Արցախի ողջ ժողովուրդը, հանրապետության իշխանությունները, ինչպես նաեւ կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները դատապարտում են ՀՀ ԱԺ-ի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչությունը, ցավակցում անմեղ զոհերի հարազատներին ու միաժամանակ կոչ անում Հայաստանի բնակչությանը՝ ցուցաբերել ողջախոհություն ու պահպանել ներքին կայունություն։
Արցախի արմենակյան կուսակցության հանրապետական վարչությունը «Առավոտին» է տրամադրել իր հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է. «Ցնցված ենք ՀՀ խորհրդարանի դահլիճում կատարված ոճրագործությունից։ Ահաբեկչությամբ, դաժանությամբ հնարավոր չէ լուծել ազգային-պետական նշանակության խնդիրներ։ Կարելի է միայն պառակտել ժողովրդի միասնությունը, ոտնահարել պետության միջազգային վարկանիշը։ Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք վճռական գործողություններ՝ բացահայտելու ոճրագործության իսկական մոտիվները եւ այն ուժերին, որոնք իրականում կանգնած են ահաբեկիչների թիկունքում։ Կոչ ենք անում հայ ժողովրդին չենթարկվել ամենատարբեր մակարդակների, կողմնակալ լրատվամիջոցներից մեզ հրամցվող սադրանքներին, պահպանել կայունություն եւ ազգային միասնություն՝ ստեղծված իրավիճակից արժանապատվորեն դուրս գալու համար»։
ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները մտահոգություն են հարուցել հայկական ժողովրդավարության ապագայի նկատմամբ։ Այսպես արտահայտվեց ԼՂ քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Կարեն Օհանջանյանը. «Խստագույն բռնություն է գործադրվել ժողովրդավարության, քաղաքացու ընտրելու իրավունքի վրա։ ԼՂ ՔԴԿ-ն դատապարտում է ահաբեկչական այդ գործողությունը եւ գտնում է, որ ցանկացած խնդիր՝ լինի քաղաքական, սոցիալ-տնտեսական, պետք է բարձրացվի եւ լուծվի բացարձակապես քաղաքական միջոցներով»։
Համայն հայության ճակատագրով մտահոգ ՔԴԿ-ն կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին համախմբվել ՀՀ ընտրված ղեկավարության շուրջը եւ քաղաքական երկխոսության ճանապարհով արժանապատվորեն դուրս գալ ճգնաժամից. «Ողբերգության դասերը պետք է ենթարկվեն անաչառ վերլուծության եւ հաշվի առնվեն համայն հայության կողմից»։