Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՐՁՅԱԼ ԱՍՎՈԻՄ է՝ ՄԻ ՕՐ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՊԱՐԶՎԻ

Հոկտեմբեր 30,1999 10:00
hoktemberi 27

Իսկ այդ օրը կարծես գալու միտք չունի

Երեկ առավոտյան խորհրդարանական խմբերի եւ խմբակցությունների ղեկավարները խորհրդարանի շենքում հանդիպեցին հանրապետության նախագահի հետ։ Լրագրողները դարձյալ մնացին ցանկապատից այս կողմ։ Մնում էր որսալ դուրս եկողներին եւ փորձել հարցուպատասխանի միջոցով ճշտել, թե ինչի մասին են խոսել, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել եւ այլն։

«Կան մարդիկ, որոնք կրակում են»

Խորհրդարանի տարածքն առաջին լքողներից մեկը ՀՅԴ անդամ, պատգամավոր Վահան Հովհաննիսյանն էր։ Հիշեցնեմ, որ մեկ օր առաջ տպագրվել էր կառավարության մամուլի եւ հասարակայնության վարչության պետ Տիգրան Հակոբյանի հրապարակումը, որում մեղադրանք է հնչում առաջին հերթին դաշնակցության հասցեին: Պրն Հովհաննիսյանն ասաց. «Այո, ես կարդացի, նա գրում է, որ բարոյական պատասխանատվությունը մերն է։ Ես զարմանում եմ, որ Տիգրան Հակոբյանը միանգամից քրեական մեղադրանքներ չի ներկայացնում, որովհետեւ նրանք այդ փորձն ունեն՝ դեռ ոչինչ չեղած, անմիջապես մեղադրել եւ գտնել մեղավորին։ Մենք այստեղ ոչ մի բարոյական պրոբլեմ չունենք։ Մարդուն ութ տարի առաջ դաշնակցությունից դուրս են շպրտել։ Մենք ի՞նչ բարոյական պատասխանատվություն կարող ենք կրել։ (…) Ոչ, նա ակնկալում է կարող է դաշնակցությունից հեռացվածների մի մաս իսկապես նրա նկատմամբ համակրանք ունի, բայց այս դեպքում մենք կանգնում ենք հետեւյալ պրոբլեմի առաջ. ժողովրդի շատ ու շատ ներկայացուցիչներ խոսում են, որ այդպես պետք է լիներ։ Սա խոսում է ժողովրդի ջղագրգռության եւ ինչ-որ թեղ նաև հիստերիայի դրսեւորում է։ Նման բաների վրա չպետք է խաբնվել։ Ինչ վերաբերում է այս հայտարարությանը, նա այնտեղ կարծեմ գրել էր, որ պատրաստ է բանավեճով ապացուցել: Մի քիչ այս վիճակից դուրս գանք, կտեսնենք՝ ի՞նչ փաստարկներ ունի ասելու։ Կարող եմ ասել, որ այս երկրում շատ կան դաշնակցությունից հեռացված մարդիկ, գուցե ոչ պակաս, քան դաշնակցության մեջ հիմա եղածները: Այո, այդպիսին է մեր կուսակցությունը, խորհրդարանում կան, դուրսն էլ կան։ Մենք չենք կարող պատասխանատվություն կրել նրանց գործողությունների համար: Իսկ եթե խոսքը գնում է գաղափարախոսության մասին, ապա հիշենք Նաիրի Հունանյանի հեռուստատեսությամբ հնչած հայտարարությունը: Նա խոսում է այն մասին, որ երեխաներն առանց կոշիկ են մնացել, դպրոց չեն գնում, ժողովուրդն աղքատ է։ Այսինքն՝ ասում էր այն, ինչ-որ կարող էր ասել յուրաքանչյուր պատգամավոր, ոչ միայն օպոզիցիոն պատգամավոր: Նույն «Միասնության» պատգամավորները խորհրդարանում նույնն են ասում։ Այս պայմաններում ուղղակի տարբերությունը մեկն է՝ պառլամենտականները ասում են դա եւ փորձում են դրա պայքարել, որ ժողովուրդն այդ իրավիճակից դուրս գա, իսկ կան մարդիկ, որոնք կրակում են»։

«Շտապել, դիտմամբ արագացնել չարժի»

Arshak Sadoyan

Արշակ Սադոյանը չէր ուզում հարցազրույց տալ, բայց բավականին երկար պատասխանեց լրագրողների հարցերին։

– ԱԺՄ-ի խմբակցության հետ նախագահն առանձին հանդիպելո՞ւ է։

– Այդ հարցը դեռ չենք որոշել։

– Ե՞րբ են լինելու ԱԺ նախագահի ընտրությունները, ինչ-որ պայմանավորվածություններ կա՞ն։

– Մեր կուսակցության խոր համոզվածությամբ՝ շտապել, դիտմամբ արագացնել չարժի։ Տվյալ իրավիճակում կարելի է սահմանադրության, օրենքների ընձեռած հնարավորությունների շրջանակում քայլեր անել եւ ամեն ինչ կարող է ստացվել…

Ուժային նախարարների հրաժարականի մասին խոսք եղե՞լ է։

– Այսօր այդ մասին որևէ կոնկրետ խոսակցություն չի եղել։

– Քննարկման ընթացքում իրավիճակն ինչպե՞ս է գնահատվել։

– Իմ կարծիքով ավելորդ լարվածություն չարժե մտցնել։ Մտնել «պանիկայի» մեջ կարիք չկա։ Ինձ թվում է, եթե ներսից պառակտումներ չլինեն, կայունությունը կարելի է հեշտությամբ պաշտպանել։

– Փաստորեն, ԱԺ-ն նորմալ չէր պաշտպանվում, քննարկվե՞լ է այն հարցը, թե դեպքի պահին ինչով էին զբաղված պահակային ծառայությունները։

– Ժուռնալիստներդ բոլորդ գիտեք, թե ինչքան հեշտությամբ էիք առաջ մտնում ներս, բայց այսպիսի արհեստական հետգրություններ, երբ որ դեպքից հետո են բարդություններ ստեղծում, դա իհարկե լուրջ չի։ Ես կարծում եմ, որ պետք է լուրջ մտածված համակարգ ստեղծվի։ Դա պրոբլեմ չի, բարդություն չի, ուղղակի հերթական անփութությունների շարանն է։

– Կարելի՞ է ենթադրել, որ որոշ պատգամավորներ կպահանջեն, որ հետագայում լրագրողների մուտքը ԱԺ-ի շենք սահմանափակվի։

– Ես կարծում եմ, ընդհակառակը, պետք է միշտ ամեն ինչ անել, որպեսզի հրապարակայնության աստիճանը ՀՀ-ում մեծանա, ոչ թե պակասի։ Չորրորդ իշխանության դերը պետք է անընդհատ ավելացնել, ոչ թե պակասեցնել։ Չորրորդ իշխանության դերը պետք է անընդհատ ավելացնել, ոչ թե պակասեցնել։ Տվյալ դեպքը լրագրողների հետ բոլորովին կապ չունի, անիմաստ է այսպիսի կապ տալ։

Արշակ Սադոյանը կրակոցների պահին խորհրդարանի դահլիճում չի եղել։ Նույն պահին նա Դավիթ Լոքյանի հետ քննարկում էր էներգակիրների խնդիրը։ Լրագրողները նույնիսկ կատակեցին. «Մազութը Սադոյանին փրկեց»։

«Հայաստանում պահանջվում է ուժերի նոր վերախմբավորում»

hrant xachatryan

Հրանտ Խաչատրյանի կարծիքով այս պահին չի կարելի այնպիսի փոփոխություններ անել, որոնք համակարգը կաթվածային վիճակի կհասցնեն։ «Միկրոֆոնների մոտ, համենայնդեպս, ոչ մի արտահայտություն, ոչ մի խոսք չի եղել (Հրանտ Խաչատրյանը նույնպես դեպքի վայրում չի եղել եւ հետեւել է իրադարձություններին ռադիոյի միջոցով- Մ. Ե.), որը ինձ կասկած հարուցեր, որ նրանք այլ նպատակներ ունեին (խոսքն ահաբեկիչների մասին է- Մ. Ե.)»: Հիշեցնեմ, որ Նաիրի Հունանյանը փնտրում էր նաեւ Արտաշես Գեղամյանին։ Սակայն, նա նույնպես դահլիճում չէր։ Կատարվածի կապակցությամբ մեղադրանքներ են հնչում նաեւ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի հասցեին։ Այս մասին Հրանտ Խաչատրյանն ասաց. «Մեր խմբակցությանը մեղադրողները կարող են առաջին հերթին փորձել մեզ հետ ինչ-որ հարցեր ճշտել, անհիմն մեղադրանքներ չենք ընդունում եւ չենք էլ քննարկում։ (…)՝ Դեպքերը խաղաղվելուց, ոճրագործությունն ավարտելուց անմիջապես հետո Նաիրին ուղիղ կապի մեջ է եղել Հայկ Բաբուխանյանի հետ, ես կապի մեջ եմ եղել Հայկի հետ եւ որեւէ բան փնտրելու խնդիր չի եղել («Ինչո՞ւ պետք է Նաիրին փնտրեր Արտաշես Գեղամյանին» հարցի պատասխանն է- Մ. Ե..): Կոնտակտի առումով՝ հիվանդներին օգնելու, դեղ տանելու համար Հայկ Բաբուխանյանը 9-10 անգամ դուրս է եկել եւ ներս է մտել»։

Հրանտ Խաչատրյանի ասելով՝ զինյալները «շատ վարժ էին, սառնասիրտ էին։ Ապահով էին զգում, դե գիտեք, եթե մարդ պրոֆեսիոնալ էլ չի այս հարցում, ապա ֆիլմեր շատ ենք նայել բոլորս, բոլորի համար պարզ է»։

«Առավոտի» այն հարցին, որ դեպքերի այսպիսի ընթացքը արդյոք չի՞ տանի նրան, որ «Միասնություն» խմբակցությունը կքայքայվի», Հրանտ Խաչատրյանը պատասխանեց. «Ես կարճ կասեմ, վաղուց եմ ասել, նոր չէ, որ պետք է ասեմ։ Հայաստանում պահանջվում է ուժերի նոր վերախմբավորում։ Ես դեմ եմ ցնցումներին։ Վերջին 10 տարիների ընթացքում շատերն են մոտեցել եւ հարցրել՝ տեռորը կփրկի՞։ Պարծենալու բան չի, եթե ասեմ, հավանաբար շատ դեպքերում ինքս եմ կանխել Գիտեք, որ Նաիրի Հունանյանը ոչ մեկի հետ այդպիսի հարց հավանաբար չի էլ քննարկել։ (…) Քննության մեջ երբեք փոքրամասնությունը ղեկ չի ստանում, բայց վերադասավորման արդյունքում հնարավոր է, որ փոքրամասնությունը հայտնվի մեծամասնության մեջ:

Ի՞նչ հրաժարականներ են սպասվում

Sergey Badalyan

Պատասխանելով «Ազատություն» ռ/կ- ի հարցին. «Նախագահն ի՞նչ ասաց, ինքը պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ», Սերգեյ Բադալյանն ասաց. «Ես երեկ առիթ եմ ունեցել նախագահին ասելու, որ այս պայմաններում լրջագույն անպատասխանատվություն կլիներ այդ մակարդակով հրաժարականի մասին խոսել։ Այդ հարցը, եթե ընդհանրապես առկա է, պետք է լուծվի պետականության տեսակետից, իսկ պրեզիդենտը երդում է տվել եւ մինչեւ վերջին պահը պետք է մնա պրեզիդենտ, առավել եւս, երբ երկրի երկու մյուս առաջին ղեկավարները չկան»։

Ավելի ուշ այլ աղբյուրից պարզվեց, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեղակալը հարցրել է նախագահին. «Ճի՞շտ է, որ դուք ասել եք հրաժարականի մասին»։ Նախագահը պատասխանել է, որ նման խոսակցություն չի եղել, պարզապես ինքը պետք է իմանա իր ֆունկցիաները, զինված ուժերի նախարարի ֆունկցիաներն էլ պետք է նախարարն իմանա։

Լրագրողների հարցումին՝ «Դուք չե՞ք համարում, որ նախագահը պետք է հրաժարական տա», պատգամավորները պատասխանում էին, թե այս պահին դա նպատակահարմար չէ։ «Էլ ի՞նչ պիտի կատարվի հանրապետությունում, որ նախագահը հրաժարական տա» հարցին, պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)՝ պատասխանեց. «Չեմ կարծում, որ նման դեպքերում նախագահը պետք է հրաժարական տա։ ԱԺ-ի պահպանության համար կան ծառայություններ, նախարարություններ, որոնք իրենք պետք է ամեն ինչը ապահովեն։ Եթե նախարարները հրաժարական տան, դա ընդունելի է»։

hovhannes hovhannisyan

Նույն կարծիքին է նաեւ խորհրդարանական «Կայունություն» խմբակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը. «Այս խայտառակ դեպքից հետո ուղղակի պետք էր այդ մարդիկ (ՆԳ, ԱԱ նախարարները եւ գլխավոր դատախազը- Մ. Ե.) հրաժարական իրենք տան»։ «Առավոտի» հարցին. «Դուք բացառո՞ւմ եք արտաքին ուժերի դերը», պրն Հովհաննիսյանը պատասխանեց. «Բնական է, սա պատահական ակցիա չէր. սա հինգ հոգու գործ չեմ համարում, սա ռոմանտիկ տղաների գործ չէր։ Ես կարծում եմ, սա իսկապես պլանավորված ակցիա էր։ Նրանք եկան իրենց հանձնարարությունը կատարեցին։ Գիշերը, երբ դիտում էի հեռուստահաղորդումները (պրն Հովհաննիսյանը նույնպես խորհրդարանում չի եղել, նա կաթողիկոսական ընտրություններին էր մասնակցում- Մ. Ե.), նկատում էի, որ այդ տղաները շատ հանգիստ էին, որ իրենց գործը կատարել էին, ավել մարդու վնաս չէին տա»:

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031