Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Նոյեմբեր 02,1999 00:00
toto

Հայ ժողովրդի հերոսական անցյալը գերհագեցած է ուրացությամբ ու դավաճանությամբ, մատնությամբ ու վրեժխնդրությամբ, պանդխտությամբ ու ողբով։ Մեր ճակատամարտերից՝ ստույգ պարտության ելքով, ընդամենը «բարոյական» հաղթանակներ ենք քամել եւ մի կերպ հավասարակշռվելու համար դրանք անվանել Գոյամարտ։ Պառակտումների դեմն առել ենք միաբանվելու դատարկ կոչերով, կորուստները փոխհատուցել ենք տեսլականներով։

Հիրավի՝ բացառիկ ազգ ենք։ Բացառիկ ենք իմացյալ մահը պաշտելու եւ իմացյալ գոյությունն արհամարհելու զարմանահրաշ օժտվածությամբ, սերը մերժելու եւ կուրությունը գերադասելու, օտարի իշխանությունը հանդուրժելու «իմաստնությամբ», սակավաթիվ մեր հաղթանակներից հետո այդ հաղթանակների մեղավորներին գտնել-ոչնչացնելու սահմռկեցուցիչ բնազդով։

Եվ, որ ամենաարտառոցն է՝ դարեր ի վեր հայրենասիրության ամենավառ դրսեւորումը մեզ համար եղել է հայրասպանությունը։

Ապշելու բան է. ոչ մի ազգ, ի դեմս իր քաջորդիների, իր ժողովրդին փրկելու մարմաջով այնքան չի տառապել, որքան մենք։ Մենք մեր երկիրը, հայրենիքը, ժողովրդին փրկել ենք բոլոր ժամանակներում, առանց միջոցների խտրության։ Փրկարար այդ առաքելությունն իրագործել ենք ամենահետին արարքները վերուստ արդարացված համարելով։ Հայ քաջորդիները հայ ժողովրդին վերջին անգամ փրկեցին Լեւոնի օրոք, հիմա էլ, ահա, փրկում են Ռոբերտի օրոք… Նորօրյա մեր «քաջերը» գրեթե իմացյալ մահվան գիտակցումով ներխուժեցին խորհրդարան եւ իրենց իսկ բառերով՝ «սատկացրին» «ժողովրդի արյունը ծծողներին»։ Այս անգամ, պարզվում է, հանուն բազմաչարչար հայ ժողովրդի զավակների… կոշիկների ու դպրոցական դասագրքերի։

Մարդասպանի հայրը կատարվածին «Ազգում» այսպես արձագանքեց. «Ավելի լավ է ինձ սպաներ»։

Բայց «Հայրասպանություն հանուն հայրենիքի» բանաձեւն այսօր փոքր-ինչ հնացած է եւ պակաս ազդեցիկ։ Հանուն հայրենիքի այսօր հրատապ է առաջնորդների զանգվածային սպանդը, եւ որքան էլ անբնական է ու քստմնելի՝ 1500 տարի առաջ «դավաճան հոր» եւ «ուրացող մոր» սպանությունն ու այսօրվա եղեռնագործությունը նույն արձագանքն են կորզում խելացնոր բազմությունից. «Արժանի էր»։

Առողջ, կենսունակ հատիկը ոչնչացնելու եւ տականքը ջրի երես հանելու՝ անպատկերացնելի մեր ունակությունը մեզ տարուբերել է հուսալքության ու հոխորտանքի, գոյություն քարշ տալու եւ Ագռավաքարի սահմանին։ Մեզ համար նվիրական անուններ են Վրեժը, Պանդուխտը, Երանուհին… Նենգությամբ ու երեսպաշտությամբ, խարդավանքով ու դավով գլխատել ենք իրար՝ վաղ թե ուշ ինքներս արժանանալով Աստծո դատաստանին։

Մենք նպատակասլաց գնում ենք մահվան, եթե այս գերխնդիրը չհաջողենք՝ ուրեմն՝ ազատության…

Ահա այս ճանապարհին գնդակահարվեց «Միասնությունը», եւ զարմանալի հեռատեսությամբ ունենք «Իրավունք եւ միաբանություն»։ Այս դաստիարակության ու նկարագրի թելադրանքով ահա՝ «Ստամբուլը դարձնենք արյան ծով» տեսլականը տեղը զիջեց «Խորհրդարանը դարձնենք արյան ծով» իրականին։

Անելանելի վիճակներում մենք պարզապես մեր տարերքի մեջ ենք։ Գիտակցում ենք առնվազն երկու ելք՝ նահանջ կամ ինքնախոշտանգում։ Մեր ծրագրերն ու վաղվա օրը դատապարտված են, քանզի մեր ամենախելացի զրույցները բացառապես անցյալի մասին են: Մեր լավագույն երգերը կոտորածների մասին են: Արքաները, զորավարները, մտավորականները գլխատված են մեր իսկ ձեռքով: Մեր ամենանվիրական զգացմունքները, հաղթական ու արժանապատիվ կեցվածքը կապված են մեր Ցեղասպանությունը ճանաչել տալու, ոչ թե արժանավորին պահպանելու, այլ ոչնչացնելու, մեր կորուստները եւ թշվառությունները Խորենացուց մինչեւ Խաչատուր Աբովյան եւ առ այսօր ողբալու, այդ ողբերից գեղարվեստական հաճույք ստանալու, ի վերջո՝ մահվան խորհուրդը ջանասիրաբար ըմբռնելու հետ։ Մշտնջենական ափսոսանքի եւ մեռելապաշտության ծանր բեռան տակ՝ չունենք հստակ անելիք եւ վաղվա ապահովություն։ Աշխարհի երեսից չվերանալը մեզ համար համարժեք է գրեթե վերածննդի։ Հերթական անգամ իսպառ չտրորվելը թվում է գրեթե հաջողություն, գոյություն պահպանելու մեզ շպրտված ողորմությունը՝ գրեթե հերոսական նվաճում։

Խեղանդամ այս աշխարհընկալմամբ սերունդներ ենք դաստիարակում եւ թողնում բախտի քմահաճույքին, օտար գազանի երախին մերձ, մեր մեջ չհագեցող արյան ծարավին զոհ։

… Կաթողիկոսի ընտրությունը ապշեցուցիչ ճշգրտությամբ համընկավ հավատի փշրանքների գնդակահարությանը։ Եվ չկա երաշխիք, որ չի շարունակվելու դավադրության խրախճանքը հանուն պետական անվտանգության, հանուն մեր հայրենիքի գալիք օրվա եւ հանուն Ադրբեջանի տարածքային ամբողջականության, հանուն Հայաստանի միասեռ պաշտոնական տեղեկատվության…

Ի՞նչ է լինելու ապագան մի երկրի, որտեղ ոմն «շիզոֆրենիկ» համաշխարհային մտասեւեռում է հայցում։ Ի՞նչ կարող է լինել ապագան մի երկրի, որտեղ համաշխարհային մտասեւեռում փորձի հայցել ոչ թե «շիզոֆրենիկը», այլ մինչեւ վերջ ծրագրավորված թշնամին։

…Դեռեւս իր կառափնարանին չհասած Առողջ միտքը հազիվ թե կարողանա բացատրել-հասկացնել, որ հայրասպանության ավանդույթները շարունակող տեսակը չափազանց ողորմելի է երեսպաշտորեն ժողովրդի իմաստնությունն աղերսելիս, թեկուզ եւ ուրիշի թելադրանքով՝ սեփական ոչնչությունը պարտադրելիս, «Արժանի՜ էր» աղաղակներն ակնկալելիս։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930