Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Նոյեմբեր 03,1999 00:00

Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ ոչ եղել է, ոչ էլ, հույս ունենանք՝ կլինի ԱԺ-ի ղեկավարության ավելի տխուր մի ընտրություն, երբ ոչ միայն ծափահարություններ չեն հնչում, այլեւ շնորհավորանքի խոսքերն են խիստ ժլատ։

Այդպես երեկ ԱԺ նախագահ ընտրվեց Արմեն Խաչատրյանը, որի ձեռքը վիրակապված էր, իսկ դեմքը՝ հիվանդագին խիստ գունատ։ ՀՀԿ ներկայացուցիչ Տիգրան Թորոսյանի եւ ՀԺԿ ներկայացուցիչ Գագիկ Ասլանյանի ընկած տրամադրությունները կարծես դույզն-ինչ չփոխվեցին ԱԺ փոխնախագահներ ընտրվելուց հետո։ Անհնար էր, քանի որ ԱԺ-ի կենտրոնական մուտքի միջնասրահի աջ ու ձախ կողմերում սպանվածների դիմանկարներն էին։ Անհնար էր՝ ԱԺ նիստերի այս դահլիճում, ուր սպանվածների աթոռների վրա սպիտակ մեխակներ էին, ուր պատերի վրա օղակների մեջ առնված եւ համարակալված կրակոցների հետքեր էին, ուր ցուցատախտակի կողքի պատը կրակահերթերի իր հետքերով գրեթե ցանցի էր նման…

Ակամա հատակին արյան բծեր էիր փնտրում, որ ջանադրորեն վերացվել էին։ ԱԺ-ի ճաշարան տանող միջանցքում նռնակի պայթյունի հետքեր էին։ Դահլիճից փոքր-ինչ հեռու, աստիճանների մոտ, էլի կրակոցների հետքեր։ «Պառկի՛ր»,- հրամայել էին ԱԺ-ի աշխատակազմից մեկին, նա էլ արագ չէր կողմնորոշվել եւ ստացել «նախազգուշացում»։

Ակամա դահլիճից դուրս էիր նաեւ փնտրում ապացույցներ, որ մխիթարանք լինեն, թե քեզ նաեւ փորձել են պաշտպանել։ Ես, օրինակ, ավտոմատի կրակահերթի հետք տեսա ԱԺ նախագահություն տանող դռան վրա՝ ուրեմն ինչ-որ թիկնապահ եղե՞լ է, որ կրակել են։ Նախարարներից մեկը հաստատեց, թե, այո, մեկը եղել է՝ կարծեմ վարչապետի թիկնապահը։ ԱԺ նախագահն իր 3 թիկնապահներին 2 ամիս առաջ էր ազատել, քանի որ գտնում էր, թե չունի նրանց կարիքը։

Պատգամավորներից մեկն ԱԺ նախագահության այդ նույն դուռը ցույց տալով պատմեց, որ 1 ժամից ավելի որպես կենդանի վահան հանցագործների համար՝ կանգնել է այդ դռան մոտ, ուր նաեւ Ռուբեն Միրոյանի անշնչացած մարմինն էր։ Այս պատգամավորի անունը չեմ մեջբերում, քանզի հրաժարվեց հարցազրույցից։

Ի դեպ, լրագրողներին աջ ու ձախ հարցազրույցներ էին տալիս (աննշան բացառություններով) հատկապես այն պատգամավորները, որոնք կամ քիչ էին մնացել նիստերի դահլիճում, կամ էլ ընդհանրապես այնտեղ չէին եղել։ Իսկ նրանք, ովքեր օրն էին որպես պատանդ լուսացրել՝ մեծ մասամբ նախընտրում էին լռել, եւ յուրաքանչյուրի մարդկային հատկանիշների համար «ով ով է» հարցի պատասխան դարձած այդ գիշերվա մասին բացահայտումները հետաձգում էին ապագային։

Սակայն վերադառնանք երեկվան։ Ահա թե ինչպես բացատրեց «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը ԱԺ ղեկավարների իրենց առաջադրած թեկնածուների ընտրությունը, ու նաեւ այն, թե ինչու որեւէ այլ խմբակցություն իր թեկնածուներին չառաջադրեց՝ արժանանալով խորհրդարանական մեծամասնության շնորհակալությանը. «Խորհրդակցությունների ժամանակ բոլոր խմբակցությունները միահամուռ եկան այն եզրակացության, որ պահպանվում է այսօր ԱԺ-ում քաղաքական ուժերի հարաբերակցությունը։ (…) Վերաբաշխում չպետք է լինի եւ մենք չպետք է առիթ տանք այն ուժերին, այն խմբերին, որոնք կատարեցին այս հանցագործությունը՝ որ երկրում տիրի քաոս եւ անկայունություն (…)։ Իր հերթին «Միասնություն» խմբակցությունը քննարկեց եւ որոշեց, որ պահպանում է ստատուս քվոն»։ Խոսքը մինչ ապրիլի 27-ը ձեռք բերված այն պայմանավորվածության մասին է, թե ԱԺ փոխնախագահները պիտի ներկայացնեն «Միասնության» երկու թեւերը, սակայն օրենսդիր մարմնի ղեկավարը պիտի ՀԺԿ գործիչ լինի։

«Չնայած մենք շատ լավ ենք գիտակցում, որ Կարեն Դեմիրճյանից հետո ԱԺ նախագահ ընտրվելն այնպիսի ծանր բեռ է, որը շատ դժվար է տանելը,- ասաց Անդրանիկ Մարգարյանը։- Չափանիշները շատ մեծ էին։ Ձողը շատ բարձր էր դրված։ Իմ կարծիքով, դա վերաբերում է նաեւ հանրապետության ապագա վարչապետին»։

Արմեն Խաչատրյանի ելույթից երեւաց, որ նա կարծես չի էլ հավակնում մրցակցել կամ փորձել համեմատվել ԱԺ արդեն նախկին նախագահի հետ։ «Ես գլուխ եմ խոնարհում իմ ուսուցչի՝ Կարեն Դեմիրճյանի առջեւ,- ասաց նա եւ նույնը կրկնեց նաեւ հոկտեմբերի 27-ին բոլոր զոհվածների մասին։- Ես ուզում եմ երդմամբ հավաստել բոլորիդ, որ այն բոլոր ծրագրերը, նպատակադրումները, որոնք պիտի իրականացվեին նրանց գործուն աջակցությամբ՝ կյանքի կկոչվեն»։

Սա նախընտրական ծրագիր չէր, այլ իրոք երդում, որտեղ ամենից ազդու հնչեցին այս խոսքերը. «Պիտի ամեն ինչ արվի հանուն մեր ազգային անվտանգության, յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության։ Պիտի ամեն ինչ արվի, որ սերը, բարեկեցությունը, երջանկությունը նորից իրենց դռները բացեն մեր ժողովրդի առջեւ»։

Խիստ բնական էր այս մթնոլորտում, որ ոչ նրան, ոչ էլ փոխնախագահի թեկնածուներին ոչ հարցեր տրվեցին, ոչ էլ նրանց պաշտպանող կամ նրանց դեմ ելույթներ եղան։ Որպես նրբերանգ նշենք, այնուամենայնիվ, որ Տիգրան Թորոսյանն ավելի քիչ «կողմ» ձայներ ստացավ (98-ը), քան Գագիկ Ասլանյանը (103)։

Ի դեպ, պատգամավորները մոռացան քվեարկությամբ հաստատել հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

Եվս մի մանրամասն։ ԱԺ արտահերթ նստաշրջանին ներկա կառավարության անդամների մեջ չկար քաղաքաշինության նախարարը, որ հոկտեմբերի 27-ին դահլիճից երկու անգամ դուրս գալով՝ միշտ վերադարձել էր, ի տարբերություն այլ նախարարների։

Երեկ նաեւ չկային ո՛չ Սուրեն Աբրահամյանը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը, որոնց հրաժարականներն այդպես էլ չի ստորագրում հանրապետության նախագահը։ Ինքը՝ Ռոբերտ Քոչարյանն ԱԺ-ի ղեկավարության ձեւավորումից հետո կարճ խոսք ասաց եւ շնորհակալություն հայտնեց ընդունած որոշումների համար։ «Համարում եմ, որ կարեւորագույն քայլ արվեց ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ։ ԱԺ-ն արդեն ի վիճակի է շարունակել իր բնականոն աշխատանքը։ Եվ ամենից կարեւորը, որ այս որոշումները կայացվեցին հանգիստ, միաբանության մթնոլորտում։ Կարծում եմ, սա ցույց է տալիս ժողովրդին, որ մեր պետական համակարգը կայուն է, իշխանության ճյուղերն ի վիճակի են հաղթահարել նման ճգնաժամային իրավիճակը։ Կարծում եմ նաեւ ցույց է տալիս, որ մենք ի վիճակի ենք դա անել սահմանադրական ճանապարհով (…)։ Մենք ձեզ հետ միասին ամեն ինչ պետք է անենք, որ հաղթահարենք ոչ միայն ճգնաժամը, այլ նաեւ ճգնաժամի հետեւանքները, որոնք, կարծում եմ, բավականին երկար ժամանակ իրենց ազդեցությունն են ունենալու հանրապետության գրեթե բոլոր… աշխատանքի բոլոր բնագավառներում»։

Ի դեպ, երբ բավական հյուծված տեսքով նախագահը մտել էր ԱԺ դահլիճ՝ ոտքի էին կանգնել անխտիր բոլոր պատգամավորներն ու կառավարության անդամները։

Ինչեւէ, ԱԺ-ն այժմ պիտի փորձի աշխատանքի բնականոն հուն վերադառնալ եւ նոյեմբերի 8-ին գումարվելու է ԱԺ-ի արդեն հերթական նիստը։ Հետաքրքիր է, այն ժամանակ է՞լ կպահպանվի «կռվից հետո բռունցքներ թափ տալու» գործելակերպի արտահայտություն որպես՝ լրագրողներին քառակի ստուգման ենթարկելը։ Ընդ որում, միայն մեկ անգամ մետաղորսիչով ստուգեցին՝ ուշացումով դրա անհրաժեշտությունը գիտակցված միջոցառում։ Բայց երեք անգամ լավ ծանոթ ոստիկաններն ու ԱԺ մամուլի ծառայության աշխատակիցները վկայականդ ու հավատարմագիրդ էին տնտղում։ ԱԺ-ում ոմանք սկսել են լրագրողներին վերաբերվել որպես հնարավոր կրակողների։ Հիրավի ճիշտ է ասված՝ «կաթից լեզուդ վառելով՝ ջրի վրա էլ կփչես»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930