«Ընտրական օրենսգրքի» 139-րդ հոդվածի համաձայն, պատասխանատվություն է ենթադրում «քվեարկության եւ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելը»։ Հազիվ թե Կենտրոն համայնքում արդեն իսկ հաղթած թեկնածուն որոշի իրագործել այդ դրույթը «Գոլոս Արմենիի» եւ «Հայոց աշխարհ» թերթերի նկատմամբ, որոնք հոկտեմբերի 23-ին հակաքարոզչություն էին տարածել Արարատ Զուրաբյանի նկատմամբ։ Բացի այդ, այդ հոդվածներին լիովին փոխհատուցում էին, որ ոչ քվեարկության, ոչ էլ դրա նախորդ օրը կոնյակի գործարանի տանիքից չանհետացավ «Արարատ» անվանումը, նույնանուն գյուղը դարձյալ Դավալու չվերանվանվեց եւ ակնհայտ քարոզչության այլ դրսեւորումները։
ՎԱՏ ԼՈՒՐ
Ավիացիայի բնագավառում անցկացվող բարեփոխումներն արդեն տալիս են առաջին տհաճ արձագանքները։ Ըստ հավաստի աղբյուրների, անցյալ հինգշաբթի օրը, իր աշխատասենյակում ինֆարկտից մահացել է «Զվարթնոց» օդանավակայանի իրավախորհրդատուն։ Վերջինս վերադարձել է արձակուրդից, եւ իր աշխատասենյակում տեսել իրեն փոխարինողին։ Եթե իրավաբանի համար աշխատանքից ազատվելը կարող է այսպիսի հետեւանք ունենալ, ապա դժվար չէ կռահել, թե որքան ծանր կտանեն նման փաստը աշխատանքից ազատվող օդաչուներն ու մասնագետ-ավիատորները, որոնք այլ տեղում աշխատանք փնտրել անգամ չեն կարող։ Եվ որքան էլ ավիացիայի վարչության լրատվության պատասխանատուն պնդում է, որ օդաչուներին աշխատանքից չեն հեռացնելու, այնուամենայնիվ, այդ դեպքում էլ տարակույս է հարուցում այն փաստը, որ բոլոր աշխատակիցներին անխտիր բաժանվել են աշխատանքից ազատման զգուշացում-թերթիկներ։