Երեկ Վանո Սիրադեղյանի դատաքննությանն առաջին անգամ մասնակցում էր տուժող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ իրավաբանական բաժնի ղեկավար Կիմ Բալայանը եւ պատասխանեց լրագրողների հարցերին։ Տեղի սղության պատճառով դրանցից մի քանիսն ենք ներկայացնում մեր ընթերցողների ուշադրությանը։
«Առավոտ»– Վանո Սիրադեղյանը մեր թերթին տված հարցազրույցում Ձեզ հետեւելը բացատրել էր որպես 7-րդ վարչության՝ անլուր հետեւման ծառայության իրականացրած օրենքի սահմաններում գործողություն՝ հանցանքների մեջ կասկածվողների հետ շփվող մարդկանց նույնպես հետեւելու պրակտիկայի շրջանակում։ Կարո՞ղ եք մեկնաբանել. այդ ի՞նչ հանցագործների հետ էիք շփվել այդ շրջանում։
-Հանցագործություն կատարողներից միայն իր հետ եմ առնչվել, քանի որ այդ նույն շրջանում ես դատախազությանը գրավոր միջնորդագիր ունեմ։ Դատաքննությունը կսկսվի՝ մեկ առ մեկ այդ փաստաթղթերը կներկայացվեն դատարանին։ Եվ նորից եմ կրկնում, թե այսօր էլ կան բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որոնք նույնպես այն ժամանակ տեղյակ էին, որ կազմակերպվում է դա։ Անունները կասեմ դատաքննության ժամանակ։
«Առավոտ»– Չէ որ Դուք իրավաբան եք, ինչպե՞ս եք մինչեւ դատավճիռը մարդուն հանցագործ անվանում՝ խախտելով անմեղության կանխավարկածը։
Կարդացեք նաև
-Ես պաշտոնատար անձ չեմ, որ խախտում համարվի։ Ես պարզապես գործով տուժող եմ։ Եվ ես ավելի քան համոզված եմ, որ իրոք, եղել է դա։ Եվ բացի այդ՝ կատարած բազմաթիվ այլ հանցագործությունների մասին ժամանակին դատախազությանն ահազանգել եմ (…)։ Նաեւ ունեմ դատախազության գրավոր պատասխանները, որ ՆԳ համակարգում կոպիտ օրինախախտումների հետեւանքները վերացվել են։ Օրինակ՝ մի դեպքը վերաբերում է պետական ռեկետ անելուն, երբ քաղաքացիներին տանում, փողերը վերցնում՝ առանց արձանագրության կամ որեւէ բանի եւ ասում էին՝՝ «բարի ճանապարհ ձեզ», այո՛, նախարարի գիտությամբ։
«Ինտերֆաքս»– Ձեր կարծիքով, քաղաքական ներկա վիճակը թույլ տալի՞ս է, որ դատարանը մինչեւ վերջ գնա եւ բացահայտի հանցագործությունները։
-Ո՛չ։ Քաղաքական ներկա վիճակն այդ հնարավորությունը չի տալիս։ Ես դրանում համոզված եմ։ Բայց նաեւ համոզված եմ, որ բարձրաստիճան այն պաշտոնյաները, որոնք այսօր հովանավորում են Վանո Սիրադեղյանին եւ այս ձգձգումներով է ընթանում դատաքննությունը՝ ստիպված կլինեն հրաժարվել այդ հովանավորչությունից, քանի որ սա կազդի ոչ թե մի անձի, այլ ամբողջ պետության հեղինակության վրա։
Լրագրողների խումբ– Իսկ ո՞վ է այդ հովանավոր պաշտոնյան։
-Բոլորդ ինձնից շատ ավելի լավ գիտեք։
Լրագրողների խումբ– Չէ՜, մենք չգիտենք։ Ազնիվ խոսք, չգիտենք։
-Դե, եթե Վազգեն Սարգսյանն ասում է, որ Վանո Սիրադեղյանն իր ընկերն է, իսկ Վազգեն Սարգսյանն այսօր վարչապետ է եւ իր վրա պատասխանատվություն է վերցրել այս ծանր վիճակից ժողովրդին հանելու՝ ուզի, թե չուզի, պետք է հանգի այն մտքին, որ առանց օրենքի առջեւ բոլորի հավասարության, երկրում որեւէ առաջխաղացում չի կարող լինել եւ, ինչպես ցույց տվեց վերջին համաժողովը՝ նաեւ ներդրումներ չեն լինի, մինչեւ մարդիկ չտեսնեն, որ վերացված է կլանային համակարգը։
«Ազատություն» ռ/կ– Այսինքն, Վանո Սիրադեղյանին պատժելով կվերանա՞ կլանային համակարգը։
«Հայկական ժամանակ»– Չէ, ներդրումներ կլինեն։
-Այստեղ Վանո Սիրադեղյանի խնդիրը չէ՝ հանցավոր վարչախմբի խնդիրն է։ Եթե Վանո Սիրադեղյանը լիներ որեւիցե անհատ եւ չօգտագործեր իր պաշտոնական դիրքը եւ օբյեկտիվությունը վեր հանվեր՝ այն ժամանակ կերեւար, թե որ սպանություններն է Վանո Սիրադեղյանն իր նախաձեռնությամբ կազմակերպել, որոնք են՝ որ իրեն ցուցում են տվել եւ որոնք՝ այլ դրդապատճառներով։
«Առավոտ»– Կներեք, Դուք տվյալներ ունեք, որ այս դատավարության ձգձգումների հովանավորը Վազգեն Սարգսյա՞նն է։
-Ես այդպես չասացի, որ հովանավորողն ինքն է։ Ասացի, որ բոլոր դեպքերում կա հովանավորչություն։ Եվ այսօր իրավիճակն այնպիսին չէ, որ դատարանը լինի անկաշկանդ։
«Հայք»– Իսկ ո՞վ է այդ հովանավորչության կազմակերպողը։
-Նույն հարցին երկու անգամ պատասխանելով, բառերի տեղափոխություն կատարելով…
«Հայք»– Բայց Դուք ասացիք, որ չեք պնդում, թե հովանավորը Վազգեն Սարգսյանն է։
-Ես այդպես չասացի, ուշադիր կլսեք եւ կհամոզվեք։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ