Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՆԳԻՍՏ Է ՆԱԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ

Հոկտեմբեր 30,1999 00:00
karabax

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունում «Ազատություն» ռ/կ-ի Ստեփանակերտի թղթակցին հայտնել են, թե խստացվել է նախագահի նստավայր եւ կառավարություն ելումուտի ռեժիմը։ Թղթակիցը մեջբերել է Արկադի Ղուկասյանի հունիսի 29-ի հրապարակային ելույթից. «Մեր նոր հայերը, նոր ղարաբաղցիները, բուրժույները մարդ են սպանում՝ գործը կարճում են, դատարան չի հասնում։ Իրենց համար դատարան չկա։ Կա մի կլան, որի համար ոչ մի բան չկա։ Ես այդ բոլոր գործերը ետ եմ վերադարձրել՝ թող դատարանի առաջ պատասխան տան»։

Եվ այս մեջբերումը զուգորդել է վերջին ամիսների ընթացքում իրականացված ձերբակալությունների հետ։ Կալանքի տակ են ՆԳՆ քննչական մեկուսարանի նախկին պետը եւ նրա եղբայրը։ ՆԳ նախկին փոխնախարար, պաշտպանության բանակի ռազմական ոստիկանության նախկին պետը հոկտեմբերի 18-ին հանձնվել է իրավապահներին։ Մի քանի օր անց, ըստ լուրերի, անվտանգության մարմինները ձերբակալել են պաշտպանության բանակի պահակազորային ծառայության մի բարձրաստիճան սպայի։ Ավելի վաղ բնակության վայրից չբացակայելու ստորագրությամբ արգելանքից ազատ էր արձակվել նախագահ Արկադի Ղուկասյանի աշխատասենյակում լսող սարք տեղադրելու մեջ կասկածյալը։ «Ազատության» թղթակիցը նաեւ նշել է, թե Ստեփանակերտում որոշ աղբյուրներ չեն բացառում, որ Հայաստանում վերջին 1-2 տարում չբացահայտված սպանություններից մեկը կարող է նաեւ ղարաբաղյան հետագիծ ունենալ։

«Առավոտի» կողմից հավելենք, թե նման «հետագիծը» վերագրվում է մասնավորապես Վահրամ Խոռխոռունու սպանությանը։ Իսկ Ստեփանակերտի թղթակիցը ոչ պաշտոնական լուրերը վկայակոչելով նշում է, թե հոկտեմբերի 27-ին եւ դրա նախօրեին Ստեփանակերտում գտնված Սերժ Սարգսյանը ժամանել էր օպերատիվ խմբի ուղեկցությամբ։ Եվ ենթադրություն է հայտնել, որ եթե հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում պատահածը չընդհատեր Սերժ Սարգսյանի այցը, ապա Ստեփանակերտում ավելի լուրջ զարգացումներ տեղի կունենային։ Իր այս ենթադրությունը հիմնավորում է վերջին շաբաթներին ազդեցիկ տնտեսավարողների գործունեությունը ԼՂՀ դատախազության կողմից ստուգելու մասին լուրերով։

Մեր կողմից հավելենք, որ այս վարկածը հայտնի էր նաեւ Երեւանում հենց հոկտեմբերի 27-ին՝ թե այդ օրը Ստեփանակերտում պիտի ձերբակալվեր հանրահայտ Ամուլիկը, որը ժամանակին «Արցախ» կոմիտեում զբաղվում էր մատակարարման հարցերով, իսկ հետո տնտեսական հարցերում Սամվել Բաբայանի աջ ձեռքն էր։

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031