Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԾՎԵՑ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ

Նոյեմբեր 05,1999 00:00
Garegin b

Երեկ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի օծման եւ գահակալության արարողությունն էր։ Էջմիածնի Մայր տաճար տանող դարպասները բաց էին բոլորի առջեւ, սակայն հրավիրվածներից եւ Ազգային եկեղեցական ժողովի պատգամավորներից բացի պատարագին շատ քիչ մարդիկ էին եկել։ Մինչդեռ կարծում էինք, թե Տաճարի բակում ասեղ գցելու տեղ չի լինի։ Նախորդ կաթողիկոսական ընտրություններին (օծման արարողությանը) էլ առանձնապես մարդաշատ չէր։ Այս դեպքում դա պատճառաբանվում էր նաեւ մարդկանց օծման ստույգ օրվա անտեղյակությամբ։ Կաթողիկոսի ընտրման օրից բոլորի ուշադրությունը կատարված ողբերգությունն ու քաղաքական անցուդարձերն են։

Օծման արարողությանը մասնակցելու էին եկել Ռուս ուղղափառ եկեղեցուց, Վրաց ուղղափառ եկեղեցուց, Կ. Պոլսի Տիեզերական պատրիարքության, Ղպտի ուղղափառ եկեղեցու, Հռոմի կաթոլիկ եկեղեցու, Անգլիական եկեղեցու, Գերմանիայի կաթոլիկ եկեղեցու, Հայ կաթոլիկ եկեղեցու մի քանի հոգեւոր դասի ներկայացուցիչներ։ Տաճարի շուրջ խմբված քաղաքական գործիչները նախորդ օրվա նշանակումների մասին թեմաներն էին քննարկում, եւ հատկապես Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի՝ վարչապետ նշանակվելու փաստը։ Խոսակցությունները տարբեր էին, գերակշռում էր այն կարծիքը, թե էմոցիաները կանխող լուծում էր սա։ Թերահավատություն կար հավաքվածների շրջանում, թե խորհրդարանի ղեկավարությունը (ԱԺ նախագահ եւ այլն) այն չէ, ինչ պետք էր մեզ այսօր, որ երկար չեն նախագահի եւ, որ ամենատարածված կարծիքը՝ բոլոր առումներով մեծապես զիջում են նախորդ կազմին։ Ամենայն Հայոց կաթողիկոսին հավաքվածները ուղեկցեցին Վեհարան։

ՀՀ նախագահն իր ուղերձն ընթերցեց, դահլիճի չափերը եւ ներկաների թիվը հակադրության մեջ էին։ ՀՀ նախագահի խոսքը չէր լսվում ընդհանրապես (գոնե բարձրախոս լիներ) եւ քանի որ մեծ սրահին հաջորդող փոքրիկ սրահում էին ՀՀ նախագահն ու Վեհափառը, նույնիսկ հնարավոր չէր տեսնել։ Փոքրիկ սրահում լսեցին, ծափահարեցին, իսկ մեծ սրահում նստածները՝ մի քանի րոպե գրեթե լուռ նստելուց հետո շարժվեցին, երբ նախագահը դուրս եկավ։ Սրահից դուրս՝ Ռ. Քոչարյանը եւ վարչապետ Ա. Սարգսյանը 2-3 րոպե խոսեցին ու մեկնեցին Երեւան։

Հիշեցնեմ, որ մինչ ողբերգությունը վարչապետ Արամ Սարգսյանն Արարատյան հայրապետական թեմի պատգամավոր էր Ազգային եկեղեցական ժողովում։

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930