Նոյեմբերի 4-ին ՀՀՇ-ն կնշի իր տասնամյա հոբելյանը, իսկ ՀՀՇ փոխնախագահ Արարատ Զուրաբյանը (արդեն կարող ենք ասել) Կենտրոն համայնքում ընտրվեց թաղապետ՝ մոտ 2300 (չճշտված, բայց նախնական տվյալներով) ձայնի առավելությամբ հաղթեց մերձակա թեկնածու Լեւոն Հարությունյանին։ Հոկտեմբերի 24-ին, երեկոյան, ժամը 19.00-ի կողմերը, իր նախընտրական շտաբի մոտ հանդիպեցի Կենտրոն համայնքի թաղապետի թեկնածու Լեւոն Հարությունյանին։ Լ. Հարությունյանի կարծիքով հիմնական պայքարն (այդ պահի դրությամբ) իր եւ Ա. Զուրաբյանի միջեւ էր, իսկ Ռ. Կանդայանին լուրջ մրցակից չէր համարում։ Լ. Հարությունյանը եւ Ա. Զուրաբյանը երկարատեւ մտերմություն են ունեցել, քաղաքական ճամփա են կտրել։ Շփումները պահպանվում են եւ ընտրությունների ընթացքում էլ մի քանի անգամ հանդիպել-զրուցել են։ Ա. Զուրաբյանը, երեկվա տվյալներով, իրեն լուրջ մրցակից համարում էր Ռուբեն Կանդայանին։
Ա. Զուրաբյանի համար մի քիչ անսպասելի էր Լ. Հարությունյանի՝ իր վաղեմի ընկերոջ, առաջադրվելը. «Դրա մասին ես իմացել եմ վերջին օրը, չնայած նա ինքը եկավ, ինձ ասաց, որ ուզում է առաջադրվել։ Եթե արդեն իսկ ասում էր, որ ուզում է առաջադրվել, ուրեմն որոշում իր համար ընդունել էր, եւ ասացի՝ որեւէ խնդիր չեմ տեսնում։ … Որոշակի առումներով մենք ընդհանուր ճանապարհ ենք անցել, բազմաթիվ տեղեր միասին ենք եղել, ՀՀՇ Սպանդարյանի շրջանային խորհուրդը, կարելի է ասել, միասին ենք ձեւավորել հենց սկզբից, հետո՝ Երկրապահ ջոկատը եւ այլն։ Կարծում եմ, որ մեկիս չառաջադրվելու պարագայում մյուսս կշահեր»։
Լ. Հարությունյանի կարծիքով էլ, եթե իր թեկնածությունը չառաջադրեր՝ «Զուրաբյանի համար հաղթելն առանձնապես դժվար չէր լինի։ Բայց սա գործ է, քաղաքականություն է, այստեղ խնդիրներ կան դրված, ոչ թե անձնական, այլ ընդհանրական խնդիրներ։ … Ես աշխատել եմ ընդհանրապես ոչ մի բացասական արտահայտություն Արարատ Զուրաբյանի հասցեին չանել, նույնիսկ, եթե իմ ներկայությամբ արել են՝ աշխատել եմ սաստել։ Եվ ոնց որ թե ինքն էլ առանձնապես ոչ մի այնպիսի հայտարարություն չի արել, որը կարող էր մեր հարաբերությունների վրա ազդել»։ Տարածված այն խոսակցությունները, թե ՆԳ նախարարության մի շարք աշխատակիցներ եւ «Միասնություն» դաշինքի ներկայացուցիչներն օգնում են Լ. Հարությունյանի ընտրվելուն, Լ. Հարությունյանը հերքեց հետեւյալ կերպ. «Որտե՞ղ է նկատվել նման բան, դա բացարձակ աբսուրդ է։ «Միասնություն» դաշինքը կոնկրետ Կենտրոն համայնքում ներկայացված է երկու թեկնածուով։ Ես, իհարկե, անկուսակցական եմ, բայց կարելի է ասել, որ «Հանրապետական» կուսակցությունը ոչ թե անմիջական, այլ ինչ-որ տեղ աջակցել է։ «Միասնությունն» ի՞նչ ձեւով կարող էր շահագրգռված լինել, որ ես անցնեի, եթե «Միասնության» մի թեւի ներկայացուցիչը պարոն Արարատ Զուրաբյանի հետ իրար գովալով ասում են, որ եթե ինքը չընտրվի՝ կուզենա Կանդայանը լինի։ Եվ Կանդայանն էլ հակառակն է ասում Զուրաբյանի համար»։ Արարատ Զուրաբյանի կարծիքով՝ Լ. Հարությունյանի նկատմամբ որոշակի հովանավորություն կար եւ «ՆԳ նախարարության առանձին աշխատակիցներ, որոնց ես լավ ճանաչում էի, օգնում էին նրան՝ ընտրվելու»։
Մի քանի ընտրատեղամասեր այցելեցի, որեւէ անախորժություն, միջադեպ չէր եղել, միայն Աբովյանի անվան դպրոցում տեղակայված տեղամասի հանձնաժողովի նախագահն ասաց, որ հանձնաժողովի ներսում հակառակորդ թեկնածուների ներկայացուցիչներից ինչ-որ լարվածություն էին ստեղծել։ Լարվածություն ստեղծել էին Լ. Հարությունյանի կողմնակիցները։ Նախնական տվյալներով (ըստ ստացված արձանագրությունների) Կենտրոն համայնքի թաղապետի թեկնածուների ստացած ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ Ա. Զուրաբյան՝ 7155, Լ. Հարությունյան՝ 4874, Ռ. Կանդայան՝ 3210, Ա. Հայրապետյան՝ 2197, Ա. Գեւորգյան՝ 1261։ (Մոտ 800-ից ավելի քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, մոտ 1500-ը քվեարկել են՝ «բոլորին դեմ»)։ Ընտրությունների օրը ժամը 18.00-ի դրությամբ թեկնածու Արայիկ Հայրապետյանի կենտրոնական շտաբի դռները փակ էին. խոսակցություն կար, որ գիտակցելով իր պարտությունը՝ նահանջում է։
Կարդացեք նաև
Ա. Զուրաբյանը մեր զրույցի ընթացքում ասաց նաեւ, որ իր մրցակից եւ վաղեմի ընկեր Լ. Հարությունյանի հետ պայմանավորվել են, որ «Ցանկացած պարագայում, հաջորդ օրը, նայած, թե ով կհաղթի, մյուսը գնա եւ շնորհավորի»։
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ