Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉ ԷՐ ԾՐԱԳՐՈՒՄ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ

Նոյեմբեր 06,1999 00:00
nairi hunanyan

 Սենսացիոն բացահայտումներ

«Առավոտն» արդեն հաղորդել է, որ Նաիրի Հունանյանն ԱԺ նիստերի դահլիճում թղթերի մի փաթեթ է թողել, որոնց մեջ է եղել նաեւ ցուցակ, թե էլ ում է մտադիր ոչնչացնել։

28 հոգանոց այդ ցուցակում միայն այս կամ այն նախկին կամ ներկա պաշտոնյայի, մեծահարուստների անունները չեն։ Շատերի դիմաց ձեւակերպումներն այսպիսին են՝ այսինչ այնինչյանն «իր ցեղով» (անուններ չենք տալիս լրացուցիչ հույզեր չառաջացնելու համար)։ Նշենք, որ այս ցուցակը որոշները հասցրել էին անգամ պատճենել, իսկ Նաիրի Հունանյանի թողած մյուս թղթերին ծանոթացել էին։ Եվ հարցումների միջոցով մեզ հաջողվեց մոտավորապես պարզել, թե ըստ այդ թղթերի՝ ինչ քայլեր էր նախապես ծրագրել նա ԱԺ նիստերի դահլիճում Վազգեն Սարգսյանին սպանելուց հետո։

Եվ այսպես, նախ այդ թղթերի մեջ է եղել հայ ժողովրդին ուղղված մի կոչի տեքստ, որի նախաբանը հետագայում ՀԱՀ-ի եթերով հեռարձակված նրանց հայտարարության ոգով էր՝ սոցիալական անհավասարության նկարագրություն։ Կոչի էությունն այս էր, թե հաստատենք ժողովրդի եւ օրենքի իշխանություն՝ բոլորդ ոտքի, շտապեք ԱԺ եւ այլն։ Նման ինչ-որ բան Նաիրի Հունանյանը դահլիճում նախագահողների խոսափողով ազդարարեց էլ։ Բայց չէր հաշվարկել, որ այդ պահին հանրապետական ռադիոցանցով հեռարձակումն արդեն իսկ դադարեցվել էր։ Ռադիոհեռարձակումը վերականգնելու նրանց պահանջից հետո («Ուղիղ եթերը միացրինք»,- իմ ձայնագրության մեջ պահպանվել է նրանցից մեկի այս զեկույցը) ԱԺ-ի միայն ներքին հաղորդացանցով էին լսվում ԱԺ-ն գրոհելու այս կոչերը, եւ ժողովուրդը, բնականաբար, չհետեւեց դրանց։

Թղթերի մեծամասնությունը ԱԺ-ի որոշումների եւ օրենքների նախագծեր էին։ Զրուցակիցներս պատմում էին, որ դրանք ձեռագիր հազիվ 1-2 էջ էին կազմում՝ լավագույն դեպքում։ Իսկ ընդհանրապես հազիվ մի կես էջ էին մեծամասնությունը։

Բայց նախ ամենակարեւորը՝ թղթերի մեջ է եղել ԱԺ-ի մի որոշում, որով նախատեսվել է անվստահություն հայտնել կառավարությանը, ստեղծել ժամանակավոր կառավարություն եւ, դրա ղեկավար նշանակել… Նաիրի Հունանյանի՛ն, որը պիտի նաեւ նախագահական լիազորություններ ունենար, իսկ նրա ղեկավարած ժամանակավոր կառավարության որոշումներն՝ օրենքի ուժ։

Դահլիճում մնացած պատգամավորները պատմում էին, որ նա իրոք իրենց առաջարկում էր ժամանակավոր կառավարություն ձեւավորել, բայց իրեն՝ որպես դրա նախագահ, այնքան էլ չէր պարտադրում։ Այնպես, իմիջիայլոց՝ «Եթե վարչապետի դժվարություն ունեք, կարող եմ նաեւ ես դառնալ»։

Նախապես մշակել էր նաեւ կառավարության կազմը, որի մեջ այնպիսի հին անվանումներ են եղել, ինչպիսիք են լուսավորության կամ թեթեւ ու սննդի նախարարությունները, ու նաեւ որոշ նորագոյացություններ, ինչպիսիք են կենցաղսպասարկման նախարարությունը կամ մարզական բարձրագույն խորհուրդը։ Կից ինչ-որ անունների թվարկում է եղել, որոնք զրուցակիցներս չկարողացան կամ գուցե չցանկացան մտաբերել։ Իրենց տպավորությունն էր, թե Նաիրի Հունանյանը գրել էր իր ողջ շրջապատի, ուսանողական ընկերների եւ լրագրողների անունները՝ ում հիշել էր։ ԱԺ-ի վերոհիշյալ եւ ներքոթվարկյալ որոշումների տակ դեռ նշված է եղել Կարեն Դեմիրճյանի անունը։

Այսպես, նա նաեւ պիտի որոշում ստորագրեր 3 ամսով հատուկ դրություն հայտարարելու եւ իշխանության բոլոր մակարդակների ընտրությունները մեկ տարով հետաձգելու մասին։ Եվ կամ, ԱԺ-ի մի որոշում էլ անդրադարձ է եղել նախագահական ընտրություններին, որտեղ նշված է եղել, թե դրանց ընթացքում Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ճնշումներ են գործադրել, միջամտել ու նաեւ ազդել արդյունքների վրա։ Ըստ այդմ էլ պիտի որոշում կայացնեին (ճակատագրի ինչ հեգնանք, որ նախատեսել էին, թե դրա տակ պիտի ստորագրի պրն Դեմիրճյանը), թե Ռոբերտ Քոչարյանը որեւէ հիմք չունի նախագահի պաշտոնը զբաղեցնելու եւ նրան պիտի անվստահություն հայտնեն։

Բացի այդ, հանձնարարական կար Ռոբերտ Քոչարյանին դատական պատասխանատվության ենթարկելու կատարած հանցագործությունների համար եւ ժողովրդին էլ կոչ էին արել՝ ձեռնպահ մնալ Քոչարյանին ինքնադատաստանի ենթարկելուց։

Իսկ հետեւյալ ձեռագիր օրենքների տակ արդեն ժամանակավոր կառավարության ղեկավարի, նույն ինքը՝ Նաիրի Հունանյանի ստորագրությունը պիտի լիներ։ Մտադիր էր ստեղծել անմիջապես իրեն ենթարկվող ազգային գվարդիա, որի զինվորները պիտի անբիծ կենսագրություն ունենային եւ պատրաստ լինեին մեռնել հանուն ազգային վսեմ գաղափարների կենսագործման։ Մտադիր էր տեղում օրենսդրորեն կարգավորել լեզվական քաղաքականությունը եւ ըստ այդմ՝ այլ լեզուներով համեմված խոսքի, փողոցային եւ տարատեսակ խոսելաձեւի համար խոշոր տուգանքներ պիտի սահմանեին։

Թղթերի մեջ է եղել նաեւ մի օրենք հասարակական կազմակերպությունների մասին՝ մտադիր էր ժամանակավորապես կասեցնել դրանք։ Հասարակական կազմակերպությունները նաեւ պիտի 48 ժամվա ընթացքում ժամանակավոր կառավարությանը ներկայացնեին զեկուցագրեր անցած տարիներին իրենց ֆինանսական եւ այլ գործունեության մասին։ Կրոնական կազմակերպությունների հարցը հստակ էր՝ արգելել աղանդները։ Օտարերկրյա կազմակերպությունների հետ ավելի մեղմ էր մտադիր վարվել՝ ժամանակավորապես դադարեցնել մինչեւ վերագրանցումը ու մինչեւ նրանք իրենց ծրագրերն ու նպատակները կներկայացնեին կառավարությանը (զմայլելի տեսարան է, ասենք, ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավարը զեկուցում է Նաիրի Հունանյանին)։

Լուծված էր նաեւ արտագաղթը դադարեցնելու խնդիրը։ Օրենքով պիտի 1 տարով արգելվեր այլ երկրներ մշտական բնակության մեկնելը։ Այսինքն՝ դրա համար պիտի հատուկ անցագիր ունենայիր, այլապես քեզ ցմահ բանտարկություն կսպառնար (հիշեցնենք, որ այն մեր օրենքներում նախատեսված չէ՝ երեւի այս առումով էլ պիտի փոփոխություններ լինեին)՝ ունեցվածքի բռնագրավումով։

Արգելվելու էին դրամական փոխանցումները, շրջանառությունը՝ միա՛յն դրամով։ Արգելվելու էր ներմուծումն ու արտահանումն առանց կառավարության թույլտվության։ Արգելվում էին վիճակախաղերը։

Նաիրի Հունանյանը մտադիր էր կարգավորել նաեւ լրատվամիջոցների գործունեությունը… դադարեցնելով բոլորի լույսընծայումը կամ հեռարձակումը՝ բացի պետական ԶԼՄ-ներից։ Մյուսները պիտի իր հաստատած նոր կարգով արտոնագրվեին վերստին գործելու համար։ Դե, իսկ օտարերկրյա հեռուստառադիոկայանների աշխատանքը Հայաստանում պիտի իսպառ կասեցվեր։ Թմրամոլությունը կամ մարմնավաճառությունը ծանրագույն հանցանք պիտի համարվեին ու պատժվեին ցմահ բանտարկությամբ եւ ողջ ունեցվածքի բռնագրավմամբ։ Քաղաքացիություն պիտի շնորհվեր բոլոր հայերին՝ ով ցանկություն հայտներ։ ՍԴ-ն պիտի լուծարվեր, իսկ դրա անդամները պիտի պատասխանատվության կանչվեին։

Նաիրի Հունանյանը մտադիր էր իր ձեռքը վերցնել նաեւ բնության եւ կենդանական աշխարհի պահպանությունը՝ արգելել որսը, անտառահատումները, թռչունների ձվերի հավաքումը։ Եվ, որ առավել սրտառուչ է, առանց կառավարության հատուկ թույլտվության պիտի արգելվեր գետերից օգտվելը, ասենք՝ գետում լվացք անելը։ Սա էլ դեռ բոլորը չէ՝ օրենքների նախագծեր են եղել արժեթղթերի, գնագոյացման, զբոսաշրջության քաղաքականության մասին, որոնց վերաբերյալ որեւէ մանրամասն չհաջողվեց պարզել։

Եվ որպես այս ամենի թագ ու պսակ՝ Նաիրի Հունանյանը մտադիր էր օրենսդրորեն ամրագրել ըստ անհրաժեշտության արտակարգ հանձնաժողովներ, այսինքն՝ ՉԵԿԱ-ներ ձեւավորել։

Այս ամենը կարող է հիվանդ զառանցանք կամ լրագրողական հորինվածք թվալ, բայց սրանք բոլորն այժմ իրեղեն ապացույցներ են, որոնց մանրամասն կարելի կլինի ծանոթանալ, եւ դրանցից առավել ճշգրիտ մեջբերումներ անել, երբ քրեական գործի նյութերն այլեւս գաղտնիք չեն լինի։

Առայժմ կարելի է նախնական եզրակացություն անել, որ Նաիրի Հունանյանն իրոք պետական հեղաշրջում էր նախապատրաստել (չփորձենք կռահել՝ իր մտահղացումն էր, թե հատուկ որեւէ ծառայության կամ ինչ-որ ուժերի ծրագիրը)։

Անպատասխան հարցականներ են մնում, թե, ասենք, ինչու նրանք ձեռք բարձրացրին նաեւ Կարեն Դեմիրճյանի վրա, եթե նրա ստորագրությունն էլ էր հարկավոր։ Այս առումով որոշակի բացատրություն է ԱԺ-ի հետ կառավարության հարցուպատասխանը նկարահանող օպերատորներից մեկի վկայությունը (այդ մասին միջնորդավորված գիտեմ՝ ԱԺ-ի աշխատակիցներից մեկից), որ նախ ԱԺ-ի նախագահի ոտքերին էին կրակել։ Հետո նոր՝ ըստ «Արի» պարզածի, երբ պրն Դեմիրճյանը փորձել էր բարձրանալ՝ կրակել էին դեմքին։

Փոքրիշատե կռահելի է նաեւ, թե ինչու ժամանակավոր կառավարություն ձեւավորելու հորդորներից հետո՝ Նաիրի Հունանյանը չփորձեց պատանդ մնացած խորհրդարանականներին պարտադրել ընդունել իր այս «օրինագծերը»։ Կարծում եմ, որ նրա համար խիստ անսպասելի պիտի լիներ այն հայտնագործությունը, թե որեւէ մեկն իրեն չի աջակցելու՝ ոչ ժողովուրդը, ոչ առանձին կուսակցությունները, ոչ էլ խորհրդարանը։ Պիտի որ սա անսպասելի ու զարմանալի լիներ՝ չէ որ այս ամենն, ինչ նա նախապատրաստել կամ հայտարարում էր՝ սրճարանների, երթուղայինների, այգիների եւ քաղաքական շրջանակների ամենօրյա խոսք ու զրույցի թեմաներն են։ Բայց դժվար թե որեւէ մեկն այս բոլոր խնդիրների լուծում էր համարել Կալաշնիկովի ավտոմատը։ Սակայն գուցե չհաջողված պետական հեղաշրջման բացատրությունն այսքա՞ն էլ մակերեսի վրա չէ։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930