Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱ՛Մ ՄԵՆՔ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻՆ ԿՏԱՆԵՆՔ ԶԱԳՍ

Հոկտեմբեր 27,1999 00:00
Volcic

Կամ Եվրախորհուրդը մեզ կտանի դատարան

Հոկտեմբերի 24-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելուց հետո օտարերկրյա դիտորդները մեկ անգամ եւս առիթ ունեցան համոզվելու, որ Հայաստանի պես երկրի տեղը միմիայն Եվրախորհրդի կազմում է։

Դրանում համոզվելու համար նրանք 12 հոգով շրջել են Երեւանի, Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի 88 ընտրատեղամասեր, ինչպես նաեւ ներկա են եղել 5 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվառման գործընթացին։ Ամեն ինչ OK էր՝ չհաշված մի քանի խախտումներ, մասնավորապես ընտրական ցուցակների կազմման թերացումները։ Դիտորդները նկատել են նաեւ, որ ընտրողներն ակտիվ չեն, իսկ առաջադրված թեկնածուները՝ քիչ։ Թեկնածուների սակավությունը (ասենք՝ որոշ տեղերում որպես գյուղապետ միայն մեկ թեկնածու է առաջադրված կամ, լավագույն դեպքում, երկուսը) մեր դիտորդները միամտաբար կապում են վաղօրոք նրանցից օրենքով գանձվող գումարների հետ։ «Ես հասկանում եմ, որ սա համապատասխանում է ձեր տրադիցիաներին եւ մտածելակերպին, բայց մյուս դեպքում էլ սա կարող է արգելք լինել թեկնածու առաջադրվելու ազատությանը։ Չէ՞ որ կարող են լինել թեկնածուներ, որոնք առաջադրվելու գումարներ չունեն»։ Ըստ այդմ էլ՝ ներկայացնելով իրենց հաշվետվությունը, դիտորդները պատրաստվում են ներկայացնել նաեւ առաջարկություններ, որոնք ընդունելով՝ կարագանա Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության հարցը։

Մասնավորապես, որ Երեւանի քաղաքապետը լինի ընտրովի, օրենքով պետք է լուծվի նաեւ քաղաքապետի աշխատանքից ազատելու հարցը։ Ապա, տեղական կառավարման մարմինների ֆինանսավորման եւ նրանց ավելի մեծ ինքնավարություն տալու հարցը։ Դիտորդների հետ լրագրողների երեկվա հանդիպման ընթացքում լրագրողներից մեկը հարց ուղղեց ընտրություններին թաղային հեղինակությունների գործունեությունը սահմանափակելու վերաբերյալ։ Թարգմանչին պետք եղավ իր մասնագիտական հմտություններն ի մի բերել եւ դիտորդներին հասկացնել՝ ինչ է նշանակում «թաղային հեղինակություն»։ «Թաղային հեղինակությունների, կրիմինալ էլեմենտների հարցը եվրոպական երկրները լուծում են դատարանների միջոցով։ Պետական ինստիտուտների պարտքն է պահպանել ընտրությունները նման էլեմենտներից»,- պատասխանեց դիտորդներից մեկը, որը այլմոլորակայինի կեցվածքով ուղղակի չգիտեր, որ իշխանություն եւ թաղային հեղինակություն (նույն ինքը՝ կրիմինալ էլեմենտ) հասկացությունները համարյա նույնացված են։

Խորհրդարանական ընտրություններից հետո էլ դիտորդները Հայաստանից խանդավառված գնացին, սակայն Հայաստանի հարցով զեկուցող Դմիտրի Վոլչիչը իր հաշվետվությունը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի սեպտեմբերյան նստաշրջանի ժամանակ չի ներկայացրել։ Այս կապակցությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտորդները հավատացրին, որ իրենց հաշվետվությունը մի քանի շաբաթվա ընթացքում պատրաստ կլինի։ Իսկ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչը նոյեմբերին կլինի Հայաստանում եւ հենց իրենից էլ ճիշտ կլինի իմանալ հաշվետվության ձգձգման պատճառը։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031