Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԱՄԵՆԸ ԿՈՍՄԵՏԻԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 05,1999 00:00
Azgayin joxov

Բացի Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանից՝ կառավարության մյուս անդամները երեկ, ժամը 17.00-ին արդեն պատրաստ էին դիմավորելու նոր վարչապետ Արամ Սարգսյանին։ Նա եկավ քսան րոպե ուշացումով՝ հանրապետության նախագահի ուղեկցությամբ։ Ի դեպ, նոր վարչապետին ուղեկցում էր Վազգեն Սարգսյանի անվտանգության ծառայությունը՝ նույն կազմով։

Ռոբերտ Քոչարյանն այս կերպ ներկայացրեց նոր վարչապետին. «Հուսով եմ՝ բոլորդ ճանաչում եք, նոր վարչապետը Վազգեն Սարգսյանի եղբայրն է, հատուկ ներկայացնելու կարիք չկա»։ Շեշտվեց, որ առաջին հերթին ինքը՝ նախագահն է իր վրա պատասխանատվություն վերցնում այս նշանակումով։ Ինչպես նաեւ, որ ծանր է նաեւ Արամ Սարգսյանի բեռը, որը համաձայնել է դառնալ ՀՀ վարչապետ։ «Դեռ կառավարության նոր կազմի մասին չենք խոսում, քանի որ կա Սահմանադրությամբ նախատեսված ժամանակ։ Բայց, կարծում եմ, որ այս թիմը, այս կառավարությունը ձեւավորվել է Վազգեն Սարգսյանի կողմից։

Կառավարությունը պատրաստել է նաեւ մյուս տարվա բյուջեն՝ բավական լուրջ, խոր քննարկումների արդյունքում, եւ ես կարծում եմ, որ հիմնական թիմը, իհարկե, պետք է մնա եւ շարունակի աշխատել։ Անկախ նրանից՝ ում ինչ ապագա է սպասում, կառավարության բոլոր անդամներն իրենց պարտականությունները պետք է կատարեն լիարժեք»։ Նախագահի՝ վարչապետին ներկայացնելուց հետո, կառավարությունն անցել է օրակարգային 14 հարցերի քննարկմանը։ Նիստի ընթացքում, ինչպես հետո ասացին, վարչապետը տառացիորեն ոչինչ չի խոսել։

Նիստից հետո «Առավոտը» ՀՀ նախագահից փորձ արեց պարզել՝ ասելով, թե կառավարության կազմը համարյա անփոփոխ է մնալու, նախագահը նկատի ուներ նաեւ ԱԱ եւ ՆԳ նախարարների՞ն։

– Ես այդպիսի բան չեմ ասել։ Ասել եմ՝ կարծում եմ, որ հիմնական կազմը, հիմնական կորիզը լուրջ փոփոխության չի ենթարկվելու։ «Նաեւ ուժայիննե՞րը չեն փոխվելու» մեր հարցը նախագահն անպատասխան թողեց։

Նիստից առաջ «Առավոտը» զրուցեց նաեւ էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանի հետ։

– Պրն Զադոյան, կարծիք կա, որ Դուք կառավարության որոշ այլ անդամների հետ, տեղ չեք ունենալու նոր կառավարությունում։

– Բացարձակ հերյուրանք է։ Եթե ես համաձայնվեմ մնալ կառավարությունում, կմնամ։

– Հնարավոր է՝ չհամաձայնվե՞ք։

– Առողջությունս այնքան էլ լավ չէ, այնպես որ չի բացառվում։ Սակայն էդպիսի խոսակցություն չի եղել, եւ ես գտնում եմ, որ ինչ-որ մարդիկ ցանկացել են ստվեր գցել մեր հարաբերությունների վրա։

– Նոր վարչապետի հետ հասցրե՞լ եք զրուցել։

– Այո, նոր կառավարությունում համարյա փոփոխություն չի լինի։ Եթե լինի էլ, շատ քիչ։

Նիստից դուրս եկավ ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանը, որի տրամադրությունը բավական բարձր էր։

– Պրն Աբրահամյան, Ձեր այս պահի տրամադրությունից կարելի՞ է ենթադրել, որ նոր կառավարությունում կմնաք։

– Էդ աստիճան սրիկա տեսք ունե՞մ, որ կառավարությունում մնալ-չմնալու համար տրամադրությունս բարձրացնեմ։

– Իսկ Ձեր կարծիքով՝ կմնա՞ք, թե ոչ։

– Մտքովս անգամ չի անցնում, դա ինձ համար երրորդական, չորրորդական բան է։

ԱԺ-ի դահլիճից դուրս գալուց հետո, իր գործողությունների մասին բացատրությունը մամուլում պրն Աբրահամյանն արդարացում չհամարեց. «Ինչի՞ց արդարանամ։ Արդարանամ, որ ո՞ղջ եմ մնացել։ Որ տո՞ւն եմ գնացել։ Դա մի անասունի մեկն է գրել։ Ես գնացել եմ պաշտպանության նախարարություն, որ չգան ձեզ ոտատակ տան»։

Հանրապետության զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը որեւէ հարցի պատասխանել չկամեցավ՝ հիմնավորելով, որ ասելիքը կասի շաբաթ օրը կայանալիք իր ասուլիսին։ Ինչ վերաբերում է կառավարության կազմի մասնակի փոփոխություններին, մեզ թույլ ենք տալիս ենթադրել, որ նոր կառավարության կազմից, ամենայն հավանականությամբ, առայժմ դուրս կմնա ԱԱ նախարարը։

Ի դեպ, երեկ, ողջ օրվա ընթացքում փորձեցինք կապվել նախարարի հետ, սակայն նա տեղում չէր։ Մեր փորձը՝ ճշտել, թե ինչո՞ւ չի եկել կառավարության նիստին, թեեւ նրա օգնականը նախօրոք հավատացրել էր, թե պրն Սարգսյանը ժամը 17-ին պիտի կառավարություն գնա, դարձյալ անօգուտ էր։ Ըստ նախարարի օգնականի եւ հերթապահի՝ Սերժ Սարգսյանը երեկ այդպես էլ նախարարությունում չի եղել։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930