Լրահոս
Օրվա լրահոսը

Թող լույս իջնի շիրմիդ

Նոյեմբեր 02,1999 00:00
rijkov

Օպերային թատրոնի շենքից մեր ժամանակների մեծագույն գործչի՝ Կարեն Դեմիրճյանի դին ժողովուրդն իր ձեռքերի վրա հասցրեց Կոմիտասի անվան պանթեոն, ուր անթեղված են ազգի ընտիր մեռելների աճյունները։

Ու թեպետ Աբովյան-Թումանյան խաչմերուկում սպասող ավտոբուսները չկարողացան հուղարկավորությանը մասնակցել ցանկացող բոլոր մարդկանց տեղավորել, սակայն նրանցում գտնվողներն էլ քաղաքապետարանի մոտակայքում իջան ավտոբուսներից եւ շարունակեցին գնալ բազմահազարանոց սգո թափորի հետ։

Մարդիկ անիծում էին՝ ասում, որ մահապատիժն անգամ քիչ է մարդասպանների համար, նրանք պետք է տանջամահ արվեն։

Պահանջ կար նաեւ իշխանություններից հնարավորինս շուտ բացահայտել եղելությունը։

Իսկ սգո թափորը րոպե առ րոպե մեծանում էր։ Այսպես, սգո թափորը մուտք գործեց Կոմիտասի անվան պանթեոնի տարածք։ Սգո հանդեսը տրվեց մի խումբ քահանաների եւ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի ձեռամբ։

Հետո խոսք առավ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի հայ-ռուսական խմբի նախագահ Նիկոլայ Ռիժկովը.

-Տասնմեկ տարի առաջ հայոց հողում աղետ տեղի ունեցավ, երկրաշարժը տասնյակ հազարների կյանք խլեց։ Այսօր եւս Հայաստանում ողբ է։ Այս անգամ զոհվել են հայ ժողովրդի լավագույն զավակները՝ մարդասպանների ձեռքով։ Դժվար է պատկերացնել, որ այս կանխամտածված սպանությունը տեղի է ունենում մեր ժամանակներում եւ Հայաստանում։ Կգա ժամանակը եւ պարզ կդառնա, թե ով է կանգնած չարագործ մարդասպանների թիկունքին։ Այսօր պարզ է մի բան՝ սա քաղաքական սպանություն է, նրանց սպանությունը, ում հետ Հայաստանի ժողովուրդը կապել էր իր ապագան։ Սա հույսերի, Ռուսաստանի հետ բարեկամության խորհրդարան ու կառավարություն էր։

Նիկոլայ Ռիժկովը ցավակցություն հայտնելով Կարեն Դեմիրճյանի հարազատներին, ասաց, որ զոհվել է իր մեծագույն ընկերը, իսկ պետության մեջ՝ մեծ քաղաքացին։

Հետո խոսք ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը։

Հիսուն տարի Կարեն Դեմիրճյանն ու Ֆադեյ Սարգսյանն ընկերություն են արել, տասներկու տարի՝ աշխատել ձեռք-ձեռքի տված. «Ամեն ինչ արել ենք, որպեսզի մեր հանրապետությունը կառուցենք։ Իմ թիկունքին ժայռ էր կանգնած։ Իմ գլխից այդ մարդը հեռացավ»։

-Ավելի մեծ ոճրագործություն մեր ազգի նկատմամբ դժվար էր անել,- ասաց Ֆադեյ Սարգսյանը՝ ավելացնելով, որ ժողովուրդը, միեւնույն է, շարունակելու է Կարեն Դեմիրճյանի գործը։

Խոսք ասաց նաեւ ԱԺ պատգամավոր Դավիթ Հովհաննեսը. «Տեսեք, թե այս ծովածավալ ժողովուրդն այս մեծ վիշտն իր սրտում ինչպիսի պատասխան է տալիս ոճրագործներին, համաժողովրդական սիրո ցույց եւ արտահայտություն է անում»։

Լեոնիդ Հակոբյանն էլ ընթերցեց ցավակցության բազմաթիվ հեռագրերը, որ ուղարկվել են աշխարհի տարբեր ծայրերից։ Իրենց խոսքն էին ասել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը, Դաշնային խորհրդի նախագահ Եգոր Ստրոեւը, Ուկրաինայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Վրաստանի բազմաթիվ պետական եւ քաղաքական այրեր։

Իսկ ակադեմիկոս Եվգենի Պրիմակովն էլ գրել էր. «Ցնցված եմ իմ ընկերոջ՝ Կարեն Դեմիրճյանի, մահվամբ։ Բառերը չեն բավարարում ցավակցությունս հայտնելու Կարեն Սերոբիչի մերձավորներին եւ հարազատներին։ Անեծք նրան սպանողներին»։

Հարազատ հողն իր գիրկն ընդունեց սեփական մեծագույն զավակին։

Նրա դին հողին հանձնվեց Հայաստանի Հանրապետության հիմնի հնչյունների ներքո։

Խորհրդանշական է, որ Կարեն Դեմիրճյանը թաղվեց արվեստի եւ մշակույթի գործիչների կողքին, ուր ննջում են Մհեր Մկրտչյանը, Վահագն Դավթյանը, Սերո Խանզադյանը։

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

«Ազատություն» ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930