Իրավագետ Վլադիմիր Նազարյանի հետ մեր երեկվա հարցազրույցից բավականին հետաքրքիր մտքեր էին դուրս մնացել։ Պրն Նազարյանը շռնդալից եւ հյութեղ է խոսում, եւ թերթի մեկ համարը չի բավականացնի նրա բոլոր ասածները տեղավորելու համար։ Այսօր զրույցից դուրս մնացած հետաքրքիր մասերը կներկայացնենք ձեր ուշադրությանը։
Սահմանադրության մասին Հոկտեմբերի 27-ի դեպքերի հիմքը «օրենքի նկատմամբ արհամարհանքն էր. ՀՀ Սահմանադրությունը երկրորդ անգամ ապացուցում է իր կենսունակությունը, մի անգամ Լեւոնի ժամանակ, մի անգամ՝ հիմա։ Ամենածանր պահերին կենսունակությունն ապացուցած Սահմանադրությունը բա կարելի՞ է դնել մի տարի շարունակ հեռուստացույցով, Պարույր Հայրիկյանի եւ իր էն տխմար «կոմպանիայի» միջոցով ծաղրել, ձեռ առնել, վրայով քայլել, չէ՞ որ այդ Սահմանադրության վրա է երդվել հանրապետության նախագահը»։ Պրն Նազարյանին հիշեցրի, որ ՀՀ նախագահ դառնալուց անմիջապես հետո հենց ՀՀ նախագահն առաջարկեց ստեղծել Սահմանադրության մեջ փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովը, այն էլ՝ իրեն կից։ Մոտ մեկ տարի անց, հանձնաժողովի կազմը փոխվեց եւ մնացին «պրոֆեսիոնալները»։ Իրավագիտության հոր ասելով. «Սահմանադրությունը գրավատների մասին օրենք չի, Սահմանադրությունը քաղաքական իրավական ակտ է։ Եթե հանկարծ էդ հանձնաժողով կոչեցյալը հանրապետության նախագահի միջոցով իր դիտողությունները ուղարկի ԱԺ, ապա դա կլինի 132-րդ պատգամավորի առաջարկությունները։ Իսկ հարցը քաղաքական լուծումներ է ուզում։ Եթե վաղը մյուս օրը կանգնեն եւ ասեն, թե խորհրդարանական հանրապետություն ենք ուզում, ի՞նչ պիտի անեք, էդ ի՞նչ իրավագիտություն պետք է բանացնես։ Կասեն՝ խորհրդարանական հանրապետություն ենք ուզում, չենք ուզում նախագահի պաշտոնը, ի՞նչ պիտի անես»։
Պրն Նազարյանը սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովն ավելորդ է համարում, բայց ընդունում է, որ այն, լավագույն դեպքում, կարող էր խորհրդատվական մարմին լինել նախագահի համար, որը նախագահին «առանց աղմուկի, բացատրեին, թե ինչումն է բանը, որ երկքաղաքացիություն, փախստականներ իրար չխառներ, այդպիսի բաներ չխոսեր, որ խայտառակ չլինեինք»։ Դեպքերը կտանե՞ն արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների «Առավոտի» այս հարցին Վլադիմիր Նազարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, այսօր խորհրդարանն այնպիսի ամրակուռ վիճակում է, լի է պատրաստակամությամբ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի պլանները իրականացնելու համար, բայց եթե գզվռտվենք, ինչ իմանաս… Գիտեք ինչ, շռայլություն է ոչ միաբան լինելը»։
Մեր ազգի մասին խոսելիս Վլադիմիր Նազարյանը պատմեց, թե ինչպես Սուրեն Հարությունյանին մի առիթով (շարժման սկզբում, երբ Կենտկոմի ճաղերից կանացի ներքնազգեստներ էին կախում) ասել է. «Էս ազգը էն ազգն է, որ եթե Քրիստոսին խաչի վրայից իջեցնես բերես ասես՝ էս ձեզ ղեկավար, կասեն՝ «յա, հըլը դրա ձեռքի ծակերին նայի»։ «Ես չեմ պատկերացնում ղարաբաղցի՝ ոչ ռուսամետ» Հոկտեմբերի 27-ի իրադարձություններում արտաքին ուժերի ազդեցության կամ գլխավոր դերակատարման հնարավորության մասին մեր հարցին Վլադիմիր Նազարյանը պատասխանեց. «Չեմ բացառում, ֆոնը այդպիսին է, բայց ես Ռոբերտ Քոչարյանին չեմ համարում ոչ ռուսամետ, ես չեմ պատկերացնում ղարաբաղցի՝ ոչ ռուսամետ»։ Մեր հարցին՝ գուցե հակառակն էր, նահատակներն էին ոչ ռուսամետ, պատասխանեց՝ «չէ, ի՞նչ եք ասում, էդ բանը ես կարող եմ 100 տոկոսով ասել Կարեն Դեմիրճյանի մասին, իսկ Վազգենի համար որեւէ կասկած չի կարող լինել»։ Վլադիմիր Նազարյանը չի ընդունում, որ նահատակներին խփեցին նրա համար, որ ռուսամետ էին. «Դա հեքիաթ է, երբ որ մարդ սպանելը դարձել է սովորական բան, այ, սա է հիմնական ֆոնը։
Կարդացեք նաև
Հիմքը Սահմանադրության, օրենքի նկատմամբ արհամարհանքն է, որ, ցավոք, տիրում է բոլորիս գիտակցության մեջ»։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ