Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղիների հարցը պատրվակ դարձրած, անիրականանալի խոստումներ շռայլած եւ կեղծիքներով 1998 թ. իշխանությունը զավթած վարչախումբը որդեգրեց հանրապետությունը վտանգող գաղափարներ եւ արատավոր գործելակերպ։ Անցումային շրջանին հատուկ քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների դժվարին ճանապարհին տեղ գտած թերացումներն ու բացթողումները չարամտորեն ուռճացնելով՝ հասարակության մեջ հետեւողականորեն ձեւավորվում էին վրեժխնդրության տրամադրություններ, ձեռնարկվում քաղաքական հետապնդումներ։
Պետականության ամրապնդմանը, տնտեսության զարգացմանը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը նպատակամղված քաղաքական ծրագրերի եւ գաղափարների մրցակցությունը փոխարինվեց նեղ անձնական ու խմբակային շահերով թելադրված պայքարով։ Բանակը, ոստիկանությունը եւ մյուս ուժային կառույցները ուղղակի կամ անուղղակի ներգրավվեցին քաղաքական գործընթացների մեջ, ստանձնելով իշխանության միակ հենարանի դերը։ 1999-ի հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերին հաջորդած իրադարձությունները վկայում են խորհրդարանի քաղաքական սնանկությունը, ինքնուրույն վճիռներ կայացնելու անընդունակությունը։ Ասպարեզ են իջնում գործիչներ, որոնք չունեն բավարար գաղափարական համոզմունքներ, քաղաքական անհրաժեշտ գիտելիքներ ու հասարակական ճանաչում։
Ըստ էության, խորհրդարանը դարձել է հանրապետության նախագահի եւ հասարակության վերահսկողությունից դուրս հայտնված ուժային կառույցների կույր գործիք։ Լիբերալ ուժերի խնդիրն է՝ համախմբվել, կազմել ընդհանուր ճակատ եւ համաժողովրդական ուժերով կանխել կարծրացող համակարգի ձեւավորումը, երկիրը վերադարձնել բնականոն զարգացման հուն։
ՎԻԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ