Հայ մտավորականությունը, ի դեմս Աբգար Ափինյանի, գտավ, վերջապես, հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունների գլխավոր մեղավորներին, որոնք են, բնականաբար, մամուլի որոշ օրգանները: Խնդրում էր, չէ՞, Աբգարը հանրապետության նախագահին փակել որոշ անբարոյական լրատվամիջոցներ: Չլսեց Ռոբերտ Քոչարյանը նրա իմաստուն խորհուրդները եւ ահա քեզ՝ տեղի ունեցավ ահաբեկչություն: Մամուլի նկատմամբ իր վերաբերմունքով կարկառուն մտավորականը կարող է իր ուսուցիչը համարել Ծաղիկ Ռուբոյին, որը վերջերս ստանձնել է լրագրողներին բարոյականության դասեր տալու ծանր պարտականությունը: Չնայած իմ մտքով, օրինակ, երբեք չի անցել խորհուրդներ տալ՝ ծաղիկի առեւտուրը կազմակերպելու վերաբերյալ:
Մայքլ Լեմոնը
ԱՄՆ դեսպանը հանդիպեց ՀՀ պաշտպանության նախարարի հետ եւ բարձր գնահատեց մեր ժողովրդավարական եւ սահմանադրական գործընթացները, որոնք, դեսպանի կարծիքով, օգնեցին մեզ դուրս գալ ճգնաժամից: Ինչ խոսք, Քեռի Սեմի պատվիրակը գտավ ճիշտ այն մարդուն, որի հետ պետք է խոսել ժողովրդավարությունից եւ սահմանադրությունից: Այստեղից կարելի է հետեւություն անել. պրն Լեմոնը հաստատ Գարեգին Նժդեհի հետնորդն է եւ գտնում է, որ ուժն է ծնում իրավունք:
Կարդացեք նաև
Վլադիմիր Նազարյանը
Մեր հարգարժան իրավահայրը, որդեգրելով ընկածին խփելու ոչ այնքան գեղեցիկ վարքագիծ, բավականին խիստ բառեր է արտասանել ԱԱ նախարար /նախկի՞ն/ Սերժ Սարգսյանի հասցեին՝ հիշեցնելով, մասնավորապես, որ վերջինս ժամանակին կոմերիտական աշխատող էր: Կարելի է ենթադրել, որ նույն ժամանակահատվածում պրն Նազարյանը խորհրդային կարգերի դեմ պայքարող այլախոհ էր եւ Անդրեյ Սախարովի հետնորդը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ