Հարցազրույց Վլադիմիր Նազարյանի հետ
Վազգեն Սարգսյանի եղբոր վարչապետ նշանակվելու մասին պարոն Նազարյանն ասաց. «Ճիշտն ասած, ես եղբոր համար վախենում եմ։ Երեւի իմ տարիքը իրենց հոր տարիքին է, դրա համար է այս զգացումն առաջանում։ Երբ իմացա եղբորն են նշանակել, վախի զգացում ունեցա եւ զարմացա, թե ինչո՞ւ իրենց մայրը համաձայնեց։ Մենք նահապետական ընտանիքում ենք մեծացել եւ մեզ համար մամայի ասածը ասած էր»։
– Գուցե հիմա էլ է «մամայի ասածը ասած»։
– Չգիտեմ, բայց ես վախեցա։ Թե չէ, ինքը տնտեսվարող կազմակերպության ղեկավար է։ Եթե վերցնենք համեմատենք այսպես կոչված արհեստավարժների հետ՝ էդ ո՞ր ցեմենտի գործարանն են աշխատացրել, կամ էդ ի՞նչ են կառուցել, եթե նայես ցանկացածի անցած ուղին։ Հենց նույն Արմեն Դարբինյանի։ Էս մարդը գոնե գործարան է սարքել, հիմա ցեմենտ է արտադրում, աշխատող ցեմենտ, մենք էլ գերեզման ենք սարքել էդ ցեմենտով։ Հիմա ի՞նչ է պատահել, ի՞նչ անենք, «այի՞բ ա», որ Վազգեն Սարգսյանի եղբայրն է։ Եթե մենք ունենայինք այլընտրանքային չերչիլներ, բիսմարկներ, դըգոլներ, ես կասեի՝ ներեցեք, խնդրեմ՝ Պոմպիդու։ Հիմա, ի՞նչ է պատահել։
Կարդացեք նաև
– Վտանգ չկա՞, որ այսուհետ ՀՀ-ում վարչապետի պաշտոնը կդառնա ժառանգական։
– Չեմ կարծում, ես այդպիսի վտանգ չեմ զգում։ Եվ հետո ես դրա մեջ այդքան էլ վատ բան չեմ տեսնում, որովհետեւ այս տարբերակը տանում է համերաշխության պահպանման։ Էն թեկնածուները, որոնց անունները տալիս էին, Արամ Սարգսյանի հետ գտնվում էին նույն կարգի մեջ, որեւէ բանով բարձր չէին նրանից։ Եթե միաբանությունը պահպանվեց, ապա անպայման հաջողություն կունենանք։
– Ինչպե՞ս եք վերաբերվում ՊՆ-ի՝ հրաժարականների պահանջին։ Իրավական նորմերը տալի՞ս են ՊՆ-ին այդպիսի պահանջի իրավունք։
– Ես հասկանում եմ զինվորականներին՝ էմոցիոնալ, հուզված են, ոչ մի բան չունեմ ասելու։ Ես ուզում եմ շատ հատուկ խոսել դատախազի հրաժարականի պահանջի մասին։ Անիմաստ պահանջ է։ Ինչ վերաբերում է իրենից առաջ եղած սպանություններին, ապա դրա համար թող պատասխան տա նախկինի նախկին դատախազը։
– Ինչքա՞ն նախորդ նկատի ունեք, օրինակ, Արծրուն Մարգարյանինն իր օրոք չի՞ եղել։
– Այդ գործն ավարտված է։
– Ավարտված է այնքանով, որ որակված է որպես ինքնասպանություն։
– Ապացույցները ստուգեք։ Եթե ստուգեք Արծրուն Մարգարյանի գործը եւ տեսնեք, որ օբյեկտիվորեն չի քննված, հեռացրեք էդ դատախազին, ուրեմն ոչ մի խոսք։ Բայց հեռացնել մի դատախազի, որը այսպիսի պայմաններում ձեռք բարձրացրեց ապօրինությունների կազմակերպիչների վրա եւ մոտ 1 միլիարդ դրամ վերադարձրեց բյուջե, ճիշտ չի։ Հետո հիշեք ես էլ եմ դատախազ եղել, դատախազը մի գրիչ ունի, ուրիշ ոչ մի բան։ Դատախազը ուժային նախարարություն չի։
– Փաստորեն դուք դատախազի հրաժարականի մասին պահանջին դե՞մ եք, ուժայիններին՝ կո՞ղմ։
– Անտարակույս ուժայինների մասին խոսք անգամ չի կարող լինել, միանշանակ։ Ես, օրինակ, հարգում եմ Աբրահամյանի արածը։ Նա մի քանի ամիս է այդ նախարարությունում, ես այդ բնագավառում աշխատել եմ եւ գիտեմ, որ ընթացքի մեջ մտնելու համար հարկավոր է մի կես տարի։ Նրա հրաժարականով պրոֆեսիոնալը երեւում է։ Բայց երբ մարդիկ ուժային նախարար են դարձել՝ նախկինում ունենալով իրենց կոմերիտական գործունեությունը (ես նկատի ունեմ Սերժ Սարգսյանին), դուք պատկերացնո՞ւմ եք ինչ զավեշտական իրավիճակում էինք հայտնվել։ Գերմանացիներն ինձ ձեռ էին առնում, պատկերացնո՞ւմ եք մի պետություն, որտեղ ուժային նախարարը զբաղվում է ՍՊԻԴ-ի բուժմամբ։ Իմիջիայլոց, մի մարդ, որ նայես ի՞նչ ուղի է անցել՝ ղալմաղալ, օպերայի հայաթը, Ստեփանակերտի բակում, հետո էլի ղալմաղալ, քաշքշոց…
– Բայց այդ ճանապարհով այսօր ու երեկ շատերը իշխանության եկան։
– Ցավոք, ցավոք։ Ուզում եմ նաեւ մի շատ տհաճ բանի մասին խոսել, դա այն է, որ որոշ պաշտոնյա գործիչներ նահատակների մահը փորձում էին օգտագործել, որպեսզի իրենց համար ինչ-որ իմիջ ստեղծեին։ Նկատի ունեմ արդարադատության նախարարին։ Ուղղակի անտանելի էր նրա գլուխգովան պատմելը, թե ինչպես ինքը պատանդ դարձավ, ինչպես ինքը բանակցություններ վարեց… Երբ որ ես խոսում էի պատգամավորների հետ, պարզվեց, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Այդպիսի վայրում իմիջ ձեռք բերելու ձգտումը, այսինքն՝ մարդկանց մահը միջոցառում դիտելու եւ այդ միջոցառման մեջ աչքի ընկնելու ձգտումն արդեն նողկալի է։ Լերմոնտովը մի հիանալի բանաստեղծություն է գրել Պուշկինի մահվան կապակցությամբ՝ «А вы молчите лучше!»։ Էդ տղան ամբողջ դատաիրավական բարեփոխումները ձախողել է եւ դրա պատճառով Հայաստանին թույլ չեն տալիս մտնել Եվրախորհուրդ, մեր խայտառակություններից մեկն է ինքը, հիմա եկել է մարդկանց մահվան վրա հերոսապատումներ է պատմում աքաղաղի կեցվածքով։ Մովսես մարգարեի առաքելությունն է ստանձնում ու սկսում՝ եկեք բարի լինենք… Էլեմենտար բարիություն իրենից էր պահանջվում։ Գոնե հասկանար եւ հեռուստացույցների էկրանների վրա չցատկեր։ Այ, էդ իմիջը սարքելը ուղղակի նողկալի էր։ Ես ուղղակի մոռացել էի էդ տղայի հետ ունեցած իմ վեճերը։ Արգելել եմ իրեն ինձ հետ խոսել նույնիսկ մասնագիտության գծով։ Հա, այնտեղ բացատրում էր՝ նախաքննությունը ո՞նց պիտի լինի, քննիչը ի՞նչ պիտի անի։ Էդ որտե՞ղ է սովորել, Սուսլովի անվան կուրսերում է սովորե՞լ, ինձ համար անհասկանալի է։ Տեսեք, ինչ պարկեշտ իրեն պահեց դատախազը, որեւէ անգամ ելույթ չունեցավ ու որեւէ բացատրություն չտվեց, որովհետեւ ուներ ամոթի զգացում, պատասխանատվության զգացում, չնայած ինքը ուժային նախարար չէր։ Երբեք չէի ուզի, որ նահատակների մահը ինչ-որ մեկի համար վերածվեր կեղծ իմիջ ստեղծելու միջոցառման։ Ես Շահենին չեմ սիրում (Կարամանուկյան), բայց տեսնողները պատմում են, որ Շահենը երկու ձեռքերն արյան մեջ մարդկանց օգնում էր։ Շահենը ձայն չի հանում, խելոք կանգնել է։ Էս մարդը (արդարադատության նախարարի մասին խոսքը- Մ. Ե.) ընկել է մեջտեղ, վերջում էլ ասում է՝ բարի լինենք իրար նկատմամբ։ Այսինքն իրեն գործից չհանենք, թող էլի փող վերցնի, դատավոր նշանակի։ Սա ի՞նչ բան է։
-Պրն Նազարյան, Սահմանադրությունը հոկտեմբերի 27-ի պես արտառոց բան չէր նախատեսել, հնարավո՞ր է հետագայում համապատասխան փոփոխություն կրի։
-Մեր մտքով չէր անցնում, որ պետության երեք ղեկավարները միանգամից կզոհվեին։ Բայց այսպիսի հնարավորություն կար՝ մենք տարբերում ենք հերթական եւ արտահերթ նստաշրջանները։ Ելնելով Սահմանադրության ոչ թե տառից, այլ էությունից, մենք ոչ թե խախտեցինք Սահմանադրությունը առանց այդ նորմը ունենալու, այլ որոշեցինք մի փոքր շեղում կատարել՝ ԱԺ-ի նախագահին փոխարինել ՀՀ նախագահով, միակ լեգիտիմ քաղաքական ուժով, որ գոյություն ուներ։ Մի ուրիշ առաջարկ էլ կար, ես էի արել, չընդունվեց, ուղղակի չուզեցինք, որ նախագահը մեկուսացվի։ 68 հոդվածի 3-րդ մասում տարեց պատգամավորը բացում է նիստը եւ վերջ։
-ԱԺ-ի արտահերթ նիստում կրքեր բացարձակ չբորբոքվեցին։ Դա լա՞վ էր, թե՞ վատ։
-Հիացած եմ մեր ԱԺ-ի պատգամավորների վարքով, գործելակերպով կապված նահատակված անձանց փոխարեն ընտրությունների կազմակերպման պարագայի հետ, որովհետեւ գաղտնիք չի, որ լարվածություն գոյություն ուներ։ Ինչ խոսք, քաղաքական կարիերայի հարց է, ամեն մարդ ուզում էր մի բան ձեռք գցել։ Առաջինը ինձ շատ դուր եկավ ՀՅԴ-ի, ՀԿԿ-ի, «Իրավունք եւ միաբանություն», «Օրինաց երկիր» կուսակցությունների պահվածքը եւ անկախ պատգամավորների վարքը, որոնք առաջին իսկ օրվանից անընդհատ ասում էին. մենք հավակնություն չունենք եւ խնդրում ենք «Միասնությանը» ապահովել ստատուս-քվոն։ Եվ «Միասնությունն» էլ ապացուցեց, որ իրոք միասնություն գոյություն ունի, առաջին անգամ իմ աչքի առաջ հայերը միաբանվեցին։ Այդ տեսակետից ես ուղղակի ողջունում եմ Անդրանիկ Մարգարյանի վարքը։ Ցավոք սրտի, այս դժբախտության երեւի միակ նվաճումը միասնությունն է։
Հարցազրույցը վարեց
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ