Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արյունոտ հետքերն անհնար է թաքցնել

Նոյեմբեր 05,1999 00:00
andranik hovakimyan

«Ազատություն» ռ/կ-ի թղթակից Հրաչ Մելքումյանը երեկ հարցազրույց է վարել ՀՀՇ փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանի հետ։

Ի պատասխան այն հարցի, թե ինչպե՞ս է վերաբերվում նախկին իշխող կուսակցությունը հոկտեմբերի 27-ի իրադարձություններին՝ պրն Հովակիմյանն ասել է. «Ցավալի է, որ ՀՀՇ-ի 10-ամյա հոբելյանը համընկավ ողբերգական իրադարձությունների հետ։ Այս տասը տարիների ընթացքում մենք այլ արժեքներ էինք փորձում ներարկել։ Փորձում էինք ամեն կերպ արմատախիլ անել հեղափոխականությունը, ահաբեկչությունը, անհանդուրժողականությունը։ Այն ամենը, ինչ այսօր կարծես թե գերիշխող է դարձել մեր հասարակության մեջ»։

Կուսակցություններից շատերը հանդես են եկել հայտարարություններով, մինչդեռ ՀՀՇ-ն լռում է։ Այս առնչությամբ ՀՀՇ փոխնախագահը պարզաբանել է. «Քննարկել ենք այդ հարցը եւ որոշել ենք հապշտապ կարծիք չհայտնել։ Որոշել ենք հետեւել քաղաքական զարգացումներին եւ մեր հստակ դիրքորոշումներն արտահայտել իրավիճակի որոշակի կայունացումից հետո, նաեւ՝ այն չսրելու նկատառումով»։

Անդրանիկ Հովակիմյանի խոսքերով՝ ՀՀՇ-ն երբեք չի առաջնորդվել «Որքան վատ, այնքան լավ» սկզբունքով։ Առաջնահերթ խնդիր է համարել կայունությունը, դրական է գնահատել ԱԺ ղեկավարության ընտրության փաստը, նոր վարչապետի նշանակումը։ Բայց մի ուրիշ բացասական երեւույթ կա. «Որոշ ուժեր փորձ են անում իշխանությունների անգործությունը, թուլությունն ինչ-որ ձեւով բարդել նախկին իշխանությունների վրա»։

Մասնավորեցնելով այս տեսակետը՝ ՀՀՇ փոխնախագահը հայտարարել է. «Կոնկրետ հանդիպումներում փորձեր են արվում ինչ-որ լեգենդներ դնել շրջանառության մեջ։ Երեկ ցերեկը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը գրեթե մեկ ժամ եղել է Կարեն Դեմիրճյանի ընտանիքում։ Դրանից հետո երեք ժամ՝ ժ. 22-ից մինչեւ 1-ը, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է եղել այնտեղ։ Տեղեկություններ ունենք, որ մեղքի մի չափաբաժին էլ նախկին իշխանությունների վրա բարդելու փորձեր են արվել, ինչ-որ խիստ անհեթեթ վարկածներ են առաջ քաշվել։ Ցավալի է ու դատապարտելի, որ այս մակարդակով փորձեր են արվում Կարեն Դեմիրճյանի ընտանիքի միջոցով հասարակության մեջ տարածել այդ լեգենդները։ Սա չափազանց վտանգավոր է»։

Թղթակցի այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ահաբեկիչների վերահսկողությունը ռազմական ոստիկանությունից ազգային անվտանգության նախարարության պահակախմբին հանձնելու մասին լուրերին, պրն Հովակիմյանը պատասխանել է. «Գործը զինվորական դատախազության վարույթում է։ Եթե ԱԱ նախարարը հրաժարական է ներկայացրել նախագահին, ապա այդ մարմինը կաթվածահար վիճակում է. ո՞վ պետք է ապահովի հանցագործների կյանքի անվտանգությունը՝ նախաքննության շահերի եւ հանցագործությունը բացահայտելու համար։ Կա երկու նախնական կալանավայր, երկուսի ղեկավարներն էլ հրաժարական են տվել. ԱԱ եւ ՆԳ նախարարները, եւ բնական է, որ ահաբեկիչների պահպանությունը պետք է իրականացնի մեկ այլ մարմին, որը գործում է, այսօր էլ ունի ղեկավար եւ հոկտեմբերի 27-ին ապացուցեց, որ հստակ աշխատող մեխանիզմ է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930