Լրահոս
Օրվա լրահոսը

Տեռորիստները կեղծ հետքեր են թողնում

Նոյեմբեր 03,1999 00:00

 ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը հայտնի իրադարձությունների ազդեցությունից դեռ դուրս չի եկել։ Մի քիչ դժվար, այնուամենայնիվ, երեկ փորձեցինք զրուցել նրա հետ, նրանից ճշտել, թե ի՞նչ էր նշանակում այն, որ Նաիրի Հունանյանն իրեն էլ է դիմել…

– Նախ ինձ չէր դիմում միայն։ Դիմեց Լեոնիդ Հակոբյանին, կոմունիստներին, իսկ հետո դիմեց առհասարակ. «բոլորդ վեր կացեք, նստեք, պիտի որոշումներ ընդունենք»։ Ես կարծեցի՝ դատարկ պարկուճներով են կրակում։ Տեսա, որ իմ կողքին Տիգրան Թորոսյանն է ողջ, ես եմ ողջ, գլուխս բարձրացրի։ Դիմեց ինձ, ասաց.

– Վեր կաց նստի, վախենալու բան չունես…

Երբ շրջվեցի, տեսա կատարվածը, սպանվածներին, ես հասկացա, որ դրանք դատարկ պարկուճներ չէին…

Մի մղձավանջ էր, արժանի Կաֆկայի գրչին։ Հայտնի է, որ տեռորիստները, մանավանդ՝ երբ կազմակերպված են գործողություն անում, իսկ ես կարծում եմ, որ դա կազմակերպված գործողություն էր եւ պատվիրատուներ ունի, միշտ թողնում են կեղծ հետքեր։ Եվ կեղծ հետքեր թողնում են ոչ թե իրենց գաղափարակիցների շրջանակից, այլ ընդհակառակը՝ հակառակորդների (իմ, կոմունիստների։ Գոռում էին, որ իրենք ազգայնականներ են, ինչ գործ ունեին կոմունիստները, եթե նրանք ինտերնացիոնալիստներ են իրենց աշխարհընկալումով…)։

Ես այստեղ տեսնում եմ հստակ փորձ թողնելու կեղծ հետք։ Իմ կարծիքով, եթե բացահայտվեին այն սպանությունները՝ գեներալ Մ.Յուզբաշյանի, Ժ.Իսահակյանի, Վ.Խոռխոռունու, Մ.Ղանդիլյանի, Հենրիկ Խաչատրյանի, չէր լինի այն, ինչ եղավ։ Այդ շղթան հասավ գագաթնակետին, իր լկտիությամբ համաշխարհային պատմության մեջ նախադեպ չունեցավ՝ չունեցող ոճրագործության ձեւով։ Այդ ոճիրը կատարողների նպատակն էր մի կողմից ֆիզիկապես ոչնչացնել հակառակորդներին, ղեկավարների մի մասին, մյուս մասին՝ մերձավոր զինակիցներին, ի դեմս ինձ, Լեոնիդ Հակոբյանի, Անդրանիկ Մարգարյանի, կոմունիստների, ոչնչացնել բարոյապես եւ քաղաքականապես, դրանով իսկ վանելով քաղաքական դաշտից։ Շատ մտածված եւ շղթայական, մի քանի շերտ ունեցող գործողություն էր…

Գիտեին, որ ես ամենամերձավոր զինակիցն էի Կարեն Սերոբիչի՝ կուսակցության ստեղծման հարցում, նրա կողքին եմ եղել 9 տարի շարունակ, բնականաբար, նրանք ուզում էին հասնել երկու նպատակի. ֆիզիկապես ոչնչացնել Կարեն Դեմիրճյանին, բարոյապես՝ ինձ։ Բայց դա նրանց չի հաջողվի։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930