղած լիներ»։ Սույնով կասկածի տակ է դրվում նաեւ Հայրիկյանի փորձառու մարդ լինելը եւ այդ հավակնությամբ պարբերաբար ասուլիսներ հրավիրելը, քանի որ նրան այդպես էլ կառավարական համակարգում նախարարի կամ փոխնախարարի պորտֆել երբեւէ չի առաջարկվել։

Հայտնի իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործի ՀՀ զինվորական դատախազության վարույթում գտնվելը Հայրիկյանը համարում է զինվորական դատախազության կանոնադրության պահանջներին հակասող։ Ինչ վերաբերում է ուժայինների հայտարարությանը, ապա «Լինի բանակ, ազգային անվտանգություն կամ ոստիկանություն, նրանք իրավունք չունեին հանդես գալ որպես քաղաքական մարմին»։ Սա ասվեց իր գլխավորած՝ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական փոփոխություններ իրականացնող հանձնաժողովի դիպուկությունն ու ժամանակից առաջ ընկնելու կարողությունը ներկայացնելուց հետո։ Այն է՝ եթե լսեին իրեն եւ Սահմանադրությամբ հնարավորություն ստեղծվեր անվստահություն հայտնել առանձին նախարարի, ՊՆ-ն նման հայտարարություն չէր անի։ Մի խոսքով, պրն Հայրիկյանն ակնհայտորեն հավակնում էր արժանանալ «Քանի Պարույրը կա՝ հայի բախտը միշտ պիտի բերի» «ռաբիսական» արտահայտությանը։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930