Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԻՐ ՀԵՆԱՐԱՆԸ»

Նոյեմբեր 04,1999 00:00
loqyan

Որեւէ կուսակցություն վարչապետի ի՛ր թեկնածուին չի առաջարկել

ԱԺ արտահերթ նիստից մի քանի ժամ առաջ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց ԱԺ ՀՅԴ եւ ՀԿԿ խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Այդ մասին լրատվամիջոցները պաշտոնական տեղեկատվություն հաղորդեցին։ Ավելի մանրամասն տեղեկություն իմանալու համար դիմեցինք ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Լոքյանին։

-ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել է պետության մեջ ստեղծված լարվածությունը, ներկա կացությունը եւ այն հիմնական քայլերը, որոնք պետք է հանեն երկիրն այս վիճակից։ Դրանցից առաջինը մենք համարում ենք ԱԺ-ում արագ ղեկավարության ընտրության խնդիրը, «Միասնություն» դաշինքին տալ այդ ստատուս-քվոյի իրավունքը, որ նրանք պահպանեն իրենց տեղերն ԱԺ ղեկավար կազմում։ Մենք մեր աջակցությունն ու համաձայնությունը հայտնեցինք այդ մասին։ Դրանից հետո զրուցվեց կառավարության հետ կապված խնդիրների մասին, ուղղակի անուններ չտրվեցին, մենք նորից պնդեցինք, որ դա պետք է լինի անձ, որը կլինի «Միասնություն» դաշինքի համակիր կամ այդ դաշինքը ներկայացնող, քանի որ բոլոր դեպքերում վարչապետը խորհրդարանում պետք է ունենա իր հենարանը, որպեսզի տնտեսական խնդիրները կարողանան այս երկրում բնականոն շարունակվել։ Մենք նախորդ տարիներին տեսել ենք, թե ինչպիսի հակադրություն կարող է տեղի ունենալ իշխանության երկու օղակների միջեւ, եթե վարչապետը եւ ԱԺ-ն նույն քաղաքական ուղղությունը չեն ներկայացնում։ Մենք այն համոզմունքը ստացանք, որ հանրապետության նախագահը նույնպես մտածում է այս սկզբունքներից ելնելով։ Անձերի խնդիր չի քննարկվել։ Եվ այն սկզբնական ձեւակերպումը, որ ուներ դաշնակցությունը մայիսի 30-ի ընտրություններից հետո, փաստորեն Վազգեն Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո, որ մենք աջակցելու ենք եւ մենք դա փաստել ենք բազմաթիվ անգամ։ Այսօր մենք նորից նախագահին հայտարարեցինք, որ կաջակցենք «Միասնություն» դաշինքին ԱԺ-ում եւ քաղաքական ընդհանուր համաձայնությամբ նշանակված վարչապետին։

Արծարծվեց նաեւ դեպքի հետ կապված հարցը։ Մենք առաջարկում ենք, որպեսզի համատեղ քննություններ կատարվեն զինվորական ոստիկանության եւ գլխավոր դատախազության քննիչների կողմից։ Նախագահը վստահեցրեց, որ քննությունն այդպես է իրականանում, քանի որ մեր ամենամեծ ցանկությունն այս ամբողջը վերջնական, ճշգրիտ բացահայտելն է։ Նաեւ առաջարկություն եղավ, որ ԱԺ-ն ստեղծի մի հանձնախումբ, որն ամբողջությամբ կվերահսկի հետաքննության պրոցեսը, որպեսզի մենք վեր հանենք այս ամբողջի իրական պատկերը եւ այն կեղծ մեղադրանքները, քաղաքական կոնյունկտուրայի գործելակերպը որոշ ուժեր որդեգրել են, օգտվելով այս առիթից, կհաջողվի, եւ ժողովուրդը իրականությունը կտեսնի ամբողջությամբ։ Այսօր լսում ենք որոշ քաղաքական գործիչների, որոնք հեռացված են քաղաքական բեմից, որոնք մեղադրանքը ուղղում են այս կամ այն քաղաքական ուժին, դրանով փորձելով իրենց վերակենդանացումը գտնել։ Դրա համար, ես կարծում եմ, այս կարգի հետաքննությունը թույլ չի տա ժողովրդին գցել թյուրիմացության մեջ եւ ամբողջ հանրությանը իրական շարժառիթները, իրական պատկերը կբացահայտի։

Մեր թղթակցի եւ Դավիթ Լոքյանի հետ հեռախոսազրույցը տեղի էր ունենում երեկ ժամը 16։30-ի սահմաններում։ Այդ պահին հանրապետությունը վարչապետ չուներ, իսկ օդի մեջ երկու անունն էր պտտվում՝ Սմբատ Այվազյան եւ Արամ Սարգսյան (Վազգեն Սարգսյանի եղբայրը)։ Այդ պահին թեկնածուներից որի՞ օգտին էր ՀՅԴ խմբակցության կարծիքը։ Դավիթ Լոքյանը այս մասին ասաց. «Եթե «Միասնությունը» կընդունի այս թեկնածուներին (Սմբատ Այվազյանին շատ լավ եմ ճանաչում, Վազգեն Սարգսյանի եղբոր մասին լսել եմ այդ խոսակցությունները), ես կարծում եմ, որ մեր խմբակցությունն ամբողջապես օժանդակելու է»։ ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ որեւէ կուսակցություն առաջարկե՞լ է վարչապետի իր թեկնածուին։ Ոչ, «ճիշտ չի լինի»։

Հարցազրույցը վարեց

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930