Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԱՆԿԱՅՈՒՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Հոկտեմբեր 29,1999 00:00
Vazgen Manukyan

Հոկտեմբերի 28-ի առավոտյան, ահաբեկիչներին խորհրդարանի շենքից դուրս տանելուց հետո, պատգամավորներն առանձին-առանձին դուրս էին գալիս Դեմիրճյան փողոցի դարպասներից։ Նրանցից ոմանք կարճ հարցուպատասխան էին տալիս լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Ժամը 11.30-ի սահմաններում դարպասներից դուրս եկավ նաեւ Վազգեն Մանուկյանը։ Լրագրողների հարցերին ի պատասխան վերջինս ասաց. «Բնականաբար հուզված եմ. մարդիկ են սպանված եւ Հայաստանը հայտնվել է անկայուն իրադրության մեջ։ Ինձ թվում է, կայունությունը կապահովվի»։

Վազգեն Մանուկյանի կարծիքով ահաբեկիչները «միայնակների մի խումբ է, որը որոշել է մի առաքելությամբ հանդես գալ։ Չի զգացվում, որ նրանց հետեւում ինչ-որ ուժեր են կանգնած»։ Մեր այն հարցին, թե ո՞ւմ է տեսնում պարոն Մանուկյանը ԱԺ նախագահ եւ ՀՀ վարչապետ, վերջինս պատասխանեց. «Հիմա ուղղակի անպատեհ է այդ հարցերի մասին խոսել։ Հիմա կարեւորն այն է, որ բոլոր կուսակցությունները, բոլոր պատգամավորական խմբերը պահպանեն համերաշխություն եւ միասնական ջանքերով փորձեն երկիրը կարգավորել։ Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի։ Ես համոզված եմ, որ բոլոր կուսակցությունները, եւ մեր ժողովուրդը այնքան խոհեմ է, որ վատ դեպքեր չենք տեսնի»։ «Բացառո՞ւմ եք արդյոք դրսի ազդեցությունը դեպքերի այսպիսի ընթացքին» մեր հարցին ի պատասխան պարոն Վ. Մանուկյանն ասաց. «Տեսականորեն դա բացառել հնարավոր չէ, բայց տպավորությունն այն է, որ այս երիտասարդներն ինքնուրույն որոշում էին ընդունել եւ իրականացրել»։

Նույն օրը ժամը 13-ին տեղի ունեցավ խորհրդարանական խմբերի եւ խմբակցությունների համատեղ նիստը։ Լրագրողներին արգելեցին մտնել ԱԺ դարպասներից ներս։ Խորհրդարանի շենքը պահպանվում էր պաշտպանության նախարարության զինվորներով, զրահամեքենաներով։ Մի քանի ժամ անց, երբ պատգամավորները սկսեցին դուրս գալ խորհրդարանի տարածքից, ենթադրեցինք, որ նիստն ավարտված է։ Բոլոր դուրս եկողներն ասում էին, թե ժամը 16-ին ՀՀ նախագահի մոտ պետք է տեղի ունենա խորհրդակցություն։ Հիմնականում պատգամավորները տրամադրված չէին խոսելու, բոլորը գրեթե նույն պատասխանն էին տալիս։ Գերակշռում էր այն տեսակետը, որ կազմակերպված ահաբեկչություն չէր, պարզապես մի խումբ մարդիկ լինչի դատաստան էին կազմակերպել։

Ժամը 15.30-ին դարպասից դուրս եկավ ԱԺ կոմունիստական խմբակցության ղեկավար Սերգեյ Բադալյանը. «Պետք է ստեղծել ժամանակավոր կոորդինացիոն մարմին, ի դեմս խմբակցությունների ղեկավարների, որը եւ կնախապատրաստի խորհրդարանի արտահերթ նիստը։ Իսկ նիստը պետք է անցկացվի ըստ մեր կանոնադրության եւ Սահմանադրության»։ Հայկոմկուսի առաջնորդը եղածին հատուկ վերաբերմունք ուներ. «Երբ որ հեռացնում են կյանքից վարչապետին, որը ռուս-հայկական ռազմաքաղաքական դաշինքի հիմնական կրողն էր, այստեղ բոլորովին այլ կոնտեքստ է»։

Մի քանի րոպե անց խորհրդարանի տարածք մտավ Վլադիմիր Նազարյանը, որը նույնպես խիստ ընկճված էր եւ ձեռքի շարժումով մերժեց հարցերին պատասխանելու լրագրողների խնդրանքը։ Ժամը 15.40-ին դարպասներից դուրս եկան Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը, Գագիկ Կոստանդյանը եւ Վազգեն Մանուկյանը։ Մի երկու րոպե առաջ հայտնի էր դարձել ՊՆ գեներալների հայտարարությունը, որով պահանջվում էր մի շարք նախարարների հրաժարականը։ Դուրս եկողներն այդ ժամին պատասխանելով մեր հարցերին, ասում էին, թե հայտարարությունից տեղյակ չեն։

Ավելի ուշ՝ ժամը 16.30-ի սահմաններում Վահան Հովհաննիսյանը նույնպես դուրս եկավ ԱԺ տարածքից եւ սույն հայտարարության վերաբերյալ հարցին պատասխանելով ասաց. «Ինձ պատմել են, բայց ես ինքս չեմ լսել, հիմա ես գնում եմ այդ նույն հարցերով»։ Պարոն Հովհաննիսյանը եւս Շավարշ Քոչարյանի հետ ուղեւորվեց ՀՀ նախագահի նստավայր։ ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը չուզեց որեւէ գնահատական տալ. «Իրավապահ մարմինները զբաղվում են, ինձ թվում է ապագայում պարզ կլինի, այս պահին քաղաքական գնահատական առայժմ չենք կարող տալ»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031