Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՎԱՀԱՆՈՎ ԿԱՄ ՎԱՀԱՆԻ ՎՐԱ»

Նոյեմբեր 03,1999 00:00
naira melqumyan

Հոկտեմբերի 27-ի իրադարձությունից հետո շրջանառվող վարկածներից մեկն այն է, որ դա ձեռնտու էր նաեւ ԼՂՀ որոշ ուժերի։ Այս կապակցությամբ, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք ԼՂՀ արտգործնախարար Նաիրա Մելքումյանին:

– Տիկին Մելքումյան, նախագահներ Քոչարյանը եւ Ալիեւը պարբերաբար հանդիպում են։ Դուք ի պաշտոնե տեղյա՞կ եք բանակցությունների ընթացքին։ Եթե այո, որո՞նք են առաջընթաց քայլերը։

– Ծանոթ եմ այն չափով, ինչքանով կարող եմ որպես Ղարաբաղի արտգործնախարար ծանոթ լինել։ Մեզ համար ամենակարեւորն այն է, որ տարածաշրջանում փոխվի մթնոլորտը։ Իհարկե, այդ երկկողմանի բանակցությունները նուրբ խնդիր են, որովհետեւ չի մասնակցում Ղարաբաղի նախագահը։ Համոզված եմ, որ միայն ժամանակ է պետք, որ նախ՝ նախագահ Ալիեւը ինքը նախապատրաստվի, նախապատրաստի նաեւ ադրբեջանական ժողովրդին, որ առանց այդ հանդիպումներին ԼՂՀ նախագահի մասնակցության, չի կարող իրականացվել ղարաբաղյան խնդրի կարգավորումը։ Ինքներդ տեսնում եք, թե ինչ կատաղի հակազդեցություն է ստացել Ադրբեջանում այս առաջին փորձը։

– Նկատի ունեք Ադրբեջանի պաշտոնյաների հրաժարականնե՞րը։

– Այո։ Գիտեք, սա դժվար խնդիր է պատերազմում պարտություն կրած Ադրբեջանի համար։ Փաստորեն, նրանց ընդդիմությունը օգտագործում է այն փաստը, որ մեկ անգամ պարտվեցին պատերազմի դաշտում, հիմա էլ՝ երկրորդ պարտությունը՝ դիվանագիտական ասպարեզում։

– Այսինքն, կողմ չեք այն կարծիքներին, թե նախագահների հանդիպումները հարցի կարգավորման իմիտացիա են, ժամանակ շահելու միջոց։

– Ժամանակ շահել չի կարելի, որովհետեւ սա ընթացող գործընթաց է։

– Անդրկովկասը ԱՄՆ-ի հետաքրքրությունների ոլորտում է։ Հայաստանում իր ազդեցությունն ամրապնդելու համար ԱՄՆ-ն Ադրբեջանին պարտադրում է գնալ փոխզիջումների։ Որքա՞ն ժամանակ հնարավոր կլինի պահել Ադրբեջանն այդ ճնշման տակ։ Եթե հաշվի առնենք արդեն սկիզբ առած ներքին լուրջ տարաձայնությունները։

– Հիշենք, որ ԱՄՆ-ն այսպիսի մի հիմնադրույթ ունի՝ նրանք հաճախ իրենց ուժեղ աջակցությունը ցույց են տալիս այն կողմին, որին տարածաշրջանում ավելի թույլ են համարում՝ պահելու համար հավասարակշռությունը։ Հետեւությունները դուք արեք։

– Նկատի ունեք, որ Հայաստանն ու Ղարաբաղը այս պահին տարածաշրջանում ամենից թո՞ւյլն են։

– Դժվար է ասել՝ առավել թույլն ենք, թե առավել հանգուցայինը։ Արդեն սկսել են համաձայնվել, որ Հայաստանն՝ իր աշխարհաքաղաքական դիրքով, կարեւորագույնն է տարածաշրջանում։

– Հոկտեմբերի 27-ի իրադարձություններից հետո որոշ պաշտոնական աղբյուրներ՝ դեռեւս գործի նախաքննությունը չավարտված, շտապեցին հայտարարել, թե դեպքը որեւէ կապ չունի ԼՂՀ խնդրի հետ։ Ինչո՞վ եք բացատրում այդ շտապողականությունը։

– Եթե պետության ներկայացուցիչը ասի, որ այս սպանությունը պայմանավորված է որեւէ արտաքին քաղաքական խնդրի հետ, դա շատ պատասխանատու կլինի։

– Ամեն դեպքում, առաջ են քաշվել վարկածներ։ Դրանցից մեկը, որի մասին ակնարկեցին նաեւ Պուտինը, Սելեզնյովը եւ Ռիժկովը, այն է, որ ռուսական կողմնորոշում ունեցող գործիչների սպանությունը ձեռնտու էր Արեւմուտքին։

– Սա էլ շատ շտապողական հայտարարություն է։ Ես հակված չեմ մտածելու, որ սա պարզ ու հեշտ վերլուծվող իրադարձություն է։ Ժամանակ է պետք, որ ինքներս հասկանանք՝ ինչ է կատարվել։

– Ամեն դեպքում հիշեցնեմ մեկ այլ վարկած եւս, որ այս սպանությունների արմատը Ղարաբաղում է, անգամ կոնկրետ անուն է նշվում։ Որքանո՞վ եք բացառում ա՛յս տարբերակը։

– Ես գիտեմ, որ այդ պնդումները հեռուն գնացող նպատակներ ունեն, որոնք միտված են ներկայացնել Ղարաբաղը որպես Հայաստանի կործանման գործոն։ Ի միջի այլոց, մենք այդ ճանապարհով մեկ անգամ արդեն անցել ենք։ Համոզված եղեք, որ ոչ մի քաղաքական գործիչ կամ ուժ Ղարաբաղում չէր կարող նախաձեռնել եւ իրականացնել նման ոճրագործություն։

– Չե՞ք կարծում, որ սրանով ինչ-որ չափով սեպ է խրվել Հայաստան-Արցախ կապի մեջ։

– Որեւէ դժգոհություն կամ թշնամություն չենք զգացել։ Ընդհակառակը։ Այս շահարկումները շատ մութ ուժի փորձ է՝ կիսել Հայաստանը։ Չի կարելի։

– Բասաեւի՝ «Մեդիա մաքս» գործակալությանը տված հարցազրույցում, ուր ասված էր, թե Չեչնիան ազատագրելուց հետո պետք է գան ազատագրելու Ղարաբաղը, իրադարձություններով հարուստ ժամանակ է անցել։ Այսօրվա տեսանկյունից ի՞նչ կերպ կմեկնաբանեիք ասվածը։

– Անհեթեթություն է, թե նրանք Ղարաբաղում կարող են գործ անել։ Մեկ անգամ եկել են եւ վերադարձել են ամենեւին ոչ փառքով։

– Ղարաբաղում պայքար է սկսվել կոռուպցիայի, տնտեսական հանցագործությունների դեմ։ Ըստ ձեզ՝ դա կարո՞ղ է ներքին լարվածության, նոր հանցագործությունների գործոն դառնալ, մանավանդ, որ այն գործիչները, ում դեմ քրեական գործեր են հարուցվում եւ հարուցվելու, քաղաքական շրջանակներում լուրջ դեր ունեն։

– Կունենան հետեւանքներ, թե չեն ունենա, անպայման այդ պայքարը պետք է իրականացվի։ Սա մեր արտաքին քաղաքական հեղինակության մասն է լինելու՝ որքանո՞վ ենք մենք ունակ մեր երկրի ներսում կարգուկանոն ապահովել։ Կոռուպցիան թերեւս արմատախիլ անել չի հաջողվի, սակայն կարելի է դնել որոշ սահմաններում։

Հարցազրույցը վարեց ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930