Արյան գետեր չհոսեցին, ոչ ոք պատառ-պատառ չարվեց Շենգավիթ համայնքում։ Հավանաբար՝ կիսելու ոչինչ չկար։ Ընդամենը ավագանու ընտրություններ էին։ Ներկա թաղապետի պաշտոնավարման ժամկետը դեռ չի լրացել, այնպես որ, այդ քիչ թե շատ հարգի ինստիտուտը Շենգավիթում այս պահին առանձնապես հետաքրքրություն չէր առաջացնում։ Ավագանու ընտրությունների նկատմամբ շենգավիթցիների անտարբերության մասին դատել կարելի էր ընտրական տեղամասերում մարդկանց սակավությունից։ 11/6 ընտրական տեղամասում ժամը 16.30-ի դրությամբ 2534 ընտրողից 150-ն էր կատարել իր քաղաքացիական (կամ խնամի-բարեկամական) պարտքը, թիվ 11/8-ում՝ 2613-ից, ժամը 17.15-ի դրությամբ, 300-ը։ Տեղամասերի հերթապահ ոստիկանները խաչբառ լուծելու լայն հնարավորություն էին ստացել, այնքան ամեն ինչ խաղաղ ու հանգիստ էր։ Ի տարբերություն ԱԺ ընտրությունների՝ ավտոբուսներով եւ անձնական ու ծառայողական մեքենաներով ընտրողներին զանգվածային բերման ենթարկելու դեպքեր չգրանցվեցին։
Ա. Գ.
«ՄԱՐԴԻԿ ԶԶՎԵԼ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»
Կարդացեք նաև
Շատ տխուր ու ձանձրալի ընտրություններ ստացվեցին Շենգավիթի համայնքում ու, հավանաբար, ողջ Հայաստանում։ Մի տեսակ ընտանեկան ընտրություններ էին. մարդիկ գնում էին ընտրության, որպեսզի ձայն տան իրենց կամ, ասենք, հարեւան Վարդուշի փեսուն, ամուսնուն, տղուն, քավորին… Մի խոսքով, հարեւան-բարեկամին լավություն անելու մի ձեւ էին տեղական ինքնակառավարման մարմինների այս ընտրությունները։ Ընտրողների խիստ պասիվությունն այս համայնքում «օբյեկտիվ» պատճառ ուներ. թաղապետ չէին ընտրում, միայն ավագանի։ Այդպես է կարծում նաեւ թիվ 11/31 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը, իսկ փոխնախագահը կարճ ու կոնկրետ բնութագրեց. «Գալիս են կոնկրետ մարդիկ, որ կոնկրետ մարդկանց են ընտրելու՝ ծանոթ, բարեկամ, հարազատ։ Ոչ ոք չի գալիս ուղղակի ընտրության համար»։
Այստեղ ժամը 18.00-ի դրությամբ 2000-ից ավելի ընտրողներից միայն 360-ն էր ընտրել։ «Ոչ ոքի չեն հետաքրքրում ընտրությունները, մարդիկ զզվել են ընտրություններից,- այսպես բացատրեց ընտրողների մասնակցության ցածր տոկոսը (1823-ից ընտրել էր 150-ը) թիվ 11/32 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նորիկ Երանյանը։ Նույն ժամի դրությամբ, թիվ 11/30 ընտրատեղամասի 2209 ընտրողից միայն 110-ն էր եկել ընտրության։ Այստեղ եւս հավաստիացրին, որ ամեն ինչ նորմալ է ընթացել, ոչ մի արտառոց դեպք, խախտում, կռիվ-մռիվ չէր արձանագրվել։ Ցուցակների անճշտություններն էլ մեծ բողոքների տեղիք չէին տվել, քանի որ քիչ էին։ Բայց դա ցուցակների կատարյալ լինելու ապացույց չէր, պարզապես ընտրողներն էին քիչ։ Մի քանի տասնյակ ձախորդ ընտրողներից եւ ոչ մեկը դատարանի միջոցով իր ընտրելու իրավունքը պաշտպանելու հավես չէր դրսեւորել։ Ընտրական հանձնաժողովներն էլ իրենց ցավն ունեին. ընտրությունների կազմակերպման նպատակով հատկացվող միջոցներից եւ ոչ մի լումա նրանց չէր հասել։ Թիվ 11/32 ընտրատեղամասը մարզային հանձնաժողովից երեք գրիչ ու մի «սկոչ» էր միայն ստացել։
Ն. Հ.