Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. «Կարծում եմ՝ դատ կլինի»

Հոկտեմբեր 29,1999 00:00
naxagahi nstavayr

Հանրապետության նախագահի նստավայր երեկ, ժամը 17-ի մատույցներում, իրար ետեւից ներս էին մտնում Վլադիմիր Մովսիսյանը, Շահեն Կարամանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Հայկ Նիկողոսյանը, Լեւոն Բարխուդարյանը, ՆԳ փոխնախարար Հունանյանը, ԱԺ պատգամավորներ Վարդան Խաչատրյանը, Արթուր Բաղդասարյանը, Արտաշես Գեղամյանը, Վազգեն Մանուկյանը, Շավարշ Խաչատրյանը, Վահան Հովհաննիսյանը, Սերգեյ Բադալյանը։ Կառավարության անդամները թաղման ծիսակատարության հետ կապված խնդիրները քննարկելու էին եկել, իսկ ԱԺ խմբերի եւ խմբակցությունների նախագահները, ինչպես Արտաշես Գեղամյանն ասաց՝ հանրապետության նախագահին իրենց զորակցությունը հայտնելու։ Զորակցությունը հայտնելը տեւեց մոտ մեկ ժամ։ «Ստեղծված իրավիճակում, երբ մեծագույն ազգային ողբերգություն է տեղի ունեցել, բոլորս պարտավոր ենք զսպվածություն դրսեւորել եւ Սահմանադրության միակ երաշխավորի շուրջը համախմբվել»,- ասաց Արտաշես Գեղամյանը։

Խոսքաշատ չէր նաեւ Վազգեն Մանուկյանը. «Հանրապետության նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվեց նոր ԱԺ ձեւավորելու հարցը, ֆիքսվեց, որ երկրի կայունությունն ապահովվի, քննարկվեցին զոհերի թաղման ծիսակատարությունների արարողության հարցերը՝ միասնական հանձնաժողովով»։ Երկրում այժմ կա նախագահ, ԱԺ-ն մոտ ժամանակներս կընտրի ԱԺ նախագահ, իսկ մինչ այդ ստեղծված է կոորդինացիոն մարմին՝ ֆրակցիաների ղեկավարների մասնակցությամբ։ Կհրավիրվի արտահերթ նիստ, որն իր աշխատանքը, փաստորեն, զրոյից կսկսի. նիստը կվարի ԱԺ ամենատարեց պատգամավորը։ Բայց այս ամենը՝ թաղման արարողությունից հետո։ Թաղումը կլինի հոկտեմբերի 31-ին։ Կհայտարարվի եռօրյա սուգ՝ հոկտեմբերի 29-ից 31-ը։ Ներքին գործերի, Ազգային անվտանգության նախարարների, հանրապետության գլխավոր դատախազի հրաժարականներ ներկայացնելու վերաբերյալ պրն Մանուկյանը հիշեցրեց, որ, առհասարակ, կողմ են իր գործը չկատարած մարդու հրաժարականին։ Ահաբեկիչների խմբի որեւէ մեկից ղեկավարվելու կապակցությամբ ասվեց հետեւյալը. «Իմ տպավորությունն այն էր, որ ոչ մի ուժ նրանց ետեւում՝ ոչ ներսում, ոչ դրսում, չկա։ Սկզբում շատ հարցեր էին առաջանում, բայց նրանց հետագա պահվածքը, նրանց ամեն ինչից զգացվեց, որ դա ոնց որ թե մարդկանց մի խումբ է (արկածախնդիր չէի ասի), որոնք համոզված են, թե իրենք մի օգտակար առաքելություն են իրականացնում այս երկրում։ Կարծում եմ՝ դատ կլինի, ամեն ինչը կիմացվի»։

Այսօր նախատեսվում է հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը ԱԺ պատգամավորների հետ։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031