Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավիճակի թելադրանքով

Նոյեմբեր 03,1999 17:30

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում հնչած անդրանիկ կրակոցից հետո՝ չանցած 20 րոպե, ԱԺ մուտք գործեց հանրապետության ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ խումբը՝ 30 հոգուց բաղկացած։

Նրանք նիստերի դահլիճ հասան այն ժամանակ, երբ աստիճանների վրա էր արյունաքամ եւ վիրավոր ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը։ Նա էլ ՌՈ-ին հայտնում է, որ Սպարապետին խփել են, Դեմիրճյանին, եւ որ նրանց վիճակն ավելի վատ է։ ՌՈ-ն փակում է բոլոր մուտքերը, ելքերը՝ պահանջելով լրացուցիչ ուժեր։ Ականատեսների վկայությամբ՝ ոստիկաններ ընդհանրապես չկային…

ԱԺ-ում այդ ժամանակ եղած Ռազմական ոստիկանությունը խնդրում է ոստիկաններին, գոնե Պռոշյանից- Ձկան խանութի մոտից ճանապարհը փակել։ Ինչը արվում է, բայց ուշացումով։ Ռազմական ոստիկանությունն ապահովում է ՀՀ նախագահի ԱԺ մտնելը եւս։ Վերջինս էլ՝ Ռազմական ոստիկանության պետ Վ. Գասպարյանին հանձնարարություն է տալիս տեռորիստներին ամեն գնով վերցնել կենդանի։ Իսկ դահլիճ մուտք ու ելք եղել է այնժամ, երբ հաց է տարվել, ծխախոտ, դեղորայք:

Երեկոյան ժամը 11-ից մինչեւ վաղ առավոտյան ժ. 5.00-ը «Առավոտը» հերթապահում էր Դեմիրճյան փողոցի ԱԺ մուտքի դիմաց։ Այդ ժամանակ էլ, ժ. 11-ի սահմաններում շշուկներ տարածվեցին Ռուսաստանի «Ալֆա» ջոկատի գալու մասին։ Ինչո՞ւ ենք սա մեկ անգամ եւս շեշտում, քանի որ ըստ մեր գործընկերների, ռուսական «Ալֆան» ԱԺ էր եկել ավելի վաղ։ «Ալֆան» փաստորեն տեղավորվել էր Ռազմական ոստիկանությունում, որտեղից էլ նրա ղեկավարները տեղափոխվեցին պաշտպանության նախարարություն՝ հանդիպելու ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Որքանով մեզ հաջողվեց իմանալ, ռուսական «Ալֆան» ընդհանրապես հրաժարվել է գործողություններին մասնակցել, չնայած պատրաստակամություն է հայտնում լինել տեղում, տալ խորհուրդներ հարկ եղած դեպքում… Նրանք, իհարկե, հաջորդ օրվա երեկոյան ժ. 20.00-ի սահմաններում ճանապարհվում են։

«Ահաբեկիչների գործողությունները կասեցվել են տեղական ուժերի շնորհի՞վ» հարցով դիմեցի Հայաստանի ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Հայկարամ Ստեփանյանին (լուսանկարում) նրանց ԱԱՆ տեղափոխելուց մի քանի ժամ հետո. «Այո, տեղական ուժերի շնորհիվ։ Հանրապետության նախագահը դեմ էր «Ալֆա» ջոկատի միջամտությանը, որովհետեւ կար մտավախություն, որ կարող է ներսում սկսված բանակցությունների պրոցեսն ընդհատվել … զոհերի թիվը շատանալ»։

Հետագայում, իհարկե, «02» շաբաթաթերթն իր վերջին համարում պիտի գրեր «Կրակոց հայոց պետականության վրա» հոդվածում, թե պատգամավորներին ազատելուց հետո ռուսական «Ալֆա» ջոկատին հանձնվեցին հանցագործները, որոնք ՌՈ ավտոբուսով տեղափոխվեցին ԱԱՆ…

Ի դեպ,. ԱԱՆ մեկուսարանի վրա ՌՈ հսկողությունը տարակարծությունների տեղիք է տալիս։ Տեղեկացնենք, որ այդ հսկողությունը շարունակվում է մինչեւ օրս։ Իմ այն հարցին, թե «Ռազմական ոստիկանությունը չի՞ վստահում ազգային անվտանգության նախարարությանը, որ հսկողություն է սահմանել», պրն Հ. Ստեփանյանը պատասխանեց. «Քանի որ այդ քրեական գործն անցել է զինվորական դատախազության վարույթ, չէինք ուզում թույլ տալ որեւէ լուրջ բացթողում», եւ ապա ավելացրեց, որ «մեր բոլոր գործողությունները եղել են ՀՀ նախագահի ցուցումներով»։

«Ես վիրավորված եմ զգում,- ասաց պրն Ստեփանյանը,- երբ հանցագործը բացատրում է, թե ինչպես է ինքն անարգել, առանց զենքը թաքցնելու բարձրացել ԱԺ»։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930