Ոչ պաշտոնական, բայց հավաստի աղբյուրները վկայում են, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա չմասնակցությունը Ազգային-եկեղեցական ժողովին ոչ միայն այն պատճառով էր, որ պրն Քոչարյանը շատ կարեւոր հանդիպում ուներ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոուբ Թելբոթի հետ։ ՀՀ նախագահին վերջերս մեղադրում էին, որ միջամտում է եկեղեցու գործերին։ Եկեղեցական ժողովին չմասնակցելը հավանաբար նաեւ նպատակ ունի ապացուցելու, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր չէ միջամտել կաթողիկոսական ընտրություններին։
Ընտրությունների մասին կարդացեք 4-րդ էջում:
ՈՐՏԵ՞Ղ ԷԻՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ, ՈՐՏԵ՞Ղ ԿՐԱԿԵՑԻՆ
Կարդացեք նաև
Մայր աթոռ սբ. Էջմիածնի բակում երեկ զբոսնում էր նաեւ ՆԳ փոխնախարար Հովհաննես Վարյանը։ «Ինչո՞ւ ներս չեք մտնում, չեք վախենո՞ւմ, որ այս ընտրություններում եւս աշխարհիկ ընտրությունների նմանությամբ կրակոցներ կլինեն»։ Պրն Վարյանը վստահեցրեց, քանի որ ինքն այստեղ է, ներսում ոչ ոք չի կրակի, իրենց հանգիստ կպահեն։ Հետաքրքիր է, եթե պրն փոխնախարարը խորհրդարանում լիներ, այնտեղ ե՞ւս կրակոցներ չէին լինի։
Վ. ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ՞ ՍՊԱՍՎՈՒՄ
Վերջին օրերին Ադրբեջանում թափ առած հրաժարականի հոսքը ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա, արդյո՞ք ՀՀ ԱԳ նախարարի հնարավոր հրաժարականի մասին լուրերը հավաստի են։ «Առավոտի» այս հարցին ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը պատասխանեց. «Վարդան Օսկանյանի հրաժարական չի նախատեսվում, այդպիսի բան չկա։ Եվ այլ հնարավոր հրաժարականներ նույնպես չեն նախատեսվում։ Կառավարությունը մի թիմ է։ Եվ կառավարության ու նախագահի տեսակետները միասնական են։ Կառավարությունը, որ նշանակվել է նախագահի կողմից, նաեւ վայելում է ԱԺ մեծամասնության աջակցությունը»։