Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրն ու վեհը՝ նրանց, իսկ պաշտոնը՝ ուրիշներին

Հոկտեմբեր 27,1999 00:00
Paruyr Hayrikyan

ԱԻՄ-ի մեծ վեհաժողովի առաջին րոպեներին մի պահ թվաց, թե համակենտրոնացման ճամբարում եմ։ Ներկա-բացակա անելիս հնչում էին ոչ թե հանրապետության մարզերի անունները, այլ դրանց համարակալումը՝ առաջին մարզ, երկրորդ մարզ եւ այլն։

Վեհաժողովի օրակարգն էլ տիպիկ ԱԻՄ-ական էր, հատկապես առաջին կետը, որի վերծանումը անօգուտ համարեցինք։ Ընթերցողը կարող է ինքնուրույն փորձել. «ԻՄ նախագահի ընտրություններում ՄԿ-ների եւ վեհաժողովի ընթացքում առաջադրված թեկնածուներից վարկանշային քվեարկությամբ թեկնածուների որոշում եւ մինչեւ չորս հոգու (երկուսից ոչ պակաս) հաստատում»։ Վերծանումը թողնում ենք համբերություն ունեցողներին, իսկ մենք առաջ անցնելով հասնենք օրակարգի երկրորդ կետին. «ԱԻՄ-ի դիրքորոշումը՝ Սահմանադրական փոփոխությունների կազմակերպման հարցում ՀՀ նախագահի վերաբերմունքի փոփոխությունից հետո»։ Իսկ «վերաբերմունքի փոփոխությունը այն է, որ Պարույր Հայրիկյանն այլեւ ՀՀ նախագահին կից Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի նախագահը չէ, ավելին՝ հանձնաժողովը հիմնովին փոփոխվել է եւ դարձել է «պրոֆեսիոնալների» հանձնաժողով։ Հարգարժան Պարույր Հայրիկյանն էլ, թեպետ չի ասում, բայց ցույց է տալիս, թե նեղացած է եւ ավելին՝ դժգոհ։ Ո՞ւմ նախագահությունից հանես, որ գոհ լինի։ Ակնհայտորեն, շարքային ԱԻՄ-ականներին բացարձակ չէր հետաքրքրում «նախագահի վերաբերմունքի փոփոխությունը», թեպետ «շեֆն» անընդհատ հորդորում էր՝ ընդմիջումից հետո նախապատրաստվեք այս մասին լուրջ զրույց ծավալել։ Պարույր Հայրիկյանն անընդհատ շեշտում էր. «Մենք տեսնում ենք, որ մեր պայմանավորվածությունը կյանքի կոչել հնարավոր չէ, ուստի պետք է մեր դիրքորոշումը հստակեցնենք»։ Եթե Հայրիկյանն էր հանձնաժողովի նախագահը, ապա այն ճիշտ ուղղությամբ էր գնում, եւ քանի որ ինքը չէ, ուրեմն. «ՀՀ նախագահի որդեգրած ճանապարհը ոչ թե Սահմանադրական բարեփոխումների ճանապարհ է, այլ՝ նոր Սահմանադրության ընդունման…»։ Հետո, ԱԻՄ-ի ամբիոնից կրկին շեշտվեց, որ «պայմանավորվածությունները չեն կատարվում»։ Նախագահն ի՞նչ խոսք է տվել ու չի կատարել, որն այդքան վրդովվեցրել է Պարույր Հայրիկյանին։

Խոստումներից մեկն այն է, որ պետք է նախորդ հանձնաժողովի կողմից կազմված 2 փաթեթները ներկայացվեին ԱԺ։ Հայրիկյանի ասելով չեն փոխանցվել, թեպետ ինքն իր կատարած աշխատանքներն արդյունավետ է գնահատում։ ԱԻՄ-ի վեհաժողովում Պարույր Հայրիկյանի ձայնը հոգեվերլուծության կանոններին համապատասխան անընդհատ կրկնում էր. «Այս տարի Սահմանադրության մեջ որեւէ փոփոխություն չի կատարվի։ … Հասկանալի է, մենք ասել ենք՝ միայն սկզբունք, միայն բարձր գաղափարներ, մենք չենք ասել՝ էս ձայները ձեզ, էս պաշտոնները՝ մեզ»։ Այս միտքն արդեն վերծանման կարիք չունի։ Բաց եւ անկեղծ ասված միտք է, մանավանդ, եթե հաշվի առնենք ԱԻՄ-ի խաղից դուրս մնացածի կարգավիճակը։ Նույնիսկ այսպես ԱԻՄ-ը համաձայն չէ, որ Հայաստանը բաժանեն դիմադիր եւ ընդդիմադիր ճակատների. «Մեր գծին հավատարիմ լինենք, երբեք չնմանվենք քաղաքական ասպարեզում առիթ փնտրողների»։ Հիմա ինչպե՞ս չմտածես՝ ե՛ւ նալին, ե՛ւ մեխին։ Ետ գնալով ասենք, որ ԱԻՄ-ի վեհաժողովը սկսվեց Հայաստանի հիմնով։ ԱԻՄ-ի երգը (ուղիղ իմաստով) վատ չստացվեց, բայց մեծ վեհաժողովի օրակարգը հավելվածի կարիք ուներ։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031