Հայրենակիցներ,
Այսօր ստիպված եմ դիմել ձեզ ողբերգական առիթով: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած իրադարձությունները մեզ ստիպում են համախմբվել՝ հաղթահարելու ողջ ժողովրդի համար այս ծանր փորձությունը:
Ես խորապես ցավակցում եմ զոհվածների՝ իմ զինակիցների, գործընկերների, ընկերների ընտանիքներին եւ մերձավորներին: Վստահեցնում եմ, որ իշխանությունները վերահսկում են իրադրությունը: Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, հավաստիացնում եմ, որ արվում է ամեն ինչ՝ իրավիճակը կարգավորելու եւ պատանդներին ազատ արձակելու համար:
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Կարդացեք նաև
ԼՂՀ իշխանությունները տագնապով ու վրդովմունքով տեղեկացան ՀՀ բարձրագույն ղեկավարների, կառավարության անդամների եւ պատգամավորների դեմ ուղղված աննախադեպ ահաբեկչական ձեռնարկի մասին, որը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Մենք հայ ժողովրդին կոչ ենք անում այս դժվարին պահին թիկունք կանգնել Հայաստանի նախագահին, աջակից լինել իշխանությունների գործողություններին՝ ուղղված կարգուկանոնի եւ օրինականության վերականգնմանը։
Մենք վճռականորեն դատապարտում ենք իր դաժանությամբ անիմաստ այդ բարբարոսական գործողությունը եւ կոչ անում անհապաղ ազատ արձակել խորհրդարանի նիստերի դահլիճում բռնությամբ պահվող մարդկանց։ Մենք դիմում ենք այն անձանց, ովքեր հարձակում են գործել պետության ղեկավարների, հայ ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների վրա. գիտակցել, որ անհնար է ահաբեկչությամբ ու բռնությամբ հասնել որեւէ քաղաքական նպատակի։ Մենք պահանջում ենք սթափվել ու հրաժարվել շարունակելու այդ անհեռանկար ձեռնարկը, որն արդեն իսկ անուղղելի վնաս է հասցրել հայոց պետականությանը։ Նրանք, ովքեր դիմել են այդ հրեշավոր քայլին, հարկ է գիտակցեն, որ այսօր հայոց պետականության եւ ողջ հայ ժողովրդի ապագան վտանգված է։
Ստեփանակերտ 27.10.1999
ԱԺ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը «Խորապես ցնցված լինելով հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ողբերգությամբ, մենք առաջնահերթ խնդիր ենք համարում երկրի կայունության պահպանումը: Օրենսդիր մարմինը շարունակում է գործել եւ Հայաստանի Հանրապետության նախագահի ու կառավարության հետ համատեղ ապահովել սահմանադրական կարգի, կարգուկանոնի պահպանումը, պետության բնականոն գործունեությունը:
Ազգային ժողովը կիսում է զոհվածների ընտանիքների եւ բարեկամների վիշտը: Այս ողբերգական պահին անհրաժեշտ է պահպանել հանդարտություն եւ ողջամտություն»:
«Միասնություն» դաշինք,
«Կայունություն» պատգամավորական խումբ,
ՀԿԿ,
ՀՅԴ,
«Իրավունք եւ միաբանություն»,
ԱԺՄ,
«Օրինաց երկիր»
ՀՅԴ ԳՄ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը տարածեց հաղորդագրություն, որով պաշտոնապես հայտարարում է, որ Նաիրի Հունանյանը (Ազգային ժողովի վրա հարձակված զինյալներից մեկը) մի քանի տարի առաջ արտաքսվել է դաշնակցության շարքերից եւ մինչ օրս որեւէ առընչություն չի ունեցել կուսակցության հետ:
«ՆՈՒՇԻԿՅԱՆ» ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Սրտի խոր կսկիծով ընդունեցինք ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի, ինչպես նաեւ այլոց ողբերգական մահվան գույժը։ Ցավակցում ենք անմեղ զոհերի հարազատներին ու մերձավորներին, ողջ հայ ժողովրդին։ Նախօրոք հայտարարված ջազ-փառատոնը, բնականաբար, անորոշ ժամանակով հետաձգվում է։
Կազմակերպիչներ «Նուշիկյան» ասոցիացիայի նախագահ ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆ, «Ջազ-Արտի» նախագահ ԼԵՎՈՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ