ՀՀՇ-ից մնացած բարի ավանդույթ կա՝ եթե ցանկանում ես վարկաբեկել ինչ-որ մեկին եւ շուտ ազատվել, պաշտոն տուր նրան։
Ցանկալի արդյունքին հասնելու համար ամենաճիշտը գյուղապետի պաշտոնն է։ Նշանակումից ոգեւորված գյուղապետի համար ստեղծվում են հրաշալի պայմաններ՝ անարգել օգտվելու տեղական բյուջեից եւ հողային ռեսուրսներից։ Ընտրությունից ընտրություն գյուղապետին հնարավորություն է տրվում մեկ անգամ եւս վայելել իր իշխանության պտուղները, մինչեւ վարչապետի հերթական ելույթը։ Ելույթից պարզվում է, որ հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների պատճառը, ընդհուպ Անուշի ինքնասպանությունը, գյուղապետերն են։ Վերջիններս վարչապետի բարկացած ձայնից ու նրանց ուղղված սարսափելի հայացքից քարանում են եւ հոգեբանորեն նախապատրաստվում վատթարագույնին. «Հիմա կսկսի ծեծել»։ Բայց գյուղապետ լինելն այնքան էլ սարսափելի չէ. դա է ցույց տալիս պատմությունը։ Օրինակ՝ վաղը քանի-քանի հնարավոր գյուղապետ է մասնակցելու ընտրություններին։ Եվ հետաքրքիրն այն է, որ ինչպես թաղապետերի թեկնածուները, նրանց մեծ մասն էլ այս ու այն կողմ կոկորդ է պատռում, որ իրենց մեջքին «Միասնությունն» է։ Հնարավոր տարբերակ է, որ «Միասնությունը» բոլոր ցանկացողներին խոստանա իր աջակցությունը մոտավորապես այս կերպ. «Հոգով ձեզ հետ ենք»։ Սակայն դաշինքի կարկառուն դեմքերից մեկն «Առավոտին» ասաց. «Մենք գյուղապետերի համար որոշում չենք կայացրել, քանի որ լուրջ չենք նայում։ Եթե, իհարկե, գյուղը շատ մեծ չէ»։
Գյուղապետեր, ամեն դեպքում, որոշ երջանիկներ կդառնան։ Ու թեեւ նրանք, անկախ ամեն ինչից, վախենալու են վարչապետից, բայց դա վարչապետին չի ազատում շարունակել սիրել սպառնալիքի ժանրը եւ այն գործածել հատկապես գյուղապետերին սարսափեցնելու նպատակով։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ