Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժն է ծնում իրավունք

Հոկտեմբեր 30,1999 10:00

Եթե յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում կատարվեր այն, ինչ կատարվեց մեզ մոտ, մի շարք պաշտոնական դեմքերի հրաժարականներն անխուսափելի կլինեին։ Առաջին հերթին՝ նրանց, ովքեր պատասխանատու են ազգային անվտանգության եւ ներքին կարգուկանոնի համար։ Եթե Ազգային անվտանգության, ներքին գործերի նախարարություններն ու գլխավոր դատախազը ողբերգության հաջորդ օրը հրաժարական ներկայացնեին, այս կապակցությամբ հարցեր չէին ծագի։ Ավելին, դա կընկալվեր որպես կատարվածի տրամաբանական հետեւություն։ Եթե նրանց հրաժարականները պահանջեին քաղաքական ուժերը, որոշ գործիչներ, հասարակությունը, ինքը՝ նախագահը, շատ բնական կհամարվեր։

Բայց այդ ամենը փոքր-ինչ այլ կերպ կատարվեց։ Դեպքերի հաջորդ օրը կատեգորիկ հայտարարություն է անում պաշտպանության նախարարությունը՝ պահանջելով ԱԱ եւ ՆԳ նախարարների, գլխավոր դատախազի հրաժարականները։ Պաշտպանության նախարարությունը քաղաքական կառույց չէ, հետեւաբար եւ առհասարակ չպետք է ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ ինքնուրույն հայտարարություններ անի։ Ընդ որում՝ Սահմանադրության համաձայն, զինված ուժերի գլխավոր հրամանատարը հանրապետության նախագահն է եւ նա է նշանակում զինված ուժերի բարձրագույն կազմը։

Ժողովուրդը, հավանաբար, դեռ շոկի մեջ է։ Հակառակ դեպքում՝ նա ի սկզբանե կհասկանար, որ ՊՆ-ի նման հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ բանակի՝ երկրի ղեկավարին չենթարկվելու դեմոնստրացիա։ Եթե չասենք՝ վերջնագիր։ Ամեն դեպքում՝ սա փաստ է եւ, մեր կարծիքով, բավական վտանգավոր։ Մանավանդ որ, ՊՆ-ի հայտարարությունում սեւով սպիտակին գրված է. «Ազգային բանակը ժողովրդի ու պետության համար բախտորոշ այս պահին չի կարող անտարբեր մնալ։ Ազգային բանակն իր պարտքն է համարում պաշտպանել ժողովրդի ծանր զրկանքների գնով ձեռք բերված անկախությունն ու խաղաղությունը։ Ազգային բանակն իր պարտքն է համարում պաշտպան կանգնել երկրում սահմանադրական կարգին ու ժողովրդավարությանը»։

Հավանաբար, պետք չէ բացատրել, թե ինչ կարող է հետեւել Ազգային բանակի հայտարարությանը, թե ի՛ր պարտքն է պաշտպանել անկախությունը, խաղաղությունը, սահմանադրական կարգը եւ ժողովրդավարությունը։ Նման հայտարարություններից մինչեւ ռազմական դիկտատուրայի հայտարարումը մեկ քայլ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031