Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Պետրոս Մաքեյանը նախորդ խորհրդարանում ղեկավարում էր օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը։ Համանման մի հանձնաժողով ստեղծվեց նաեւ նոր խորհրդարանում։
Պետրոս Մաքեյանն այս հին ու նոր հանձնաժողովները էականորեն տարբեր համարեց. իրենց ուսումնասիրության նյութն առավել ընդգրկուն էր՝ 1992-98-ի վարկային բոլոր ծրագրերը, իսկ այժմ միայն 1992-95-ին էներգակիրներին առնչվող խնդիրներն են հետազոտվում։ Ընտրությունը, նրա կարծիքով, միտումնավոր է. «1992-ին էական ոչ մի չարաշահում չի եղել։ Էներգակիրների վերաբերյալ հիմնական խնդիրները 1993-94 թվականներին են վերաբերում»։ Չնայած նաեւ նշեց, թե այդ նույն տարիներին էներգակիրների «մեծագույն չարաշահումներ են եղել, որոնց հիմնական դերակատարներն այսօր բարձր պաշտոնների են՝ նախարար, վարչությունների եւ իրավապահ մարմինների ղեկավարներ»:
Պրն Մաքեյանը վստահ էր, թե այստեղ «ԱրմենՏելի»՝ նախագահին առընթեր հանձնաժողովի սցենարն է գործում. «Քանի որ այդ գործարքը վերջնական լուծումը ստացավ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, գործը փակելու լավագույն տարբերակն իր մարդկանց միջոցով այդ հարցը լուծելն էր։ Այս հանձնաժողովի սցենարն ու նպատակն էլ նույնն է, որ չհրապարակվեն 1997-98 թթ. էական խախտումները»։ Նա իրենց ուսումնասիրությունների հիման վրա հայտնեց, թե «վարկերի յուրացումների սկիզբը հիմնականում 1994-ն էր եւ ծաղկուն շրջանը 1997-98 թվականները, երբ վարչապետ էր Ռոբերտ Քոչարյանը ու հետո նախագահ դարձավ»: Մեր խնդրանքով որոշակիացրեց, թե խոսքը մասնավորապես «Մայրուղիների վարկի մասին է, որի հիմնական դերակատար Հենրիկ Քոչինյանն այսօր մարզպետ է»։ Նշեց նաեւ «Գյուղատնտեսական մեծածախ շուկայի» ընդհատված վարկային ծրագիրը, եւ որպես «ամենահանցավորն» առանձնացրեց 1998-ին ցորենի գնման վարկը, որով «Միկա-Արմենիան» միանգամից, մի գործարքով մոտ 5 մլն դոլարի շահույթ ապահովեց»։
«Իմ համոզմամբ, Ռոբերտ Քոչարյանն այսօր ուշադրություն է շեղում իր իշխանության ժամանակ ծագած վարկային խնդիրներից՝ ուղղությունը փոխելով նախորդ շրջանում կատարվածի վրա»,- Պետրոս Մաքեյանի այս պնդմանն առարկեցինք, թե գոնե վերջին հանձնաժողովի ձեւավորման կամ խնդիրների սահմանափակման գործընթացին հանրապետության նախագահը բոլորովին չի միջամտել եւ սա ամբողջությամբ Վազգեն Սարգսյանի նախաձեռնությունն էր։ Պրն Մաքեյանի հակափաստարկն էր. «Իշխանությունն արտաքուստ է երկգլուխ կամ եռագլուխ ներկայանում։ Իրենք իրար մեջ իրոք խնդիրներ ունեն աթոռների բաշխման հարցում։ Բայց գլոբալ խնդիրներում այդ երկգլուխ-եռագլուխը մեկ դեմքով է հանդես գալիս։ Եվ այս սցենարում նպատակն ընդհանուր է, որ իրենք կույսի պես ներկայանան եւ հնչեղություն փորձեն ապահովել նախկին իշխանություններին հանցանքների մեջ մեղադրելով»։
Կարդացեք նաև
Վարկային չարաշահումների մեջ նաեւ Պետրոս Մաքեյանի ղեկավարած հանձնաժողովն էր մի շարք պաշտոնյաների մեղադրել, որոնցից մեկը՝ Գագիկ Մարտիրոսյանը, այժմ կառավարության վարկային քաղաքականության խնդիրներով զբաղվող վարչությունն է ղեկավարում։ Այս նշանակումը պրն Մաքեյանը եւս բացասաբար գնահատեց. «Չնայած գիտեմ, որ նա փորձված աշխատող ու մասնագետ է, այնուամենայնիվ, խիստ աննպատակահարմար եւ վտանգավոր է այդ ոլորտի ղեկավարումը նրան հանձնելը։ Գագիկ Մարտիրոսյանի, Հենրիկ Քոչինյանի եւ շատ այլոց, որոնց անունները նշելու առիթ դեռ կունենանք՝ այդ կադրերի առկայության պարագայում երբեք հավատ չի ներշնչում, թե Վազգեն Սարգսյանն իր թիմով կկարողանա երկրի վիճակը շտկել։ Այդ պատճառով խիստ կասկածում ենք նրա խոսքերին»։
Սակայն վերադառնանք վարկերի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովներին։ Նորը ստեղծելիս ԱԺ-ում առաջարկներ էին հնչում, թե նախորդի եզրակացությունների վերաբերյալ պետք է դատախազության հստակ արձագանքին հետամուտ լինեն։ Հավատո՞ւմ է այդ հնարավորությանը Պետրոս Մաքեյանը. «Ես դրան կհավատայի, եթե երկրում այդ մթնոլորտը լիներ։ Այժմ դեռեւս պետություն կառուցելու մթնոլորտ չկա եւ ես ոչ միայն չեմ հավատում, այլեւ խիստ կասկածով եմ վերաբերվում այդ հնարավորությանը։ Չի՛ ստացվի, բացառված է»։
Ձեւավորված նոր հանձնաժողովի կազմի մասին էլ մեր հարցին ի պատասխան, թե իրենց պատրաստվածությունը եւ կարողականությունը կբավարարի՞ արդյոք թեկուզ 1992-95-ին էներգետիկ չարաշահումների վերաբերյալ բացահայտումներ անելու համար, պրն Մաքեյանն ասաց. «Անհամեմատ թույլ է, քան մեր կազմը։ Գտնում եմ, որ նախորդ կազմն ավելի փորձառու էր ե՛ւ գործադիր եւ օրենսդիր իշխանության մեջ աշխատանքի իմաստով»: Հակակշռելու համար նշենք, թե նոր հանձնաժողովում էլ առանձնապես մի լավ կարծիքի չեն նախորդի գործունեության մասին։ Ասենք, երեկ Մանուկ Գասպարյանն ասուլիսում հայտարարել էր, թե նախկին հանձնաժողովը որեւէ որոշակի փաստ չի հրապարակել՝ միայն քաղաքական ընդհանուր գնահատական է տվել։ Հին եւ նոր հանձնաժողովների համագործակցությունը հնարավո՞ր է. «Ես եւ մեր հանձնաժողովի անդամներից շատերը՝ Վահագն Խաչատրյանը եւ այլք, պատրաստ չենք համագործակցել, բայց անհրաժեշտ նյութեր կտրամադրենք՝ եթե մեր հասարակությանը օգուտ կտա։ Ի դեպ, այդ նյութերը նաեւ ԱԺ-ում են պահպանվել, այնպես որ, հայտնագործությունների կարիք չկա»։
Եվ վերջում. 1992-1995-ի ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովը վստահության հեռախոսահամար է հայտնել։ Թերեւս ակնկալում են, որ քաղաքացինե՞րը նաեւ պիտի հանցանքների մասին հայտնեն։ Արդյոք սա արդյունավե՞տ միջոց է՝ հարցին Պետրոս Մաքեյանը պատասխանեց. «Սա անհեթեթ է ու նաեւ ծիծաղելի։ Եթե նյութեր ես նախապատրաստում՝ պիտի փաստերի վրա հիմնված լինեն եւ ոչ հեռախոսազանգերի։ Մեր հանձնաժողովի եզրակացությունը հիմնված էր կառավարության իսկ ներկայացրած տեղեկանքներից քաղած փաստերի վրա։ Բայց եթե այդ եզրակացությունը որեւէ հետեւանք չունեցավ, ապա հեռախոսազանգերի վրա հիմնված ուսումնասիրությունն ի՞նչ հետեւանքներ կունենա»։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ