Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ավարտվեցին։ Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովն ամփոփում է արդյունքները եւ մի լավ քրտնում էս ցրտին։
Պատճառն այն է, որ զարմանալիորեն արդար ու թափանցիկ ընտրություններ եղան։ Մենք, իհարկե, կարող ենք կասկածել, տարակուսել, չհավատալ, կարող ենք ենթադրություններ անել։ Բայց՝ այդքանը միայն, քանի որ, եթե նույնիսկ «սարքված էին» արդյունքներն ու ընտրապրոցեսը, ապա՝ «լավ էին սարքված, պրոֆեսիոնալ»։ ԵՄԸՀ-ին որեւէ արտառոց բողոք, դժգոհություն կամ ահազանգ չի հասել։ Եղածը մանր-մունր բողոքներ էին, որոնք որեւէ կերպ չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։ ԵՄԸՀ-ի անդամ, ՀՅԴ անդամ Սմբատ Բալասանյանն անգամ լուրջ բողոք չուներ, նա միայն ասաց. «Մեր ընկերոջը չկարողացանք թաղապետ անցկացնել (Աշոտ Գեւորգյան- Կենտրոն համայնք)։ Սակայն գոհ եմ մեր ընկերների աշխատանքից Արաբկիր համայնքում, այստեղ 5 ավագանու անդամ ունեցանք»։ Մյուս արտառոց դեպքն այն էր, որ հնարավոր է Մալաթիա-Սեբաստիա համայնքի տեղամասերից մեկում ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարվեն եւ նոր ընտրություններ նշանակվեն։
Ի դեպ, Կենտրոն համայնքում թաղապետ է ընտրվել ՀՀՇ անդամ, նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանը։ Կարելի է, երեւի, ասել, որ Կենտրոնն ավելի շատ ՀՀՇ-ամետ է, քանի որ այստեղ պարտություն են կրել երկրապահը (Լեւոն Հարությունյան), դաշնակը (Աշոտ Գեւորգյան)։ Արարատ Զուրաբյանը հավաքել է 7155 ձայն, Լեւոն Հարությունյանը՝ 4874 ձայն, մնացածը՝ ավելի պակաս։ Այս համայնքում անճշտությունների թիվը 30 է։
Արաբկիր համայնքում թաղապետ է դարձել Ֆելիքս Յայլոյանը՝ 6111 ձայն։ Նրանից մի քիչ պակաս ձայներ է հավաքել Մաթեւոս Գեւորգյանը՝ 5760 ձայն։ Կարելի է ենթադրել, որ «Միասնությունը» Յայլոյանի օգտին է աշխատել։
Կարդացեք նաև
Էրեբունի համայնքում Արարատ Խրիմյանը պարտություն կրեց, թաղապետ դարձավ Մհեր Սեդրակյանը։ Նուբարաշենի թաղապետն այլեւս Ռուբեն Ասատրյանն է, որքան էլ զարմանալի է՝ 979 ձայնով։ Ավանի թաղապետն է Հարություն Մարգարյանը։
ԵՄԸՀ-ի անդամներն իրենց օրից գոհ չեն. նրանք որոշել են առաջարկել, որ ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարվեն։ Հանձնաժողովի անդամների կարծիքով՝ ֆիզիկապես հնարավոր չէ արդյունքների հաշվառումը նման կարճ ժամանակահատվածում, պետք է փոխվի նաեւ հաշվառման տեխնիկան։ Ընտրությունների վերջնական տվյալները, ըստ օրենքի, պետք է հրապարակվեն ընտրությունների ավարտից 48 ժամ հետո, այսինքն՝ այսօր ժամը 20-ին։ Սակայն վերոհիշյալ նախնական տվյալներն այնպիսին են, որ դժվար թե որեւէ արտառոց փոփոխություն լինի։
Որքան էլ տարօրինակ է, ԵՄԸՀ-ի անդամների տարբեր կուսակցական ներկայացուցիչներից յուրաքանչյուրի կարծիքով՝ ընտրություններն անցել են հնարավորինս հաշտ ու խաղաղ։ Թեպետ, մեր կարծիքով, պատճառը Երեւանի բնակչության խիստ պասիվ կեցվածքն է՝ ընտրություններին մասնակցել է բնակչության 20 տոկոսը, այն էլ՝ տարեցները։
Մ. ԵՍԱՅԱՆ