13 պատգամավոր էին հերթագրվել կառավարությանը հարցեր ուղղելու համար։ Նրանցից երկուսին վարչապետը պատասխանեց։
Աղասի Արշակյան– Պարոն վարչապետ, 40 օր առաջ ես այստեղից Ձեզ մոտ 8 հարց ուղղեցի։ Ուզում եմ այսօր տեղյակ պահել, որ 6-ի վերաբերյալ, ինչի մասին այստեղ նախնական պայմանավորվածություն եղավ՝ որեւէ դրական տեղաշարժ չի կատարված։ Մյուսը, ցանկացած նախարարի, վայ-պաշտոնատար անձի համար կուզենայի սկզբունք լիներ, որ Աղասի Արշակյանը երբեք իր անձնական հարցերով որեւէ մեկին չի դիմում։ Դա ինձ, կարծում եմ, պատիվ բերում է, իսկ ում էլ որ դիմում եմ՝ ավելի շատ նրան եմ պատիվ անում, որ դիմում եմ։ Պարոն Գագիկ Շահբազյան, եթե ես Ձեզ 10 տարվա մեջ մի անգամ զանգահարում՝ մի բան եմ խնդրում, բոլոր էդ ձեր նոր օրենքները՝ վայրենի լիբերալիզացումը մի կողմ դրած, պիտի լինեն նաեւ մարդկային հարաբերություններ։ Եթե 4 օր 40 աստիճանին ջուր չի ստանում Քասախ գյուղը եւ պրն Դեմիրճյանին, դաշինքի մյուս ղեկավարությանը դրա մասին ասում են եւ դուք կշտամբում եք, որ դա հանցագործություն է եւ այլն, ես այդ մարդկանց աղիողորմ խնդրանքները փոխանցում եմ՝ ինձ բանի տեղ չեք դնում, վերաբերմունքը եթե այսպիսին է լինելու՝ ընդհանրապես էս ժամերին խոսափողին մոտ չեմ գա։
Վազգեն Սարգսյան– Եթե ես փորձեի պրն Արշակյանի հետ խոսել իր ոճով, ապա ԱԺ-ում չէր, որ պիտի խոսեի, այլ ուրիշ տեղ։ Եվ միաժամանակ, եթե ես ի պաշտոնե պարտավոր չլինեի պրն Արշակյանին պատասխանել՝ իհարկե, չէի պատասխանի։ Այս ոճը ես չեմ ընդունում եւ առաջարկում եմ, որ ոճերը համապատասխանեցնենք՝ ճշտենք, թե ինչ ոճով ենք իրար հետ աշխատելու։
Նախորդ 6 հարցերի վերաբերյալ կխնդրեի, որ ինձ ներկայացնեք, թե որոնք են այդ հարցերը, որ չեն կատարվել։ Ես պարտավորվում եմ հաջորդ նման հարց ու պատասխանի ժամանակ հստակ պատասխանել…
Կարդացեք նաև
Մանվել Բադեյան– ԱԳՆ-ն որոշակի չափանիշներ ունի՞, որ գնահատի իրենց դեսպանատների աշխատանքի արդյունավետությունը։
Երկրորդ հարցս վերաբերում է պետական հեռուստատեսությանը։ Բնական է, որ այն պետք է արտահայտի նաեւ կառավարության, պետության տեսակետները եւ շահերը։ Ցավոք, մենք հաճախ համոզվում ենք, որ բավարար չափով չեն արտահայտվում այդ շահերը։ Եվ ուզում եմ իմանալ. ի՞նչ քայլեր է անում կառավարությունը, որ ավելի համահունչ լինի մեր իսկ հեռուստատեսությունը մեր շահերին։
Վազգեն Սարգսյան– Դեսպանատների աշխատանքի չափանիշը թվաբանությամբ դժվար է գնահատել։ Դեսպանների աշխատանքը թերեւս պիտի չափվի մեր արտաքին քաղաքական հաջողություններով եւ անհաջողություններով։ Բացի այդ, գոնե վերջին 2 ամիսը հստակ խնդիր է դրված մեր դեսպանատների, դեսպանների առաջ, որ նրանք ամենաակտիվ մասնակցություն ցուցաբերեն նաեւ տնտեսական կյանքին։ Եվ, կարծում եմ, կգա ժամանակ, երբ յուրաքանչյուր դեսպանի աշխատանք կգնահատվի երկիր բերած ներդրումների քանակով, տնտեսական ակտիվությամբ։ Կան նաեւ պետություններ, որտեղ Հայաստանը առանձնապես քաղաքական լուրջ խնդիրներ չունի՝ ասենք, Արգենտինան։ Այդ պետություններում դեսպանների աշխատանքը հատկապես պիտի գնահատվի տնտեսական ցուցանիշներով։ Եվ, իհարկե, չափազանց կարեւոր է մեր Սփյուռքի հետ աշխատելու ունակությունները, կարողությունները։
Ընդունում եմ, որ հեռուստատեսությունը ոչ միշտ է, որ իրականացնում է պետական գաղափարախոսություն։ Սա, ցավոք, նաեւ մեր բացթողումն է, քանի որ հեռուստատեսությունն իր գոնե 7 ժամով պիտի աշխատի հստակ պետպատվերով։ Որեւէ ձեւավորված պետպատվեր չկա։ Աշխատանքի ֆինանսավորումն արվում է ապրիորի։ 2000 թվականի բյուջեով մենք արդեն հստակ խնդիրը դրել ենք՝ որեւէ հաղորդում պետպատվերով չի ֆինանսավորվի, եթե այն ձեւավորված չլինի։ Պահանջ չի եղել՝ մատուցումն էլ վատն է։ Կա ե՛ւ մեր մեղավորությունը, ե՛ւ իրենց։ Կփորձենք 2000 թվականին շտկել։
Գրի առավ
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
Հ. Գ. Այս հարցից հետո Ֆրունզե Խառատյանը Լեւոն Բարխուդարյանին դիմեց պարզելու 250 մլն դոլարանոց վարկի ճակատագիրը։ Վազգեն Սարգսյանը ծիծաղեց. «Ինչքա՞ն, ինչքա՞ն»։ Լեւոն Բարխուդարյանը ճշտում էր, որ խոսքը 250 հազար դոլար դրամաշնորհի մասին է, երբ ԱԺ նիստերի դահլիճ ներխուժեցին մարդասպանները։