Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, շարունակեց ընդդեմ «Առավոտի» Աքորի գյուղի գյուղապետի քաղհայցի քննությունը։ Տեղեկացնենք, որ այս հայցը մեր թերթի «վրա էր մնացել» դեռ անցյալ տարվա դեկտեմբերից։ 1998 թ. դեկտեմբերի 4-ին տպագրվել էր «Աքորի գյուղի անդեմ գյուղափետը եւ գյուղափետուհին» հոդվածը, որի պատասխանը ըստ ԶԼՄ գործող օրենքի տպագրվել էր «Առավոտում» 2 օր անց։ Նույն համարում տպագրվել էր նաեւ աքորեցիների շնորհակալական արձագանքն՝ ուղղված մեր թերթին։
Անցել էին ամիսներ։ Այս տարվա մարտին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան քաղհայցով մտավ Աքորիի գյուղապետը (դատավոր՝ Պ. Օհանյան)։ Լրագրող Մարգարիտ Եսայանը երկու անգամ մասնակցել է վերոնշյալ դատարանում հրավիրված նիստերին, տվել իր բացատրությունները…
«Առավոտն» այս սեպտեմբերին դարձյալ հրավիրվեց նույն դատարան, նույն գյուղապետի հայցապահանջը մեկ անգամ եւս ըմբոշխնելու համար։ Երեկ Մարգարիտ Եսայանը եւ դատարանը ըմբոշխնեցին քաղհայցը, դրանում առկա պահանջները, իսկ մեր լրագրողը սիրով՝ իր բացատրությունները։ Դատարանն, ի վերջո, որոշեց մերժել Աքորի գյուղի գյուղապետ Վ. Պետրոսյանի եւ նրա տեղակալի՝ համահայցվորի հայցը։ Հիմա վախենում ենք շնորհավորել Մարգարիտ Եսայանին. բա որ հանկարծ Աքորիի համառ գյուղապետը մեկ տարի հետո նորից դատարան կանչի՞։ Նկատենք, որ սա այս տարվա առաջին դեպքն է, որ մամուլը դուրս է գալիս դատարանից շահած (մենք մի առիթով նշել ենք, որ 11 դատերում շահողը «ընդդեմ կողմն» է եղել)։
Ռ. Մ.