Ազատություն» ռ/կ-ը երեկ հեռարձակեց Ռուզան Խաչատրյանի հարցազրույցը «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանի հետ, որտեղ ներկայացված են մանրամասները, թե ինչպես է ընդունվել Արամ Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին որոշումը։
Թղթակիցը հետաքրքրվել է, թե արդյոք միայն Արամ Սարգսյանի թեկնածությունն է քննարկվել «Միասնության» եւ «Կայունության» համատեղ նիստում։ Անդրանիկ Մարգարյանը հայտնել է, որ մինչեւ խմբակցությունում որոշելը՝ նախագահի հետ մի քանի այլ թեկնածություններ էլ են քննարկվել։ Իսկ Արամ Սարգսյանի անունը որոշվել է զրույցների ընթացքում. «Այսօր դժվար է ասել, թե առաջինն ով առաջարկեց»։
Այն հարցին, թե քննարկվե՞լ են ուժային կամ այլ նախարարների թեկնածություններ, Անդրանիկ Մարգարյանը պատասխանել է. «Ոչ, չեն քննարկվել, քանի որ մեզ համար առաջնայինը վարչապետի թեկնածությունն էր»։
«Արամ Սարգսյանի հատկապես ո՞ր արժանիքների համար խմբակցությունը կանգ առավ նրա թեկնածության վրա»,- հետաքրքրվել է Ռուզան Խաչատրյանը։ Անդրանիկ Մարգարյանը կարեւորել է ոչ այնքան այն, որ Արամ Սարգսյանը ՀՀԿ եւ ԵԿՄ անդամ է կամ Վազգեն Սարգսյանի եղբայրը. «Սրանք երկրորդային հանգամանքներ են»։ Առաջնային է համարվել այն, որ Արամ Սարգսյանը ծանոթ է եղբոր քայլերին, ծրագրերին: Վազգեն Սարգսյանը նրա հետ կիսվում էր իր առջեւ դրված բոլոր խնդիրների շուրջ: Մոտեցումների միջեւ տարբերություններ չկան, այսինքն՝ Արամ Սարգսյանը պաշտպանում է տնտեսական բարեփոխումները, Ղարաբաղի խնդրի կարգավորման նույն գիծն է շարունակելու: Ունի տնտեսական գործունեության մեծ փորձ, լի է վճռականությամբ՝ հետամուտ լինելու այս ծրագրերի իրագործմանը, եւ դա իր համար պատվի խնդիր է։ Ամենակարեւորը՝ հավատում եւ իր գործն է համարում «Միասնության» ծրագրի շուրջ Վազգեն Սարգսյանի քայլերն իրականացնելը, երկիրն այս ծանր իրավիճակից դուրս բերելը, կաշառակերության դեմ պայքարը, պետական կարգապահության բարձրացումը, վարկերի օգտագործման հանդեպ խիստ վերահսկողությունը։
Կարդացեք նաև
Ռուզան Խաչատրյանն այնուամենայնիվ հետաքրքրվել է, որ մի՞թե Վազգեն Սարգսյանի 6 հազար հետնորդներից միայն հենց նրա եղբոր վրա պիտի կանգ առներ ընտրությունը։ «Բնականոն հարց է,- պատասխանել է Անդրանիկ Մարգարյանը եւ առաջարկել այնուամենայնիվ հրաժարվել նոր վարչապետին միայն որպես Վազգեն Սարգսյանի եղբայր ընկալելու հոգեբանական մոտեցումից։- Իհարկե, դա հարկավոր չէ մոռանալ, բայց Արամ Սարգսյանն Արամ Սարգսյանն է եւ լինելու է ՀՀ վարչապետ եւ ոչ թե Հայաստանի նախկին վարչապետի եղբայր»։
Անդրանիկ Մարգարյանը նաեւ մի կարեւոր տեղեկություն է հայտնել. «Մենք հենց խորհրդակցության ժամանակ որոշեցինք եւ այդ առաջարկը հավանության արժանացավ, որ վարչապետին մենք չենք սահմանափակելու, այսինքն՝ խմբակցությունը չի որոշելու նախարարների ցանկը»։ Ուստի եւ այն հարցին, թե բացառվո՞ւմ է, որ նոր կառավարության կազմում էլ լինեն Սերժ Սարգսյանն ու Սուրեն Աբրահամյանը, «Միասնություն» խմբակցության ղեկավարը պատասխանել է. «Դա պայմանավորված է նոր վարչապետի եւ նախագահի բանակցություններով»։
Ա. Ի.