Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսաերիզը շատ հարցերի կպատասխանի»

Նոյեմբեր 03,1999 15:10
tigran naghdalyan

Հարցազրույց ՀԱՀ գործադիր տնօրեն Տիգրան Նաղդալյանի հետ

– Ըստ որոշ աղբյուրների ՊՆ հայտարարության մեջ պահանջվող հրաժարականների շարքում հնչում է նաեւ ՀԱՀ-ի տնօրեն Տիգրան Նաղդալյանի անունը։

– Նախեւառաջ, ես հստակ տեղեկություն չունեմ, որ այդ անունն իրականում այնտեղ շոշափվում է, որովհետեւ գոնե պաշտոնական հայտարարություններում առնչություն իմ անվան հետ չկա, դրա համար, երեւի, հստակ մի բան չիմանալով՝ այդ բանը մեկնաբանել իմաստ չունի։

– Ձեզ մոտ գալիս նկատեցի, որ հեռուստատեսությունը լրջորեն պահպանվում է զինվորների կողմից։ Ձե՞զ են պահպանում, թե՞ ձեզնից են պահպանում։

– Հեռուստատեսության ուժեղացված պահպանումը մեր նախաձեռնությամբ միջադեպից հաշված րոպեներ հետո սկսվեց եւ շարունակվում է մինչեւ այս պահը, թե ե՞րբ կդադարեցվի, բնականաբար, մենք չէ, որ կորոշենք։ Հիմնականում, ինչպես եւ քաղաքում կարեւոր շենքերի պահպանումը, համակարգում է ռազմական ոստիկանությունը։ Թե ի՞նչ ուժերի հետ է ինքը նախընտրում դա անել, արդեն մենք չենք որոշում։

– Հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո մեր գործընկերներից շատերին են կանչել ռազմական դատախազություն։ Ըստ մեր ունեցած ինֆորմացիայի, ձեզ եւս կանչել են։

– Ասեմ, որ դեպքից հաշված ժամեր անց, երբ պատանդները դահլիճում էին, մենք զրուցել ենք 6-րդ վարչության աշխատակիցների հետ, իրենք են եկել հեռուստատեսություն եւ հետաքրքրվում էին՝ նրանք հեռուստատեսության հետ ի՞նչ առնչություններ ունեն, հավատարմագիր կարո՞ղ էին ունենալ, թե՞ ոչ։ Ես ասացի, որ նրանք չէին կարո՞ղ ունենալ ՀԱՀ-ի՝ ԱԺ մուտք գործելու հավատարմագրեր։ Հետո ավելի հստակեցվեց, որ քննությունը վարում է զինվորական դատախազությունը, այդ ամենը փոխանցվեց նրանց։ Մեզ մոտ եկել են զինվորական դատախազությունից, ձեւակերպվել է այն տեսաերիզի առգրավումը, որը պատկերում է «Հարցեր կառավարությանը» բաժնի տեսագրությունը։ Ուղղակի տեղում զրուցել ենք, ձեւակերպվել է առգրավումը եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ես պետք է գնամ զինվորական դատախազություն, պատասխանեմ նրանց հետաքրքրող բոլոր հարցերին։ Ուղղակի իմ աշխատանքի բնույթը հաշվի առնելով, իրենք համաձայնության են եկել ընտրել այն պահը, որը հարմար կլինի իմ՝ հեռուստատեսությունից բացակայելու համար։

– Ուզում եք ասել, թե դուք դեռ չե՞ք գնացել դատախազություն։

– Չէ, բառացիորեն այսօր- վաղը այդ հանդիպումը կկայանա։

– Նախորդ օրը «Ար» հեռուստաընկերությունը ցուցադրեց հարցազրույց Նաիրի Հունանյանի հոր հետ։ Այդ հարցազրույցում շոշափվում էր նաեւ ձեր անունը, մասնավորապես, երբ ասվում էր, թե «տղաները սպասում էին Տիգրանին, որ միասին գնան կաթողիկոսական ընտրություններին»։

– Այդ մասին իմացել եմ նախքան ձեր նշած հարցազրույցը, որովհետեւ դեպքից մի երկու ժամ անց փոխպայմանավորվածությամբ մեր աշխատակից Տիգրան Նազարյանին տարան դահլիճ, որ որպես ճանաչող հետները խոսի, փորձի լիցքաթափել։ Այնտեղ խոսելիս, նրանք արդեն Տիգրանին ասել էին, որ «տանը ասել ենք՝ գնում ենք, որ Տիգրանի հետ գնանք կաթողիկոսական ընտրությունների»։

– Այսինքն նույնիսկ այդպիսի լարված իրավիճակում նրանց ձեր մասի՞ն էին մտածում։

– Էջմիածին գնալու պայմանավորվածություն չի եղել, ո՛չ էլ նպատակ է եղել։ Այնտեղ մի քանի առիթներով շոշափվել է իմ անունը, ասել է, որ նրա քեռիներն ու հայրը (Տիգրան Նաղդալյանի- Մ. Ե.) այնքան փող ունեն, որ նրա համար պաշտոն են առել, ես պաշտոն չունեմ եւ այլն։

– Դուք բացառո՞ւմ եք, որ նրա հետեւում ավելի հզոր ուժեր էին կանգնած։

– Ըստ էության ես ոչ մի բան չեմ բացառում, բայց մարդկային տեսակետը իմանալով, գրեթե դա բացառվում է։ Նա այդ տեսակը չէր։ Չնայած վերջին շրջանում նրա հետ շփվողներն, անընդհատ սոցիալական վատ վիճակը շեշտում են։ Բայց երբ նրան կրկին տեսա, նա կոկիկ հագնված էր, կուշտ (եթե կոպիտ ձեւակերպումներով ասենք):

– Նախագահի մամուլի խոսնակը հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո հրավիրված ասուլիսում ասաց նաեւ, որ խորհրդարանի դահլիճում կատարվածը չի հեռարձակվել ամբողջովին, քանի որ այնտեղ դաժան տեսարաններ կան, այդ բանը կարվի ավելի ուշ։ Ե՞րբ եք պատրաստվում ցուցադրել տեսաերիզն ամբողջությամբ։

– Կարծում եմ այդպես չի ասել, նա ասել է՝ կա տեսագրությունը: Ամբողջական տեսագրությունը, ես չգիտեմ՝ կա, թե չկա։ Մենք ունենք ավելին, քան ցուցադրվել է, այդ երեկո դիտմամբ ենք ցուցադրել այն փոքր հատվածը, ինչ-որ տարածվել է ամբողջ աշխարհով։ Մենք մեր առաջ խնդիր էինք դրել չբորբոքել առանց այն էլ բորբոքված կրքերը, իրոք դաժանություն չցուցադրել, որպեսզի չսադրենք հանրությանն անկառավարելի գործողությունների։ Դա եղել է իրոք։ Բայց տեսաերիզն այժմ գտնվում է նախաքննության մարմնի մոտ եւ այն պահից, երբ տեսաերիզն այդ մարմնի մոտ է, միայն այդ մարմնի որոշումով նպատակահարմարությունը կորոշվի:

– Ասեկոսեներ են պտտվում, որ դուք տեսաերիզը վաճառել եք մի շարք միջազգային ընկերությունների, մասնավորապես Սի Էն Էն-ին եւ որ այդ ընկերությունը ՀԱՀ-ից ավելի վաղ է ցուցադրել խորհրդարանում կատարվածը։

– Ասեկոսեներն այս օրերին շատ են, օրվա մեջ մի 10 հիմար միտք շրջանառվում է Երեւանում։ Նախ ծիծաղելի է ասել, որ մենք մի քանի րոպե առաջ Սի Էն Էն-ին ինչ-որ բան վաճառել ենք։ Սի Էն Էն- ի հետ կապվելու ճանապարհը արբանյակային կապն է, որը մի քանի ժամ առաջ պետք է պայմանավորված լինի, եթե պատվիրվում է, ապա Հայաստանում առնվազն մի քանի հիմնարկ պետք է այդ մասին տեղյակ լինի, եւ հոյակապ գիտեն, թե որտեղից ինչ ուղղությամբ ինչ հեռարձակվեց։

– «Հայլուրի» այդ օրվա թողարկումներում ասվում էր, որ պաշտոնական տեղեկություն է հաղորդվում։ Մասնավոր հեռուստաընկերություններն ավելի շատ ինֆորմացիա էին հաղորդում, քան ազգայինը։

– Այս օրերին հաճախ ենք նման հարցերին պատասխաններ տալիս, անընդհատ չի եղել այն, ինչ-որ ասում եք։ Առաջին թողարկումը եւ երկրորդը եղան շատ ընդգրկուն տեղեկությամբ, դրանից հետո եղավ մի պահ, երբ անընդհատ շեշտում էինք, որ «Հայլուրը» պաշտոնական տեղեկություն է հաղորդում, հասկացնելու համար մեր հեռուստադիտողներին, որ այս պահին նպատակահարմար է գտնված ասել ձեզ այնքան, որքան ասվում է: Կրկնում եմ, այդ պահից սկսած պարզ դարձավ, որ ինչ-որ եղել է ԱԺ-ում, չի ավարտվել, եւ կան 40-ից ավելի պատանդներ: Մնացածը երկրորդական պլան մղվեց, մեզ համար կարեւոր դարձավ այդ մարդկանց կյանքին որեւէ կերպ չվնասելը։ Ըստ էության, հեռուստատեսությունը հայտնվել էր կիզակետում։ Ահաբեկիչների գլխավոր պայմանն ուղիղ հեռուստաեթերն էր։ Կարծում եմ, ոչ մեկի մոտ կասկած չկա, որ առաջինը Ազգային հեռուստատեսությունն էր իմանում, թե ինչ է կատարվում ԱԺ-ում, եւ այն, ինչ որ մենք չէինք ասում եթերում, ընդամենն ուղղված էր նրան, որ հանկարծ չգրգռեինք ահաբեկիչներին, ակամա հանկարծ նրանց որեւէ պահանջ կատարած չլինեինք, որ նրանք լրացուցիչ, այլ, ավելի բարդ խնդիրներ չդնեին նախագահի առաջ:

– Ամբողջական տեսաերիզում երեւո՞ւմ է, թե ով է կրակել Կարեն Դեմիրճյանին, եւ այլ մանրամասներ։

– Ես կարծում եմ, այն տեսաերիզը, որը գտնվում է զինվորական դատախազությունում, շատ հարցերի, այդ թվում՝ նաեւ ձեր տված, մի քանի հարցերի պատասխանում է։

Հարցազրույցը վարեց Մարգարիտ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930