«Իրավունք» թերթում ՆԳ նախկին աշխատակից Գագիկ Կոստանդյանը վկայություն է տալիս ԱԺ դահլիճում կատարվածի մասին, իր խոսքի սկզբում մասնավորապես ասելով. «… Առաջին պահին ինձ թվաց, թե թուրքեր են, ադրբեջանցիներ, որովհետեւ մեկին նմանեցրի ադրբեջանցու։ Ինձ մոտ եղած զենքը բերեցի մարտական վիճակի եւ մտածում էի, որ մեռնելուց առաջ գոնե մեկ-երկու հոգու հետս կտանեմ։ Բայց երբ տեսա հայեր են, եւ կրակահերթը դադարեցրին, զենքը պահեցի…»։ Ընթերցողը վկայի այս եւ այլ նկարագրություններից կարող է բավականաչափ հստակ պատկերացում կազմել ինչպես այդ օրվա ողջ անցուդարձի, այնպես էլ օրհասական վիճակում ԱԺ պատգամավորի խիզախ եւ հստակ գործողությունների մասին։
ՎԱՏ ԼՈՒՐ
ՌԴ կառավարության պաշտոնաթերթը հանդիսացող «Ռոսիյսկայա գազետան» նշում է, որ Հայաստանում քաղաքական իրավիճակի զարգացման չափանիշը կարող է լինել Վազգեն Սարգսյանի ամենամոտ զինակից, ներկայիս պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ճակատագիրը։ «Եթե նա մնա իր տեղում կամ բարձրանա վերեւ,- գրում է թերթը,- ուրեմն Ռոբերտ Քոչարյան-Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան գիծը շարունակվելու է։ Եթե գեներալ Հարությունյանը դուրս գա քաղաքական ասպարեզից, ապա պարզ կդառնա, թե ով էր կանգնած ահաբեկիչների հետեւում»։ Ավելի լավ կլիներ, իհարկե, որ ՊՆ նախարարն (անկախ անձից) ընդհանրապես չլիներ քաղաքական ասպարեզում, այլ, ինչպես դա ընդունված է քաղաքակիրթ երկրներում, կատարեր իր անմիջական պարտականությունները։