Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՀԱԿՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԱՊԱՍՏԱՆՆ Է

Հոկտեմբեր 27,1999 00:00
Ruben Gevorgyan

Խորհրդարանը զբաղված է իր հիմնական՝ զուտ օրենսդրական գործունեությամբ։ Օրինագծեր են ընդունվում, որոշներն էլ կրքոտ բանավեճերից հետո լրամշակման վերադարձվում։ Այս, խոշոր հաշվով, միապաղաղ առօրյան երեկ ծաղկեցրեց մի հայտարարություն։

Այս ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ հայտարարությամբ հանդես եկավ Ռուբեն Գեւորգյանը կամ, իր համար խիստ դուրեկան մականունով՝ Ծաղիկ Ռուբոն։ Նրա նախորդ հայտարարությանն անդրադարձել էին գրեթե բոլոր լրատվամիջոցները, ու թերեւս դա նրան դուր էր եկել։ Էլ ինչո՞վ պիտի աչքի ընկներ սույն պատգամավորը՝ ոչ իր օրենսդրական նախաձեռնություններով է հայտնի, ոչ կարող է իրեն թույլ տալ որեւէ իշխանավորի քննադատել։ Դե, նա էլ թիրախ է ընտրել ընդդիմադիր մամուլը եւ այս էլ որերորդ անգամ չորրորդ իշխանությանն է մեղսակից հռչակում արտագաղթի համար։

Բայց այս անգամ Ծաղիկ Ռուբոն որպես հայ մտքի գիգանտ, նախ գնահատեց. «Չի կարելի ասել, թե ընդդիմադիր մամուլը գտնվում է մամուլին պատշաճ, արժանապատիվ դիրքում։ Մասնագիտական եւ գաղափարախոսական ցածր որակով, հատկապես բամբասանքային մակարդակով ոչ միայն իրենց թշվառությունն են ցուցանում, այլեւ, այո՛, մեղսակից են դառնում երկրի այսօրվա ամենացավոտ երեւույթներին»։

Իհարկե, կարելի էր ԱԺ-ի ամբիոնը սեփական անձի «վեհությունը» չգնահատող լրատվամիջոցների հետ հաշիվներ մաքրելու միջոց դարձրած պատգամավորին հուշել, թե մամուլի որակի մասին մասնագիտական գնահատականները, շատ մեղմ ասած, իր գործը չեն՝ նաեւ այդ ոլորտում իր գիտելիքների իսպառ բացակայության պատճառով։ Պատշաճ եւ արժանապատիվ դիրքերի գիտակի այլ դիտարկումներին անդրադարձը մի կողմ թողնենք՝ առավել հետաքրքիր են եւ երեւի կարեւոր արտագաղթի պատճառների շուրջ նրա դատողությունները. «Ի՞նչ բարոյական գաղափարախոսական սատարում է ցուցաբերում մամուլը, որն, իրենց ներկայացրած, համատարած գորշության մեջ, մարդկանց թույլ կտա վաղվա օրվա հույսը փայփայել։ Հայրենիքը լքելու ուղին բռնածները նույնպես ժողովրդից են. կարծում եմ, նրանցից, ովքեր ոչ միայն կորուստ չունեցան, այլեւ հասու չեղան որեւէ մերձավորի վշտին, պատերազմի իմաստին եւ հայրենիքի գաղափարին։ Այո՛, դրա մեղավորը զանգվածային լրատվությունն է, որը չկարողացավ ազգային արժեքների եւ բարձր հայրենասիրության ըմբռնումի հասցնել մեր թափած արյունն ու հավատամքը։ Ընդհակառակը, այսօրվա մամուլի անպատասխանատու վարկաբեկումների մղձավանջում անգամ այդ արյուն թափածների հիշատակն է պղտորվում»։

Նախ, արյուն թափածների հիշատակը չպղտորելու ազնիվ մտադրությունն արժեր իրագործել զոհված եղբոր գերեզմանը պատգամավորի մանդատ ձեռք բերելու ճանապարհին չօգտագործելով եւ այդ գերեզմանի խաչքարը նախընտրական գովազդային հոլովակի կադր չդարձնելով։ Եվ հետո, այդ վեհ նպատակն իրագործելու համար արժեր ազատամարտիկների հիշատակի թանգարանի՝ Ուխտատան, անվան տակ կառուցված առանձնատունը սեփական բնակության վայր չծառայեցնել։ Նման փաստերից հետո մամուլը թող հա՛ բարոյական ու գաղափարախոսական սատարում ցուցաբերի. օգուտն ի՞նչ։ Իհարկե, եռահարկ շքեղ առանձնատանը կարելի է խորհել բարձր հայրենասիրության մասին՝ կյանքը քաղցր է թվում, իսկ «համատարած գորշությունը»՝ մամուլի հորինվածք։ Բայց լրատվամիջոցների՞ց են մարդիկ միայն տեղեկանում սոցիալ- տնտեսական պայմանների մասին, որ արտագաղթի հիմնական պատճառներից է։ Թե՞ այդ պայմանների մեղավորն էլ հենց չորրորդ իշխանությունն է։ Եվ կամ՝ հնարավոր է համարվում, թե վաղվա օրվա նկատմամբ հավատը կորցրած մարդու համար լրատվամիջոցները կարող են վարդագույն ակնոց դառնալ։ Առնվազն մի տասնամյակով ժամանակավրեպ համոզվածություն է։

Բայց մամուլի հասցեին Ծաղիկ Ռուբենի քննադատությունը կարելի է արդարացի համարել այն առումով, թե ասենք, հեռուստատեսությամբ չպիտի ցուցադրվեին քրեական հանցագործության համար դատապարտվածի այսպիսի ելույթները՝ «դու լավ քարածուխ կկրեիր»՝ իր մրցակցի հասցեին։ Գուցե արտագաղթի պատճառներից մեկն էլ ողջ սնանկությունը տեսնելն էր այն մարդկանց, ովքեր այժմ ազգի ընտրյալ են դարձել եւ որոնց համար հայրենասիրությունն, իրոք, վերջին ապաստանն է։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, այս հայտարարությունից գործընկերներիցս մեկը վրդովված էր, թե ինչու որեւէ պատգամավոր կոչ չարեց դադարեցնել ընդդիմադիր մամուլի վրա հարձակումները։ Բայց նման սպասելիքների ապարդյունությունն ակնհայտ էր այն օրից, երբ բարձրագույն կրթությամբ քաղաքական գործիչը Ծաղիկ Ռուբոյի՝ «ինքն էլ կզող ա» արտահայտությունը դրվատանքով վկայակոչեց մեկ այլ քաղաքական գործչի պատասխանելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031