«Ազատություն» ռ/կ-ի Ստեփանակերտի թղթակիցը փոխանցել է ԼՂՀ-ի քաղաքական շրջանակների տեսակետը, թե Բաքվում ներքաղաքական լարվածությունն այնքան սուր չէ, որքան ի ցույց է դրվում. «Հավանական է, նախագահ Ալիեւն ինքն է արհեստականորեն կառավարական ճգնաժամի տպավորություն ստեղծում, որ այդ ձեւով չեզոքացնի միջնորդ երկրների կողմից իր վարչակարգի վրա գործադրվող դիվանագիտական ճնշումները»։
ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՆ ՈՒՆԻ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆ
Մայր աթոռ սբ. Էջմիածնի բակում ճեմում էր Գուգարաց թեմի պատգամավոր, Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը։ «Առավոտի» հարցին, թե Գուգարաց թեմի առաջնորդը նո՞ւյնպես ցանկանում է ընտրվել կաթողիկոս, մարզպետը պատասխանեց. «Մեր թեմի առաջնորդը չի ցանկանում լինել կաթողիկոս, նա ունի իր թեկնածուն, մենք այդ հարցի շուրջ խոսել ենք, վաղը չէ մյուս օրը կերեւա»։ Քիչ հետո պրն Քոչինյանը խոստովանեց, որ Գուգարաց թեմի նախընտրելի թեկնածուն Գարեգին արք. Ներսիսյանն է։
Կարդացեք նաև
ՍՏԱԽՈՍ ՉԷ, ԲԱՅՑ
Նախընտրական փուլում Վանաձորի քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանը, որն այժմ ստիպված է զիջել դիրքերը, քաղաքի երաժշտական դպրոցում ուսուցչության հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է. «Եթե մեկ-երկու օրվա ընթացքում ձեր աշխատավարձերը չվճարեն՝ անունս քվեաթերթիկում կջնջեք՝ դիմացը կգրեք ստախոս»։ Իրոք որ, երկու օրվա ընթացքում աշխատավարձերը վճարվել են, սակայն ընդամենը հունիս ամսվանը։
ԲԱՐԻ ԱԶԱՏՈՒՄ
Ոչ պաշտոնական, բայց ստույգ աղբյուրներից տեղեկացանք, որ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռոլանդ Ադոնցը շատ շուտով ազատվելու է աշխատանքից։
ՊԱՏԱՀԱՐ
Հոկտեմբերի 26-ին, կյանքի 36-րդ տարում, ողբերգական պատահարի՝ ավտովթարի հետեւանքով զոհվել է ԱԺ պատգամավոր, «Կայունություն» պատգամավորական խմբի անդամ Սուրեն Ավետիսյանը: «Առավոտը» իր խորին ցավակցությունն է հայտնում: