«Առավոտի» խմբագրություն երեկ զանգահարեց հոկտեմբերի 27-ին ԱԺ ներխուժած խմբի անդամներից մեկի՝ Էդուարդ Գրիգորյանի հայրը՝ Գարեգին Գրիգորյանը եւ հուզված ասաց հետեւյալը. «Ես ձեզ զանգ եմ տալիս փողոցի հեռախոսից։ Ինքս չգիտեմ՝ որքան եմ զայրացած։ Բառեր չեմ գտնում։ Եթե այդ պահին տղայիս իմ ձեռքը տային՝ կսպանեի։ Բայց ես նրան այնպես էի դաստիարակել, որ նա չէր կարող մարդ սպանել։ Մենք քիչ թե շատ ապահովված էինք»։
– Հոկտեմբերի 27-ին ձեր տղային տեսե՞լ եք։
– Ոչ։ Բայց նախորդ օրն եմ տեսել։ Որեւէ կասկածելի բան չնկատեցի։
– Փաստաբան վարձե՞լ եք արդեն։
Կարդացեք նաև
– Չգիտեմ։ Մայրը ոնց որ թե այդ հարցով զբաղվել է։ Ես ապատիայի մեջ եմ։ Ե՛վ ես, ե՛ւ եղբայրս, ե՛ւ տղաներս առանձնակի համակրում էինք ու ծանոթություն ունեինք Յուրայի՝ Յուրի Բախշյանի հետ։
– Ներեցեք, այսինքն դուք չե՞ք պատրաստվում այլեւս հետաքրքրվել ձեր տղայի հետագա ճակատագրով։
– Ոչ, ի՞նչ եք ասում, նա իմ տղան է։
Լ. ԱՎԱԳՅԱՆ
ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԵՑՈՒՆ
Վերջին մի քանի օրերի գերլարված իրավիճակը, օրեր շարունակ հեռուստացույցով հանրապետության մի շարք հեղինակավոր ու սիրված մարդկանց դաժան սպանության կադրերը եւ ապա նրանց աճյունների անօգնական ու սահմռկեցուցիչ շարքն աչքի առաջ ունենալը ենթադրում էր սրտային եւ հիպերտոնիկ հիվանդությունների աճ։
Ի դեպ, այդ ենթադրության հիմնավորում կարող են ծառայել գրեթե յուրաքանչյուրիս ընտանիքներում հատկապես տարեց հարազատների արյան ճնշման տատանումները, սրտի նվաղումները… Սակայն «Շտապ օգնություն» ծառայության գլխավոր տնօրենի տեղակալը՝ տիկին Ժամկոչյանը, հիմնովին հերքեց՝ «քոքից կտրեց» բոլոր այդ ենթադրությունները. հոկտեմբերի 27-ից 31-ը ոչ մի տիպի կանչերի կտրուկ աճ կամ նվազում չի նկատվել. «Ուղղակի, հենց այդ օրերին մենք սպասարկել ենք ե՛ւ շարքային քաղաքացիներին, ե՛ւ զոհվածների ընտանիքներին։ Այդ ընթացքում ունեցել ենք 123 կանչ, որից միայն 4-ի դեպքում է հիվանդանոց տեղափոխելու հարց առաջացել։ 3 հիվանդի տեղափոխել ենք 2-րդ հիվանդանոց՝ արյան բարձր ճնշմամբ, իսկ մեկին տեղափոխել ենք շտապօգնության հիվանդանոց՝ գլխապտույտ է ունեցել, վայր է ընկել»։
Գլխավոր տնօրենի տեղակալը անհիմն համարեց հետագայում որոշակի հիվանդությունների աճի մասին ենթադրությունները. «Ինչ խոսք, ժողովրդի մի ստվար զանգվածը դեռեւս ծանր սթրեսի մեջ է, սակայն որեւէ բում՝ որեւէ հիվանդության առումով, չի սպասվում»։
Մ. ԲԵՔԱՐՅԱՆ
ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ազգային ժողովում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, ինչպես գիտեք, հարուցվել է քրեական գործ։ Հիշյալ խմբի դեմ հարուցված քր.գործի նախաքննությունը կատարում է զինվորական դատախազությունը։ Քննչական խմբի ղեկավարն է հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը։ Քննչական խմբում ընդգրկված են ինչպես հանրապետության դատախազության, այնպես էլ զինվորական դատախազության քննիչներ։ Երեկ մեզ հայտնի դարձավ, թե ովքեր են լինելու ոճրագործների պաշտպանները. Նաիրի Հունանյանի պաշտպանն է Արտաշես Պահլավունին, Կարեն Հունանյանինը՝ Կիմա Մելքոնյանը, Դերենիկ Բեջանյանինը՝ Կառլեն Աթաբեկյանը, Էդիկ Գրիգորյանինը՝ Վարդան Սաֆարյանը, Վռամ Գալստյանինը՝ Ժուդեքս Շաքարյանը։
Սեփ. լր.