Այս մթնոլորտը, երբ բոլորը միմյանց մեղադրում են ու հին հաշիվները ջրի երես բերում՝ արդեն անտանելի է դառնում։
Միջանցքային խոսակցությունների ու մամուլի նյութը նույնն է՝ կասկածը։ Բանակը կասկածում էր, որ սա Ռոբերտ Քոչարյանի դավադրությունն էր Վազգեն Սարգսյանի դեմ, բոլորը կասկածում են դաշնակցականներին, վերջիններս էլ արդարանալու համար խոսում են Թուրքիայի ու ձեռքի հետ էլ՝ դարձյալ նախկին իշխանությունների մասին։
ՀՀՇ-ի վրա մեղքը բարդելու պատրվակ էլ կա՝ Վանո Սիրադեղյանը մասնակցել է պաշտպանության նախարարությունում հոկտեմբերի 30-ին կայացած հավաքին։ Ի դեպ, դրան նաեւ շատ այլ կուսակցությունների ղեկավարներ են մասնակցել՝ անգամ ՔԴՄ-ի նախագահ Իդա Մարտիրոսյանը, որին դավադիրի եւ ահաբեկիչի դեր վերագրելն ավելի հարմար է, քանի որ նաեւ լրագրող է։
Էլի ի դեպ, բոլոր կուսակցությունների ղեկավարները ՊՆ-ի հավաքում սոսկ հրավիրյալներ են եղել։ Կազմակերպիչներն ու նախաձեռնողներն այնուամենայնիվ զինվորականներն էին, որոնց դեմ գրելու համար, մեղմ ասած, համարձակություն է պետք, իսկ Դավիթ Շահնազարյանն ու այս իրադարձությունների մասին բառ անգամ հրապարակավ չասած Վանո Սիրադեղյանը հարմար թիրախ են կասկածները վերահասցեագրելու համար։
Կարդացեք նաև
Մինչդեռ այս պահին հոկտեմբերի 27-ի համար կատարվածի մի անկասկած մեղավորն ակնհայտ է՝ միմյանց նկատմամբ ատելության մեր քարոզն է, արնատենչ հաշվեհարդարի կոչերը, որ չեն դադարում անգամ այս ամենից հետո։ Խոսքիս ապացույց որպես դարձյալ մեջբերեմ Նաիրի Հունանյանի մի խիստ բնութագրական արտահայտությունը՝ ուղղված կոմունիստ Լեոնիդ Հակոբյանին. «Պրն Հակոբյան, միշտ ասում էիք՝ «մի օր կանգնելու եք դատարանի առաջ, ես էլ դատողն եմ լինելու»։ Հիմա օրը եկել ա։ Կերան, չէ՞, մեր ժողովրդին։ Կերա՜ն, սեփականաշնորհեցի՜ն»։
Որեւէ հեղինակավոր պարբերական չհրապարակեց նրանց հայտարարությունը։ Սակայն արժեր եւ այժմ ակնհայտ կլիներ, որ դույզն-ինչ տարբերություն չկար մեր քաղաքական գործիչների որոշակի մասի հայտարարություններից. «Մեր շեն երկիրը քայքայվել է եւ վերածվել մի հայրենիքի, որից բոլորը միայն հեռանալ են ուզում։ Մեր հայրերը եւ պապերը, որոնք իրենց արյուն քրտինքով կառուցեցին այս երկիրը, այսօր խղճուկ եւ կիսասոված գոյություն են քարշ տալիս, մեր երեխաներից հազարավորները կոշիկ ու դասագիրք չունեն, որ դպրոց հաճախեն։ Մեր տնտեսությունը կազմալուծվել է, սոցիալական անհանգստությունը հասել է անտանելի չափերի, եւ մենք կանգնած ենք մեր պետականությունը կորցնելու առջեւ»։
«Երբ լսում էի այն բառերը, որ սպանելուց բարբաջում էին մարդասպանները, շատ դեպքերում թվում էր, թե այդ տեքստը մենք ենք տվել»,- սա որեւէ քաղաքական գործչի խոստովանություն չէ՝ սա մեր ժամանակների մեծագույն գրող Հրանտ Մաթեւոսյանն է, որն իրեն է մեղսակից համարում, չնայած եւ ոչ մի անգամ իր շուրթերը չի պղծել անեծքով։
Իսկ քաղաքական գործիչները (հատկապես նրանք՝ ում հատուկ է այս բառապաշարը) իսպառ հրաժարվում են իրենց ցանած ատելության սերմերի արյունոտ պտուղների համար բարոյական պատասխանատվությունից։ Եվ փոխարենն առաջարկում են հաշվել, թե քաղաքական ահաբեկչության երբեւէ զոհ դարձածներից որ մեկն ինչ կուսակցական պատկանելություն է ունեցել։
Հոկտեմբերի 27-ին կատարվածը դաս չի դառնում գոնե ածականների աստիճանների ընտրության մեջ փոքրիշատե զուսպ լինելու համար։ Եվ հակառակը՝ մի իսկական մրցություն է սկսվել, թե ով ավելի գեղարվեստորեն եւ հատու հաշվեհարդարի եւ վրեժխնդրության կոչ կանի։ Սակայն գոնե հիմա չէ հիստերիկ եւ հռետորական ճիչերի ժամանակը։ Եվ, ասենք, գրելուց առաջ, թե ինչպես եղավ, որ մի նախարարը դուրս եկավ դահլիճից եւ ինչու մյուսը ներկա չէր կառավարության հետ ԱԺ-ի հարցուպատասխանին կամ ուր էին թիկնապահները՝ արժե փորձել հստակ ստանալ այդ «ինչպես», «ինչու» եւ «ուր» հարցերի պատասխանները։
Տրտնջալուց առաջ, թե ինչու նախագահը մինչեւ ահաբեկիչների հետ բանակցությունների գնալը հրապարակային ելույթ չի ունեցել, արժե փորձել գոնե հասկանալ այդ ժամերին տիրող իրավիճակը։ Որքան տեղյակ եմ, այդ ընթացքում պաշտոնական հաղորդագրությունների միջից անգամ այս կարգի արտահայտություններն էին հանում՝ «ձեռնարկվում են օպերատիվ միջոցառումներ պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ»։ Զգուշության նպատակը, կարծում եմ, ակնհայտ է, որեւէ երաշխիք չկար, թե 8 հոգու սպանածները, որոնք աչքի առաջ պիտի ունենային առավելագույն պատժաչափը՝ վտանգ զգալու դեպքում դահլիճում մնացած 50-ի հարցերն էլ չէին լուծի։
Ի դեպ, որոշ թեմաներ էլ կան, որոնք, ըստ իս, ընդհանրապես չարժեր շատ արծարծել՝ բանակի եւ նախագահի հակամարտությունն օրինակ։ Որեւէ մեկը փորձո՞ւմ է սթափ կշռադատել, թե ինչ գին կարող են ունենալ այս կարգի լուրերը, որ պաշտպանության նախարարն առանց գերագույն հրամանատարին տեղեկացնելու է այդ օրը զորքի տեղաշարժ կատարել դեպի Երեւան։
Ի դեպ, նման որոշ լուրեր կան էլ, որ մեր այս քաոսային վիճակը նկատի առնելով՝ Ադրբեջանի զորամիավորումները մոտեցել էին սահմանին։ Բանակի հարցն առանձին քննարկման նյութ է։
Առայժմ սահմանափակվենք այսքանով՝ Հայաստանն իրոք չպիտի դառնա պարբերական հեղաշրջումների երկիր։ Բանակը նախագահ փոխեց 1996-ին, 1998-ին… Ինչ-որ պահ սա պիտի դադարեցվի։ Իսկ ընդհանրապես, ինչպես ընկերս նկատեց՝ խիստ անհեթեթ իրավիճակ է, երբ տեղում կանգնելը, առաջ գնալը՝ ամեն քայլ սխալ է թվում։ Իսկ գուցե ճիշտը բոլորիս համար մի քայլ հետ գնա՞լն է։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ