Օսկանյանը հանգստացրեց դաշնակցականներին ՀՅԴ ԱԺ խմբակցության հրավերով՝ երեկ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է դաշնակցական պատգամավորների հետ։ Շուրջ ժամուկես տեւած զրույցի ընթացքում պարզաբանումներ են տրվել ինչպես «Հայաստան-Սփյուռք» խորհրդաժողովին հաջորդող քայլերի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանն առնչվող հարցերի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ՀՅԴ ներկայացուցիչները բազմիցս անհամաձայնություն էին հայտնել Օսկանյանի որոշ ձեւակերպումների, մասնավորապես ԼՂ-ի կարգավիճակի՝ «անկախությունից ցածր, ինքնավարությունից բարձր» բանաձեւի առնչությամբ։ Լրագրողների համար փակ այս հանդիպումից հետո ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք զրույցի ընթացքում ստացած պարզաբանումները փարատեցի՞ն մտահոգությունները. «Փորձեցինք ճշտել հայկական կողմի դիրքորոշումներն այս գործընթացում։ Ամեն դեպքում մարտավարական որոշ մոտեցումներ մեզ պարզ դարձան»։ Այսինքն, կարելի՞ է եզրակացնել, թե փոխըմբռնման շնորհիվ ընդհանուր հայտարարի եկան՝ վերոհիշյալ ձեւակերպումն այլեւս ընդունելի է ՀՅԴ-ի համար. «Ո՛չ, այդ ձեւակերպումը մի՛շտ է մեզ համար անընդունելի եղել եւ լինելու, եթե այն դրվի կարգավորման փաստաթղթի հիմքում։ Շատ հստակ ասվեց, որ ՀՅԴ-ի համար անկախությունից ներքեւ որեւէ կարգավիճակ չի կարելի ընդունելի համարել»։
Պրն Ռուստամյանին նաեւ խնդրեցինք Վարդան Օսկանյանի արձագանքը ներկայացնել այս դիրքորոշման առնչությամբ. «Նա ըմբռնումով մոտեցավ, քանի որ իր համար նորություն չէր ՀՅԴ այդ դիրքորոշումը։ Մենք պարզեցինք, որ դրան հակառակ որեւէ դիրքորոշում հայկական կողմն այսօր չի դրսեւորել՝ իր հավաստիացմամբ։ Հարցը չի հասել նրան, որ որեւէ կասկածի տակ առնվի Ղարաբաղի անկախության խնդիրը։ Խոսքը միայն բանակցային գործընթացի մարտավարական խնդիրների, դիվանագիտական մանեւրների մասին է։ Եվ մեր անհանգստությունն այդ իմաստով ինչ-որ տեղ փարատվեց, քանի որ մենք մտածում էինք, թե հրապարակ բերված ընդհանուր պետության գաղափարի վրա կառուցված այդ փաստաթուղթը կարող է վերջում հանկարծ որպես լուծում ներկայացվել։ Հասկացանք, որ հայտարարությունների մեջ հնչածի նման որեւէ լուծում չկա։ Նաեւ հասկացանք, որ ընթացող գործընթացը հայկական կողմին շահավետ ուղղությամբ է գնում։ Մինչ այս, այո, այդ առումով կասկածներ կային»։
Հետագա թյուրըմբռնումներից խուսափելու համար արտգործնախարարն ու ՀՅԴ խմբակցությունը պայմանավորվել են պարբերաբար հանդիպելու մասին։ «Մենք նաեւ մեր մյուս մտահոգությունն այս առումով արտահայտեցինք, որ շահագրգիռ քաղաքական ուժերը չեն մասնակցում որոշակի լուծման հասնելուն եւ քննարկման փուլից դուրս են մնացել։ Կարծում ենք, սա անթույլատրելի է,- ասաց Արմեն Ռուստամյանը,- եւ ճիշտ կլինի, որ որոշվի գաղտնիությունը պահելու որոշակի շրջանակ, բայց դրանից դուրս կարելի է առնվազն քաղաքական հիմնական ուժերին մասնակից դարձնել։ Եվ դա միայն կօգնի հայկական դիվանագիտությանը, քանի որ, ինչպես ասում են, մի գլուխը լավ է, իսկ երկուսը՝ ավելի լավ։ Եվ Օսկանյանը դա ընդունեց»։
Կարդացեք նաև
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ